կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 10:37
Քաղաքական

ԱԺ պատգամավորները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի եւ Ադամ Շիֆի հետ

ԱԺ պատգամավորները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի եւ Ադամ Շիֆի հետ

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի եւ փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՒԻմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին եւ Արցախին մշտապես սատարելու հարցում:
Կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հետագա ընդլայնումը եւ խորացումը:

Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաեւ մարզի Բերդ քաղաքի եւ Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ խաղաղ բնակչության թիրախավորմամբ:
Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաեւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»: