|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:
Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար: