կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-11 10:21
Առանց Կատեգորիա

Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ»

Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ»

«Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը:

Նկատենք՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր եւ, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչեւ այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, եւ այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի եւ Ստեփան Միքայելյանի միջեւ ընտրություն կատարել:

Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը: Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաեւ աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում:

Հավելենք, սակայն, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, եւ հարցերը քննարկման փուլում են»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: