Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 21:30
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անընդհատ պայքարում ենք ամեն նոտայի բացառիկ գեղեցկության համար․ Էդուարդ Թոփչյան

Կորոնավիրուսը խախտել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պլանները։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ հյուրախաղերի էին նախապատրաստվում ԱՄՆ, Մոսկվա և Պետերբուրգ, լավագույն դահլիճներում պետք է ելույթ ունենային, ինքն էլ, որպես դիրիժոր, մեծ նվագախմբերի հետ համերգներ ուներ, որոնք հանվել կամ հետաձգվել են։

Այս պահին հրավերներ չկան, նախորդ հրավերներից 2-ը 2020 թ-ին, ասում են, որ լինելու են։ Նվագախումբն էլ դեկտեմբեր-հունվար ամիսներին հրավեր ունի, որը դեռ հանված չէ, բայց Թոփչյանը մտածում է, որ դժվար թե պահպանվի։

Այս պահին նվագախումբն ակտիվ աշխատում է, ձայնագրելու են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները։

«Մենք լավ ենք, արդեն երկու համերգ տվեցինք։ Իհարկե, ես կուզենամ, որ վերադառնանք դահլիճ՝ ճիշտ ակուստիկայով, որովհետև բացօթյա, այնուամենայնիվ, շատ դժվար է, մենք անընդհատ պայքարում ենք ամեն նոտայի բացառիկ գեղեցկության համար, այստեղ այդ խոսակցությունները, պարզ է, որ փակվում են»,-ասաց նա։

Յուրաքանչյուր տեղ, որտեղ կա հնարավորություն, Հայաստանի ֆիլհարմոնիկը սիրով գնում և նվագում է՝ վստահեցրեց Էդուարդ Թոփչյանը։

«Չեմ կարող գլուխ գովալ, որ  մենք շատ հաճախ ենք դա անում, որովհետև միշտ ասել ենք՝ այստեղ համապատասխան դահլիճ չկա, այնտեղ դահլիճ չկա, բայց տեսեք՝ այստեղ անտառի մեջ, հիանալի մթնոլորտում բեմը կառուցել են և մենք նվագում ենք։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Թող Հայաստանի ամեն միլիմետրում այդպիսի համերգներ լինեն։ Մենք մշակութային ժողովուրդ ենք, բայց իրոք պետք է դառնանք մշակութային երկիր»,-ասաց նա։

Հայաստանում Էդուարդ Թոփչյանը լավ փոփոխություններ է զգում․ «Օրինակ, հիմա Հայաստանի ամբողջ ստեղծագործական կոլեկտիվների աշխատավարձը դարձավ պետական՝ այն մասը, որ հովանավորություններից էր տրվում և կոլեկտիվները ամիսներով սպասում էին»։

Նա նշեց, որ պետական բոլոր կոլեկտիվները՝ համաճարակի պայմաններում, տանը նստած, իրենց աշխատավարձերը ստացել են։

«Անշուշտ գիտեմ, որ կան անկախ արվեստագետներ, որոնք դժվարությունների մեջ են, նրանց էլ երևի պետությունը կօգնի, որովհետև ուզում են»,-ասաց Էդուարդ Թոփչյանը։

Տավուշի մարզի Բերդ համայնքի դենդրոպարկում՝ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով բացօթյա համերգից հետո կազմակերպված մեր հարցազրույցի ժամանակ նա խոսեց նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի, կրակոցներից տուժած բնակիչների համար համերգների կարևորության, նվագախմբի խնդիրների և լուծման իր առաջարկների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով։

Աննա Բալյան