կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-31 15:35
Սփյուռք

Մի քանի դիտարկում Իրան-ԱՄՆ դիւանագիտական դիմակայութեան մասին

Մի քանի դիտարկում Իրան-ԱՄՆ դիւանագիտական դիմակայութեան մասին

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տեւական ժամանակ է, ինչ վերածւել է Իրան-ԱՄՆ դիւանագիտական պայքարի հարթակի:

Դիմակայութիւն, որի այս հանգրւանում Իրանին յաջողւել է ապահովել որոշակի դիրքային առաւելութիւն: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

Ա. Իրանի նկատմամբ զէնքի էմբարգոն երկարաձգելու նպատակով ԱՄՆ նախաձեռնած քայլերը միանշանակ ձախողւել են: Դեռ աւելին, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում յայտնւել է այնպիսի մեկուսացած պայմաններում, որն իր նախադէպը չի ունեցել Կազմակերպութեան ողջ պատմութեան ընթացքում:

Նման իրավիճակը հիմնականում պայմանաւորւած է Սպիտակ տան վարած չհաշւարկւած, չափազանց ագրեսիւ եւ կամք թելադրող դիւանագիտութեամբ, որն ակնյայտ սպառնալիք է ուղղւած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին, եւ կարող է լուրջ մարտահրաւէրներ առաջացնել տարածաշրջանային եւ միջազգային կայունութեան եւ անվտանգութեան համար:

Հէնց այս հանգամանքից ելնելով էլ, ԱԽ անդամ 15 պետութիւններից 13-ը, այդ թւում, նաեւ, ԱՄՆ արեւմտեան դաշնակիցները կտրականապէս դէմ են Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի (Միջուկային համաձայնագիր) շրջանակում վէճերի կարգաւորման մեխանիզի (Ձգանի մեխանիզմ) գործարկման մասին ԱՄՆ ներկայացրած պահանջին, որը ենթադրում է Իրանի դէմ սահմանւած ԱԽ բոլոր պատժամիջոցների վերականգնումը:

Բ. Նման իրավիճակը մեծապէս պայմանաւորւած է նաեւ Իրանի վարած գործապաշտ եւ հաւասարակշռւած դիւանագիտութեամբ, որը փաստօրէն զինաթափել է ամերիկացիներին:

Միջազգային դիւանագիտութեան ասպարէզում կան խաղի ընդգծւած կանոններ, որոնք պարտադիր են բոլորի, այդ թւում՝ ԱՄՆ-ի համար: Պաշտօնական Թեհրանում լաւ գիտեն այդ մասին, եւ փորձում են տեղաւորւել խաղի այդ կանոնների սահմաններում՝ գործելով սառնասիրտ: Մինչդեռ ամերիկացիները տրամագծօրէն հակառակ վարւելակերպն են կիրառել, որն էլ, բնականաբար, հակառակ էֆեկտն է ունեցել:

Գ. Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Իրանի համար ներկայ պահին առաջնային նշանակութիւն չունի Անվտանգութեան խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հնարաւոր հեռանկարը:

Իրանը ներկայ դրութեամբ էլ գտնւում է տարաբնոյթ պատժամիջոցների տոտալ ճնշման ներքոյ, իսկ փորձը ցոյց է տւել, որ Թեհրանում չեն պատրաստւում ընկրկել դրանց առջեւ:

Թեհրանում սառնասրտօրէն հետեւում են զարգացումների ընթացքին: Մանաւանդ, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկման եւ պատժամիջոցների վերականգնման դէպքում, Իրանը սեղանի վրայ ունի մի քանի տարբերակ, որոնցից ամենահաւանականը եւ, անշուշտ, ազդեցիկն իր ողջ թափով միջուկային ծրագրի ամբողջական վերականգնումն է: Տարբերակ, որից ցանկացած գնով փորձում է խուսափել միջազգային հանրութիւնը:

Իրանի դիրքային այս առաւելութիւնն իհարկէ, դեռեւս ոչինչ չի նշանակում: Չպէտք է մոռանալ, որ կողմերի դիւանագիտական այս դիմակայութեան վերջնախաղը դեռ առջեւում է: Թէ՛ Թեհրանում, թէ՛ Վաշինգտոնում դա լաւ են գիտակցում:

Դիրքային առաւելութիւնը անհրաժեշտ է նիւթականի վերածել, իսկ դրա համար հարկաւոր է խուսափել հնարաւոր սխալներից եւ բացթողումներից: Խաղադրոյքն արւած է հակառակորդի հնարաւոր սխալի/սխալների վրայ:

Այնպէս, որ մեզ լարւած վերջնախաղ է սպասւում: Հետաքրքիր, եթէ չասենք շրջադարձային իրադարձութիւնները դեռ առջեւում են:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Alikonline.ir