Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Անցնող շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին Yerkir.am-ը զրուցել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ մեսիջներ հղեց Ադրբեջանը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ ձեռնարկելով։
- Ադրբեջանի մեսիջները ինչպես եղել են երեսուն տարի, այդպես էլ մնում են, ոչինչ չի փոխվել, սակայն այս անգամ, ինչպես և կանխատեսվում էր, սահմանային լարվածությունը ոչ միայն որոշակի դիրքային առավելություններ իրականացնելու համար էր, այլ ուներ ներքին քաղաքական կյանքի լարվածություն, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանում ներքին քաղաքական կյանքը բավականի բուռն է՝ չլսված և չտեսնված իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից մեկը հանրության կողմից իշխանությունների հրաժարականի պահանջն է։ Որպես հստակ ուղերձ՝ Ադրբեջանի նպատակն էր կարողանալ ամրագրել կամ ունենալ իրենց համար ցանկալի դիրքեր, որոնց միջոցով կարող են վերահսկողություն իրականացնել հայկական դիրքերի և բնակավայրերի նկատմամբ։
-Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի վարքը այս ժամանակահատվածում։
-Թուրքիան մշտապես առաջնային պլան է մղել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և նույնիսկ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու դեպքում ևս նախապայմաններից մեկը հանդիսանում է արցախյան հիմնահարցը։ Սակայն, ի տարբերություն մնացած դեպքերին, ինչպես օրինակ, 2016 թվականը, Թուրքիայից երբեք նմանատիպ մեսիջներ չեն հնչել, նույնիսկ մեկ օրվա մեջ Թուրքիայից հնչեց չորս հայտարարություն՝ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Մյուս կողմից այս հայտարարությունների հասցեատերը ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն էր, այլ Ռուսաստանն ու Իրանը։ Թուրքիան փորձ էր կատարում, օգտվելով առիթից, հասկացնել, որ ինքը ցանկություն ունի այս տարածաշրջանում ևս ընդգրկված լինել որպես խաղացող, բայց պետք է ասեմ, որ չնայած հնչեցին հայտարարություններ, դրանք լռեցվեցին։
-Նկատի ունեք Ռուսաստանի՞ արձագանքը։
-Այո, Ռուսաստանը հայտարարություններ արեց, միջնորդական դերակատարության նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և Թուրքիայի ախորժակը այս անգամ ևս զսպվեց։
-Որքանո՞վ եք հավանական համարում, որ հարաբերական անդորրից հետո Ադրբեջանը նորից ռազմական սադրանքների կդիմի։
-Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը համակերպվել է այն մտքի հետ, որ հայկական կողմը հաղթանակ է տարել։ Լարվածություն մտցնելու առումով հավանականությունը համարում եմ մեծ, քիչ հավանական եմ համարում լայնածավալ գործողությունները, նկատի ունեմ թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության ողջ երկայնքով։ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ ռազմական լայնածավալ գործողությունների գնալը կլինի իր իշխանության վերջը, որովհետև ռազմական գործողությունների ժամանակ շատ դժվար է լինելու զսպել ներքին քաղաքական պոռթկումները, դրա վառ ապացույցը այս ռազմական գործողությունների ընթացքում Սումգայիթում և Բաքվում այլ պահանջով սկիզբ առած ցույցերն էին, որոնք ավարտվեցին բոլորովին այլ պահանջով՝ հակակառավարական կոչերով, սակայն հենց այդ նույն ներքին քաղաքական կյանքում ևս որոշակի վերահսկողություն սահմանելու համար Ադրբեջանը կրկին գնալու է ռազմական արկածախնդրության, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռի սահմանի վրա և, ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելով հանդերձ, չեզոքացնի քաղաքական նկրտումները։
-Տեսանք, որ հայկական բանակը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը։
-Բազմաթիվ օտարերկրյա միջազգային փորձագետներ արդեն սկսել են իրենց դրական կարծիքն արտահայտել բանակի նկատմամբ։ Իսկապես, բանակն իրեն դրսևորեց գերազանց, քանի որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվեցին այնպիսի զինատեսակներ և տեխնիկական սարքավորումներ, որոնք չէին օգտագործվել նույնիսկ 2016 թվականին։ Մենք կարողացանք ԱԹՍ-ներին տալ արժանի հակահարված անգամ կարողացանք որոշ դեպքերում դրանք ցած իջեցնել։ Մենք նաև կարողացանք շատ ճշգրիտ թիրախային կրակոցով լռեցնել բոլոր կրակային կետերը։ Սա բացարձակապես խոսում է Հայաստանի բանակի մարտունակության և գրագիտության մասին։