Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով Հանձնակատար Յոհաննես Հաանին: Կողմերը բարձր գնահատեցին անցած ամիսների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված բավական մեծ առաջընթացը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով պարբերական երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները:
Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին ՀՀ-ԵՄ բազմաշերտ օրակարգը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` որպես երկկողմ հարաբերությունները կարգավորող էական իրավական հիմքի կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն օգտակար գործիք է՝ խթանելու Հայաստանի կառավարության զարգացման օրակարգը՝ առանձնահատուկ շեշտադրում անելով երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդման վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը կարևորեցին ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ ծավալված համապարփակ քննարկումները:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը համակարծիք էին, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ հանգրվան է ամփոփելու նախաձեռնության ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործողությունները:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարքի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին և Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հանձնակատար Հաանին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: