Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ ներկայացվեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, մենք ուսումնասիրեցինք այն և Հայոց պատմության ամբիոնը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Նշեցինք մեր կողմից անընդունելի մոտեցումներն ու դրույթները, թեև պետք է ասեմ, սկզբում մտածում էինք, թե հարցը միայն գիտական ոչ ճիշտ մոտեցումներին է վերաբերում, բայց պարզվում է իրականություն ավելի սարսափելի էր, քան կարծում էինք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ով ներկայացնելով մի շարք հիմնարար առարկություններ, հրապարակավ քննադատեց «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։
Արտակ Մովսիսյանն ընդգծում է՝ պարզվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը մշակվել է տարիներ շարունակ թուրքերի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հիմնադիր Լիլիթ Մկրտչյանի ղեկավարության ներքո. «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է, մասնակցում է աննախադեպ մի նախագծի՝ Եվրոպական միության հովանավորությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրին, որի նպատակն է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու հեռանկարին, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու հեռահար նպատակին։ Փաստորեն ստացվում է, որ նույն Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է դպրոցական դասագրքերի նոր չափորոշիչների մշակող խմբի ղեկավարն է, նույն անձը, ով չորս թուրք կոլեգաների հետ միասին, հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») խայտառակ գրքը։ Պարզվում է այն մասին, որ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է այս խայտառակ աշխատության անդամ, մեզ մոտ գաղտնի է պահվել։ Պարզվում է նաև , որ ըստ այդ ծրագրի, մեր դպրոցական դասագրքերում առկա բոլոր հայրենասիրական դրվագները ներկայացվում են իբրև ազգայնական, միլիտարիստական երևույթներ, դասագրքերում ադրբեջանցիների մասին պատմող դրվագներում թշնամի բառի օգտագործումը ներկայացված է իբրև մարդասիրական դրսևորման գործոն և այլ տեսակի անհասկանալի ձևակերպումներ։ Ամբողջ խայտառակությունն այսքանով չի ավարտում։ Պարզվում է այդ աշխատության առաջին մասում ներկայացված են թուրքական դասագրքերի չափորոշիչները, իսկ երկրորդ մասում հայկական դասագրքերի հեղինակներին բերում հավասարեցնում են թուրքերի հետ։ Աշխատության երրորդ մասը բաղկացած է մի ձեռնարկից, որը սովորեցնում է, թե ինչպես պետք է դասագրքեր կազմել ՝ Հայաստանի և Թուրքիայի դպրոցների համար։ Ստացվում է, որ այսօր մեզ մոտ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծ մշակողներն, իրենց արևին, դարձել են խաղաղարարներ և իրենց կազմած դասագրքերով որոշել են հաշտեցնել հայերին ու թուրքերին, հայկական կողմի դասագրքերից հանելով թշնամի տերմինը, պրոպագանդելով, որ թուրքերն այնքան էլ վատը չեն, շոշափելով նաև հայերի ու թուրքերի, այսպես ասած, եղբայրության գաղափարը և այսպիսի անհեթեթ բաներ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատության հեղինակային կազմի վրա, որից չորսը ազգությամբ թուրք են, իսկ հայկական կողմից ներկայացված են դպրոցական դասագրքերի նոր չափորոշիչների մշակող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, սորոսական հայտնի պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, և Նվարդ Մանասյանը, ով է ՅՈւՆԻՍԵՖ-ի գենդերային հավասարության ծրագրի համակարգողն է։ Տպավորություն է, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները գրվել են Թուրքիայի անմիջական միջամտությամբ, իսկ սա դավաճանություն է, քաղաքական դավադրություն, ուրիշ անուն հնարավոր չի տալ։ Թուրքերի հետ չափորոշիչներ են մշակել և բերել մեր դպրոցական երեխաների գլխի՞ն են ուզում կապել...»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը՝ ստեղծված իրավիճակում, ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պատասխանում է՝ ակնհայտ է, որ մեր դպրոցները թուրքական հարձակման են ենթարկվում և դա արվում է ներսի թշնամու բացահայտ աջակցությամբ. «Ես Լիլիթ Մկրտչյանի անձի դեմ ոչինչ չունեմ։ Շատ լավ եմ ճանաչում նրան, մեր ուսանողն է եղել, միջին գիտական կարողությունների տեր անձնավորություն է։ Բայց մեր պատմության հետ կապված առարկաների խայտառակ բացահայտումներից հետո, ասել այլ բան, քան այն, որ սա պետական դավաճանություն է, հնարավոր չէ։ Այս ամենն անողները նախ պարտավոր են բացատրություններ տալ՝ թե ի՞նչ հիմքով են առաջնորդվել, այսպիսի չափորոշիչներ մշակելիս։ Բացատրություն պետք է տան նաև մեր դպրոցի չափորոշիչներն այս դավաճանության հեղինակներին հանձնողները։ Այս պահին չէի ցանկանա ընտրողաբար օրինակներ ներկայացնել, բայց կուզենայի հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ կամ ի՞նչ պատճառաբանությամբ է Հայոց պատմության դասագրքերից դուրս գալիս, օրինակ, «Առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը» թեման։ Շուտով ինքս հանդես կգամ այս հակահայկական գործարքի արդյունքում ստեղծված “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») խայտառակ գրքին, որտեղ մեկ առ մեկ տող առ տող ցույց կտամ այն աղավաղումները, որ կատարվել են հայկական դպրոցական գրքերի չափորոշիչները կազմելիս»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները: Վերոհիշյալ առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան