կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 14:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ. Կոնստանտին Զատուլին

Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, անհրաժեշտ է համարում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առջև, ապա նա դրա իրավունքն ունի, բայց ես չեմ լսել, որ Հայաստանը բարձրացրել է այդ հարցը. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի խախտումներին և դրանց ՀԱՊԿ-ի արձագանքմանը: «Դուք հիմա դրա մասին բարձրաձայնում եք, բայց պաշտոնական Հայաստանն այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասաց նա՝  հավելելով, որ գուցե սահմանին իրավիճակն այնքան էլ լուրջ չէ, որ Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը:

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն և հարձակման դեպքում գործի կդրվեն մեխանիզմներ: «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, և Հայաստանի վրա հարձակման դեպքում կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ տարածքում է ռուսական 102-րդ ռազմաբազան, ինչն անիմաստ չէ և գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»,- նշեց նա:

«Ես լսում եմ, որ ՀՀ վարչապետը Արցախի տարածքում հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է, և վերջ: Ադրբեջանի  նախագահն էլ իմ և այլոց  ներկայությամբ  հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան: Այնպես որ՝ իրականությունը բոլորի համար տարբեր է»,-  ասաց Կոնստանտին Զատուլինը: