Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին: Նրանք կոչ են անում նպաստել Արցախում կրակի, ինչպես նաև Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Փոխնախարարը զետեղել է բաց նամակի բովանդակությունը, որում ասվում է, որ դեռ 2016 թվականի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Բունդեսթագի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և ափսոսանք հայտնեցին Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ:
Նամակում շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է. Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: «Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք ձեզ կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական իրավիճակի վրա ակտիվ ազդեցություն գործելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-ասվում է նամակում:
Հեղինակները Բունդեսթագի պատգամավորներին կոչ են անում աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին:
«Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»,- շեշտել են նրանք: