Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 11:58
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա այն վիճակը չէ, որ ներսում կարողանանք ինչ-որ խաղել տալ․ Սամվել Բաբայան

Տարածաշրջանում հիմա այն վիճակը չէ, որ ներսում կարողանանք ինչ-որ խաղել տալ, չի լինելու դա, մենք չենք գնում այդ ճանապարհով, մենք գնում ենք զուտ ծրագրային զարգացման. ըստ Yerkir.am-ի՝ ասաց Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Այսպես նա մեկնաբանեց խոսակցությունները, թե ԱԽ-ն Արցախում երկրորդ իշխանություն կարող է դառնալ։

«ԱԽ-ն նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի ծրագրային ռազմավարությունը։ ԱԽ-ն երկրորդ իշխանություն լինել չի կարող: Մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել և անցնել առաջ։ Մենք այսօր այն վիճակում չենք, որ կարողանանք նման շռայլություն մեզ թույլ տալ»,- ասաց Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ 2020-2025 թթ. հուշագիր են ստորագրել, նախագահի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներ, որտեղ Անվտանգության գրասենյակը ծրագրեր է իրականացնում։ Մինչև Նոր տարի պետք է կարողանան այդ ամբողջ ծրագիրը ներկայացնել, որն էլ հիմք է բյուջեի։ «Անվտանգության խորհուրդը զբաղվում է այդ գործունեությամբ, ուրիշ ոչնչով»,- վստահեցրեց նա։

Բաբայանը հերքեց նաև խոսակցությունը, որ մտել են ոլորտ, կրճատումներ են անում։ «Իրականությունը դա չէ, իրականությունն այն է, որ եթե տվյալ նախարարը չի կարողանում հիմնավորել՝ տվյալ բաժինն ինչով է զբաղվում, քանի հոգի են, կամ բաժին է ձևավորում 3 հոգանոց, որ երկու թուղթ այս մի բաժինն է ստանում, երկու թուղթ՝ այն մեկը, կարող ենք օպտիմալացնել, դարձնել մեկ բաժին»,- ասաց նա։

Բանակի մասով Սամվել Բաբայանը վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով ծրագիր է մշակվում իրենց կողմից․ «Հեշտ չէ, քանի որ մեկ տեղից չի կառավարվում, որ իմանանք ինչ ենք անում, բայց փորձում ենք առաջ տանել բանակի զարգացումը»։

Արտաքին քաղաքական ոլորտի մասին ասաց, որ որևէ աշխատանք չի տարվել, որևիցե գործունեություն արված չի եղել։ «Ասում ենք՝ մենք Ադրբեջանի կազմում չենք եղել, հենց ասում են՝ դե հանեք, հիմնավորեք, ոչ մի փաստաթուղթ չկա, ոչ մի աշխատանք արված չէ։ Հիմա մեծ աշխատանք ենք տանում»,- ասաց Սամվել Բաբայանը։

Նա վստահեցրեց, որ նոր տարում արդեն բոլորի համար պարզ կլինի՝ ինչ են անում։

Մանրամասն՝ տեսանյութում: