Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Հանրապետության նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների իրական էությունը։ Հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների՝ թուրքական իշխանությունը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտավորությունները, մյուս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակարթությունները արհեստականորեն միմյանց հակադրելու իր խիստ վտանգավոր գործելաոճը։
Այս առումով դատապարտելով թուրքական իշխանության այդ քայլը, այն դիտում ենք ոչ միայն հույն ուղղափառ եկեղեցու իրավունքների դեմ արված քայլ, այլև այնպիսին, որը ոտնակոխում է Թուրքիայի փաստացի սահմաններում բնակվող ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու ազգային-հոգևոր զգացմունքները։
Պատահական չէ, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրվանից այն շարունակել ու շարունակում է իր հակահայ վանդալիստական քաղաքականությունը, որի վկայությունն է նաև Թուրքիայի այսօրվա փաստացի սահմաններում, հատկապես հայկական բռնագրավված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության քանդումը կամ ձևախեղումը։ Իսկ բացառիկ դեպքում, երբ Թուրքիան վերանորոգել է հայկական հուշարձան՝ միջնադարյան ճարտարապետության հոյակերտ կոթողներից Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, այն վերածել է թանգարանի և արգելել այնտեղ եկեղեցական արարողությունների անցկացումը։
Հատկանշական է, որ Այա Սոֆիայի տաճարն էլ 75 տարի ուներ թանգարանի կարգավիճակ, սակայն զուտ քաղաքական որոշմամբ ստացավ մզկիթի կարգավիճակ։ Այս դեպքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին որևէ կերպ ապահովագրված չէ նման ճակատագրից։
Ավելին, Թուրքիան այլամերժ քաղաքականությանը զուգահեռ, շարունակում է իր առավելապաշտական նկրտումները, որը վերջին շրջանում դրսևորվում է հարևան պետությունների տարածքներում թուրքական ապակայունացնող գործոնի աճով։
Թուրքական ապակառուցողական քաղաքականությունը, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը, հատկապես դրսևորվում է Հայաստանի հետ հարաբերություններում, որի վկայությունը պարբերական բնույթ կրող՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրություններն են՝ շաղախված հակահայաստան և հակահայ մոտեցումներով։ Իր այլատյաց քաղաքականությունից ու քայլերից միջազգային համայնքի ուշադրությունը շեղելու համար, Թուրքիան մեղադրում է Հայաստանին ու միջամուխ է լինում իրեն չվերաբերվող այնպիսի հարցի մեջ, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է՝ խրախուսելով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիան ՀՀ պետական սահմանի ուղղությամբ։ Այս առումով ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վերանկախացման առաջին օրվանից նրա նկատմամբ թշնամական դիրքորոշում որդեգրած Թուրքիան իրավունք չունի «բարի վարուց» քարոզներ տալ Հայաստանին։
Առավել, Թուրքիայի խրախուսած ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի կողմից, հաստատապես կապակայունացնի տարածաշրջանը և անկախատեսելի հետևանքներ կարող է ունենալ դրանից դուրս ևս։
Միջազգային հանրությունը թեև բացասական արձագանգեց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու Թուրքիա քայլին, սակայն մեկնելով աշխարհաքաղաքական հաշվարկներից՝ լուրջ, իսկապես Թուրքիային զսպող քայլերի չդիմեց՝ քրիստոնեական արժեհամակարգում առանձնակի կարևորություն և խորհուրդ ունեցող հուշարձանի կարգավիճակի խեղումը կանխելու համար։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփյուռ իր ցանցի և համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայի հակահայ ու այլատյաց քաղաքականությանը և դրան դիմակայելու համար կոնկրետ քայլերի կդիմի։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2020 թ.