Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում, Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարներին: Նախարար Ուենդի Մորթնը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Միացյալ Թագավորությունը նախատեսում է հյուրընկալել Կլիմայի փոփոխության 26-րդ գագաթնաժողովը (COP26), որին ակնկալվում է նաև Հայաստանի մասնակցությունը: Նախարարը հետաքրքրվել է կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներով, ինչին ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ «կանաչ» մոտեցման կողմնակից է և մշտապես կարևորել ու կարևորում է բնապահպանությունը: Հայաստանի նախագահն այդ համատեքստում խոսել է Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարի մասին, որն ուղղված է լինելու նաև Երևանի կանաչ տարածքների ավելացմանը:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև նախագահական մի շարք այլ նախաձեռնություններ: Մասնավորապես անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow)-ին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախաձեռնության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ աշխարհի մի շարք խոշոր ընկերությունների, ինչպիսիք են IBM-ը, Siemens-ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, «Լեոնարդոն», ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ արդեն նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև բրիտանական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում հաջորդ տարի նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և նախարար Մորթնին հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին։