Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս 2021թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ: Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախ պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Երկրորդ` Հայաստանի կառավարությունը փաստորեն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց գոյություն չունի և իշխանությունները պատրաստվում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցի հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։
Արդեն մարտի 16-ին, ՀՅԴ Բյուրոն, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած ՀՀ իշխանություններին խստորեն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։
Վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի և ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել , մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:
Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները` խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիորեն ընդունում են, որպես ղարաբաղյան հակամարտության կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի թուրքահաճո կարգավորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամյակներ տևող թուրքական պետական դիրքորոշմանը:
Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողություններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետևանքային իրողությունների շուրջ։ Մինդեռ ակնհայտ է, որ հայության դիրքորոշումը հետևանք է ոչ թե հայ և թուրք ժողովուրդների համահավասար պատմական դիմակայության, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դէմ կազմակերպված բնաջնջման և զանգվածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականությունը պայմանավորված է, ոչ թե հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպես շարունակություն իր նախորդների հակահայ դարավոր քաղաքականությանը՝ նույն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խոսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրև թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարվում մեր պատմական հիշողությունից, ինքնությունից ինչպես և նախընթաց ժամանակահատվածում արժանապատիվ կեցվածք ենք դրսևորել։
Չափազանց ցավալի է, որ ակներեւ այս ճշմարտությունները, որոնք շոշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգությունը և բաց նյարդը, ստիպված ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։
Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության ու համայն հայության նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսևորումը ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացահայտ և լայնածավալ ներգրավումն էր։
Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաև տարածաշրջանային խաղաղության և համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տևական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղության կայուն երաշխավորը. խաղաղությունը տարածաշրջանում խախտվել է մեր հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, հետևապես Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պետք է խաղաղություն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լավը գիտի խաղաղության գինը, բայց իր պատմության հրամայականով գիտի նաև, որ անարժանապատիվ խաղաղությունը միայն ճանապարհ է բացում ապագայի արյունալի պատերազմների համար։
Այսպես կոչված խաղաղության կեղծ քարոզը Հայաստանի իշխանությունները անամոթաբար շարունակում են նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հավակնություններ են դրսևորում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պետք է հաշվի առնել, որ սահմանը անօրինական կերպով և որպես թշնամական գործողություն փակվել է հենց թուրքական պետության կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որևէ դերակատարություն չի ունեցել, հետևապես սահմանի բացման գործում առաջին քայլը պետք է անի հենց թուրքական պետությունը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից և ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները։
Վերջիններիս անգամ ևս զգուշացնում ենք՝ Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ և եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միևնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետևանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո և դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության և ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանությունը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանությունները անմիջապես հեռանան ասպարեզից և ազգային ուղղուածությամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգավոր վիճակից հանելու բեռը։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2021 թ.