Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգված լինելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի եւ ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ
ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.
«Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի («ՖԻԴԵ») կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի եւ ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:
Մասնավորապես, Հայաստանի դեպքում «ՖԻԴԵ»-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետեւյալ փաստարկով.
«Համացանցի կապի որակի եւ կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն եւ բարձրացրել նաեւ որոշ հարցեր, «ՖԻԴԵ»-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք:
Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան եւ ի վերջո «ՖԻԴԵ»-ն չհետեւեց իր նախադեպին եւ Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերխաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, «ՖԻԴԵ»-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Հնդկաստանը:
Մենք դա համարում ենք անարդար եւ ոչ հետեւողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է «ՖԻԴԵ»-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:
Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի եւ առաքելության մեջ «ՖԻԴԵ»-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ «ՖԻԴԵ»-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին եւ, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին եւ կձեռնարկի բոլոր հետեւողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը եւ կմիավորեն շախմատային աշխարհը»։
Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանն էր: Առաջին իսկ փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան։ Օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է առաջացել, ինչի պատճառով Մարտիրոսյանը չի կարողացել քայլ անել։
«Որպես շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն` ես շատ դժգոհ եմ ՖԻԴԵ-ի ՝ մեր բողոքը մերժելու որոշումից։ Հնդկաստանի հետ մեր հանդիպումը Հայկ Մարտիրոսյանը տանուլ տվեց ցանցից անջատվելու պատճառով։ Մենք ապացուցել ենք, որ մեր կապը կայուն է եղել»,–Twitter–ի իր էջում գրել է Արոնյանը։
Դրանից հետո Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը Armsport.am–ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց շախմատի օլիմպիադայից:
Հիշեցնենք` օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։
Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։
Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։
Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։