Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 30-ին Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված որոշումը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի՝ իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։
Իր հերթին, սենատոր Դի Նատալեն շնորհակալություն է հայտնել նախարար Մայիլյանին ընձեռնված հնարավորության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցության համար արտաքին քաղաքական ոլորտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առաջմղումն առանցքային տեղ է զբաղեցնում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության զարգացման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են այդ բնագավառում նոր հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։