կարևոր
7519 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 11:55
Քաղաքական

Արցախը հանձնելու մեջ մեկ հանցավոր գոյություն ունի, եւ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Արցախը հանձնելու մեջ մեկ հանցավոր գոյություն ունի, եւ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Հրապարակի» զրուցակիցը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է։

– Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ուժի սպառնալիքի ներքո հրաման է ստորագրել՝ Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հրամանագրի վերաբերյալ։

– Մենք հասկանում ենք այն պատճառները, որոնք նախագահը բացատրել է, թե ինչու է ստորագրել այդպիսի բան, սակայն մենք համոզված ենք, որ այդպիսի հայտարարությունը ոչ մի իրավական ուժ չունի, եւ, բնականաբար, մենք պայքարելու ենք, որ վերականգնվի Արցախի Հանրապետությունը։

– Բողոքի ցույցերի ֆոնին իշխանության ներկայացուցիչները Դաշնակցությանն են մեղադրում, ասում են՝ մի անգամ իշխանությունը հանձնվեց Դաշնակցությանը, իրենք էլ հանձնեցին Ադրբեջանին՝ նկատի ունենալով Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

– Նախ՝ դա բացարձակ սուտ է եւ դա, բնականաբար, իշխանության տակտիկայի մասն է կազմում, որովհետեւ շատ լայն եւ հակադաշնակցական արշավի են դիմել։ Արդյոք որտե՞ղ Ազգային ժողովի նախագահով դու իշխանություն ես դառնում, երբ երկրի նախագահը, երկրի պետնախարարը, երկրի բոլոր նախարարները ոչ մեկը դաշնակցական չեն։ Ընդհանուր ղեկավարության դիմումի հիման վրա մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի Ազգային ժողովի դիվանագիտական աշխատանքներն աշխարհին բացվելու հավելյալ կշիռ ստանան, եւ մենք կարողանանք մեր համահայկական կարողականությունն ի սպաս դնել Արցախին, նաեւ՝ ընկեր Դավիթ Իշխանյանի դեմքով, բայց լրջանանք․ ոչ մի ձեւով իշխանության ձգտելու միտք չունեինք, ընդհակառակը՝ ոչ իսկ մենք նախաձեռնեցինք, այսպես կոչված, պաշտոնի ստանձնումը, այլ չմերժելու իմաստով այդ ընդհանուր ղեկավարության փափագին է, որ մենք ընթացք տվինք՝ ասելով, որ մենք չենք վախենում մեր պատասխանատվության բաժինը ստանձնելուց, բայց մեկ բաժինը, այլ ոչ թե այսպես խեղկատակությամբ, հարցերը խեղաթյուրելով՝ փորձել ուշադրությունը շեղել իրենցից։ Արցախը հանձնելու մեջ մեկ հանցավոր գոյություն ունի, եւ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։

– Հայաստանի կառավարությունը նոր հակառուսական գիծ է որդեգրել։ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություններ ունի, հայտարարում է, որ չպետք է ծայրագավառ դառնանք, Հռոմի ստատուտն են վավերացնում, ինչին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց՝ Հայաստանի գործողությունները թշնամական որակելով։ Այս պահին ո՞վ է Հայաստանի բարեկամն ու դաշնակիցն աշխարհում, եթե այդպիսիք կան, իհարկե։

– Որեւէ մեկ ժամանակ պետք չէ խաբկանք ունենալ, որ մենք բարեկամներ ունենք, որը հայանպաստ կեցվածք ունենա։ Մեր «բարեկամներից» յուրաքանչյուրը շարժվում է իր ազգային շահերով։ Նույնն էլ Ռուսաստանի պարագայում է։ Ավելին՝ Ռուսաստանն ապրում է ուկրաինական հակամարտության հետեւանքները, կողքին ունի Թուրքիա: Եւ, այո, մենք էլ բավականին դժգոհություններ ունենք Ռուսաստանի կեցվածքների նկատմամբ, եւ մի քանի անգամ նշել ենք, որ պետք է լինի ավելի վճռական, եւ այս վերջին շրջանում անհասկանալի դրսեւորումներ է ունեցել: Բայց այս ամենը չի նշանակում, որ պետք է քաջալերվեն Հայաստանում հակառուսական տրամադրությունները, եւ մենք միտումնավոր կերպով ռուսական թշնամանք ստեղծենք։ Մենք պետք է որակապես բարելավենք հայ-ռուսական հարաբերությունները՝ փոխադարձ հասկացողության հիման վրա, եւ այդ մեզ համար չափազանց էական խնդիր է, որովհետեւ, ուզենք կամ չուզենք, Ռուսաստանն ունի կարեւոր դերակատարություն այս տարածաշրջանում։

– Հայ դատի գրասենյակները սփյուռքում երկար տարիներ հայանպաստ գործունեություն են ծավալել, այժմ ազգային կյանքում նոր արհավիրքներ ու նոր օրակարգ կա՝ Արցախն ու տեղահանված արցախցիները։ Այս հարցը Հայ դատի գրասենյակների օրակարգո՞ւմ է։

– Անշուշտ, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ արագ խորհրդակցություններ ենք անում, որպեսզի մեր մարտավարության մեջ փոփոխություններ մտցնենք, բայց այնպես չէ, որ աշխատանքները դադարել են, որովհետեւ նաեւ մենք համոզված չենք Արցախի կորուստի հետ եւ աշխարհի մեջ հավաքներով, քաղաքական աշխատանքներով, քարոզչական միջոցներով մեծ ալիք ենք բարձրացնում։ Դրա լավագույն օրինակն այս օրերին համաշխարհային մակարդակով ցույցերն են, որոնցից առաջինը տեղի ունեցավ Լիբանանին մեջ, հիմա էլ շարունակվում է Լոնդոնում, Եվրոպայի կետերում եւ Հյուսիսային Ամերիկայում։ Այդ ցույցերն արցախյան հստակ դիրքորոշում ունենալու կողքին նաեւ ունեն ընդհանրապես Հայաստանի շահերը պաշտպանելու հստակ նպատակ, եւ մենք մեր աշխատանքները պարզապես բազմապատկելու ենք։