Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը:
Մայիսի 6-ին տեղի ունեցած Հայկական տաղավարի բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ:
Հայաստանյան տաղավարի պաշտոնական բացման խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հ․ Պողոսյանն ասել է. «Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն մեծ խորհուրդ ունի ոչ միայն համայն հայության, այլ նաև ողջ մարդկության համար: Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն անպատիժ մնալով, դարձավ այլ ցեղասպանությունների նախադեպ: Ճիշտ է, թեև մինչև հիմա այն դատապարտված ու պատժված չէ, բայց այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ վերապրել ու գոյատևել: Յուրաքանչյուր ազգ իր իմաստավորված գոյությամբ արժևորում է իր ներկայությունը ժամանակի մեջ: ԱՆշուշտ, մենք միշտ գնահատում ու մեծարում ենք դասական արվեստագետների հավերժական դարձած գործերը, սակայն գիտակցում ենք, որ կյանքն առաջ է ընթանում և այսօր մեր կողքին ստեղծագործող ժամանակակից նկարիչն ապագայի մեր դասականն է դառնալու: Վենետիկի 56-րդ միջազգային բիենալեում հավաքված «Հայությունը» համոզված է, որ արվեստն իր ապագայի երազն է, և անցյալի իր չդադարող ու անընդմեջ շարունակվող հիշողությունը»:
Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատարակությունը իրականացրել է հանրահայտ իտալական «Սկիրա» («SKIRA») հրատարակչությունը:
Հայկական տաղավարի բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ տաղավարը ներկայացնող բոլոր արվեստագետների մասնակցությամբ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը բիենալեում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը:
Հայաստանի տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության, համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն է:
Վենետիկի բիենալեն կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 22-ը: