Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի սեպտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի ավարտական հանդիսությունը:
Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ներկա էին Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր ծառայողներ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը և Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և ուրիշներ: Եկեղեցու սրահում հավաքվել էին նախակրթարանի սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, համայնքի ղեկավարությունը, հյուրեր տարբեր տեղերից:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Եկեղեցու կամարների տակ տիրում էր տոնական տրամադրություն:Երեխաները հանդես եկան իրենց սովորած երգ ու պարով, արտասանություններով: Ներկայացվեցին ուսուցիչների ջանքերով և երեխաների մասնակցությամբ իրականացված բեմադրություններ՝ նախակրթարանից դեպի դպրոցական կյանք ուղղորդմանը նվիրված մանրապատումների թեմայով:
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Թադեոս քահանան: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետն իր օրհնւթյունը բաշխելով ներկաներին, գնահատեց նախակրթարանի տնօրեն Նարինե Տեր-Մկրտչյանի, մանկավարժներ Սյուզի Նորվարդյանի, Լուսինե Հովհաննիսյանի և պարուսույց Քնարիկ Քուրդօղլյանի անմնացորդ նվիրումը երեխաների դաստիարակության սուրբ գործին: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև ծնողներին, ովքեր ամեն օր տարբեր համայնքներից, իրենց երեխաներին բերում են Արակովայի «Խրիմյան հայրիկ» նախակրթարան՝ կրթելու, դաստիարակելու և գեղագիտական ունակությունները զարգացնելու նպատակով: Այնուհետև թեմակալ առաջնորդի օրհնությամբ և ձեռամբ նախակրթարանի 11 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ, սրբապատկերներ և խաչեր:
Միջոցառման ավարտին գյուղի ղեկավարության կողմից կազմակերպվեց մատաղով հյուրասիրություն: Իսկ նախակրթարանի մանկավարժների և ծնողների նախաձեռնությամբ կատարվեց երեխաների հյուրասիրւթյուն տոնական տորթով: Ծնողներն, ի նշան երախտագիտության, մանկավարժներին նվիրեցին ծաղիկներ:
Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» նախակրթարանը գործում է 2008 թվականից: Ներկայումս այստեղ երգ,պար, արտասանություն, հոգևոր դաստիարակություն և նախնական ուսումնական գիտելիքներ են ստանում ինչպես Արակովայի, այնպես էլ Գոման, Կորխ, Թոթխամ գյուղերից եկող 25 երեխաներ:
Նախակրթարանը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսելուն: