կարևոր
3913 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 15:33
Քաղաքական

Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, որին միացել են ևս 47 օրենսդիրներ, հորդորում է առաջնահերթություն տալ Արցախում վտանգված հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին:

Հունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը և նրա գործընկերները գրում են. «2023թ․ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամումից հետո, արդեն իսկ կան ապացույցներ, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը նաև այս տարածաշրջանում և դրա շուրջը»: Օրենսդիրները ընդգծել են․ «Մենք գրում ենք այս նամակը՝ արտահայտելու մեր խորը մտահոգությունը․ պետքարտուղարությունը պետք է ավելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, անհասկանալի է, արդյո՞ք այդ մտահոգությունները բարձրացվում են և եթե բարձրացվում են, ապա դա արվում է համապատասխան լրջությա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:

Նամակում նախ մատնանշվում է 1997-2011թթ․ Նախիջևանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման փաստը, ինչպես նաև Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (նաև հայտնի է որպես Կանաչ ժամ), ինչպես նաև մշակութային ժառանգության այլ կոթողների ավերումը: Ընդգծվում է՝ Ադրբեջանը հաճախ փորձում է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` այն անվանելով պատմական վայրերի «վերականգնում», ինչպես նաև ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ այդ հուշարձաններն ունեն «կովկասյան ալբանական» ծագում: Շուրջ 500 հայկական մշակութային ժառանգության հուշարձաններ վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի հնագույն եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դար, ինչպես նաև բարդ փորագրությամբ խաչքարեր, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արձանագրված են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Մեկնաբանելով հիշյալ նամակը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ջնջելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին թուրքական իրարահաջորդ կառավարությունները Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք ողջունում ենք ներկայացուցիչ Շիֆի ջանքերը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում»։

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

26 06 2024թ