կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 09:05
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Վերջին շաբաթներին աշխարհասփյուռ հայությունը ականատես է Թուրքիայի կողմից հայության դեմ դրսևորված ատելությամբ լի հրահրումների և թշնամական գործողությունների՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում և ողջ աշխարհում:

Այս սադրանքներից առավել ուշագրավները տեղի ունեցան Լիբանանում, արձանագրվեցին հրահրումներ ու բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել էին Անկարայի և, հայ ազգի դեմ ցեղասպանական մտադրությունների հարցում նրա հետ դաշնակցած, առանձին շրջանակների կողմից: Այս թշնամանքի մասին ուշագրավ ձևով ծանուցվեցին նաև Էրդողանի կառավարության հրապարակային հայտարարություններով, երբ դիտել տրվեց, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդատվական խորհուրդը հինգ ժամ տևած նիստ է հատկացրել Հայոց ցեղասպանության ճշմարտացի, արդար և համապարփակ միջազգային լուծման ուղղությամբ «Հայկական լոբբիի» առաջխաղացմանը խոչընդոտելու հարցին: Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ՝ հետևողականորեն մեծացնելով լարվածությունը, ձգտելով ահաբեկել Հայաստանին ու Արցախին, ուղղակիորեն ու անուղղակիորեն ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանի ագրեսիային եւ առավել ռազմականացնելով պատմական հայկական Նախիջևանը: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ընդարձակել է իր ապակայունացնող գործողությունները ամբողջ Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆիկայում:

Վերջին երեք տասնամյակներին իրավիճակն այնպիսին է, որ Անկարայի յուրաքանչյուր հակահայ սրացմանը Բաքուն արձագանքում է համապատասխան կերպով՝ ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանային գրոհներով, զինադադարի խախտումներով, մարդկային իրավունքների ոտնահարմամբ, պատմական կեղծիքներով ու ատելության հրահրումներով, որոնք վերջին շաբաթներին դատապարտվեցին Մարդկային իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփյուռ իր ցանցի և համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրությամբ հետևել այս սադրանքներին և անկասելի մնալ իր հիմնական առաքելության իրականացման մեջ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովում, աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն և ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի իրականացման հետապնդում։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Արեւմտահայերեն տարբերակը

Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի

Վերջին շաբաթներուն աշխարհասփիւռ հայութիւնը ականատես է Թուրքիոյ կողմէ հայութեան դէմ դրսեւորուած ատելի հրահրութեան եւ թշնամական գործողութիւններու՝ Թուրքիոյ, Հարաւային Կովկասի եւ ամբողջ աշխարհին մէջ:

Այս սադրանքներէն առաւել ուշագրաւները եղան Լիբանանի մէջ արձանագրուած հրահրութիւններն ու բողոքի ցոյցերը, որոնք կազմակերպուած էին Անգարայի եւ հայ ազգին դէմ անոր ցեղասպանական մտադրութիւններուն դաշնակցած առանձին շրջանակներու կողմէ: Այս թշնամանքը ուշագրաւ ձեւով ծանուցուեցաւ նաեւ Էրտողանի կառավարութեան հրապարակային յայտարարութիւններուն ընդմէջէն, երբ դիտել տրուեցաւ, որ Թուրքիոյ Բարձրագոյն խորհրդատուական խորհուրդը հինգ ժամ տեւած նիստ մը յատկացուցած է խոչընդոտելու համար Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացի, արդար եւ համապարփակ միջազգային լուծումին ուղղութեամբ «Հայկական լոպիին» յառաջխաղացքը: Հարաւային Կովկասի մէջ Թուրքիա դարձած է աւելի ռազմատենչ՝ հետեւողականօրէն բարձրացնելով լարուածութիւնը, ձգտելով ահաբեկել Հայաստանն ու Արցախը՝ ուղղակիօրէն ու անուղղակիօրէն՝ Ազրպէյճանի յարձակումներուն աւելի մեծ աջակցութիւն ցուցաբերելով եւ պատմական հայկական Նախիջեւանը առաւել ռազմականացնելով: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ընդարձակած է իր ապակայունացնող գործողութիւնները ամբողջ Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի մէջ:

Վերջին երեք տասնամեակներուն իրավիճակը այնպիսին է, որ Անգարայի կողմէ իւրաքանչիւր հակահայ սրացումի Պաքուն համապատասխան անդրադարձ կ՚ունենայ իր յարձակողական քաղաքականութեամբ՝ սահմանային գրոհներով, զինադադարի խախտումներով, մարդկային իրաւանց ոտնահարումով, պատմական կեղծիքներով ու ատելութեան հրահրումներով, որոնք վերջին շաբաթներուն դատապարտուեցան Մարդկային իրաւանց Եւրոպական դատարանին կողմէ։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփիւռ իր ցանցին եւ համախոհ գործընկերներու, կը շարունակէ ուշադրութեամբ հետեւիլ այս սադրանքներուն եւ անկասելի մնալ իր հիմնական առաքելութեան իրականացման մէջ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու ապահովութեան պահպանութիւն, աշխարհասփիւռ հայութեան շահերու պաշտպանութիւն եւ ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի իրականացման հետապնդում։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ