կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 20:15
Սպորտ

Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքակնի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ըստ նրա, դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:  Գոռ Մելքումյանը հավելել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը հնգօրյա ժամկետում։

Ներկայումս դատարանը քննում է Էդգարի եղբոր՝ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ:

Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի  ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: