Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր ակնարկ: Մուշը գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար լեռների փեշերին: Մուշ քաղաքի միջով է հոսում Արածանիի կամ Արևելյան Եփրատի ձախակողմյան վտակ Մեղրագետի ճյուղերից մեկը՝ Մուշ գետակը՝ քաղաքը բաժանելով երկու մասի:
Բազմաթիվ են ‹‹Մուշ›› անվան ծագման ու իմաստի վերաբերյալ ժողովրդական ավանդություններն ու առանձին պատմագիրների և ուսումնասիրողների մեկնությունները: Այն կապում են բնական երևույթների, քաղաքական դեպքերի, կամ հնագույն արձանագրություններում հիշատակվող ցեղերի ու տեղանունների հետ: Ըստ ժողովրդական ամենահին ավանդության՝ ‹‹Մուշ›› անունն առաջացել է մշուշ բառից՝ հաշվի առնելով Մշո դաշտի մշուշապատ լինելը, ինչն էլ կապվել է սիրո աստվածուհի Աստղիկի հետ: Ըստ ավանդության, Արածանիում լողալու ժամանակ Աստղիկը շուրջբոլորը պատել է մշուշով՝ իր սերը հայցելու եկած երիտասարդներից մերկությունը թաքցնելու համար:
17-րդ դարի թուրք պատմագիր, աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր ‹‹Ջիհան Նյումա›› (‹‹Աշխարհի հայելի››) աշխատության մեջ նշում է, թե ‹‹Մուշ›› բառը հայերենում նշանակում է բուք: Իսկ քուրդ պատմիչ Շարաֆ Խան Բիթլիսիի տվյալներով ‹‹Մուշ››-ը հայերենում ‹‹խոնավ, թաց գետին, մամուռ ›› է նշանակում:
17-րդ դարի թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբին իր «Ուղեգրության» մեջ գրում է, որ Վանա ծովի հյուսիսում, Ադլջևազ (պատմ. Արծկե) բերդի մոտ գտնվող Սուբհան (Սիփան, թրք. Süphan-Սյուփհան) սարում մինչև հիմա կալանավորված է յոթ գլխանի աժդահան, որի ձայնը լսվում է միայն 40-50 տարին մեկ անգամ, և որը 70-80 տարին մեկ, Սիփհան սարից 5-10 օրով ցույց է տալիս իր պոչը: Ասվում է, որ վերջինս մի ժամանակ ազատվել է, կերել բոլոր նեմրուդներին, որից հետո ամենակարող Աստծո հրամանով նորից մտել է Սիփհանում գտնվող իր քարայրը և բանտարկված մնացել: Հետո անիծյալ Նեմրուդը (Բաբելոնը նվաճող և այնտեղ իշխող առաջին արքան, որը կառուցել է Բաբելոնի առասպելական աշտարակը), ամենակարող Աստծո կամքով, Մուշի դաշտում մի հսկա մուկ է ստեղծել, որը բոլոր նեմրուդներին կերել է, իսկ Մուշի բնակիչներին՝ ոչնչացրել: Այդ պատճառով էլ քաղաքը կոչվում է Մուշ՝ պայմանավորված նրանով, որ պարսկերենում ‹‹Մուշ›› բառը մուկ է նշանակում: Այդ քարայրի (որտեղից դուրս է եկել հիշյալ մուկը) տեսակ-տեսակ մկներից ոչ մի երկրում չկան: Սակայն Աստծո հրամանով, Ալեքսանդրի Ֆիլկոս անունով բժշկի կախարդության շնորհիվ Մուշի դաշտում բոլորովին մուկ չի մնում:
Պայմանավորված այն հանգամանքով, որ Մուշում քաղաքական շատ դեպքեր են տեղի ունեցել՝ ուղեկցված մեծ թվով զոհերով, տեղանունը կապում են նաև «մաշվել» (սակավամարդ դառնալ) բայի հետ։ Վերը նշված «Ուղեգրության» մեջ, օրինակ, նաև նշվում է, որ երբ Թիմուր Լենգը (Լենկ Թեմուր) արշավում է Ալ-Օսմանի վրա, Մուշ քաղաքն ավերում է, բնակիչներին՝ կոտորում, տները՝ հողին հավասարեցնում:
Իսկ թուրքերը Մուշը հաճախ կապում են «մեշե»-(անտառ) բառի հետ՝ նշելով այն հանգամանքը, որ քաղաքի շուրջը կաղնիները անտառ-պուրակ են կազմում։ Կարծիք կա նաև, որ Մուշը կապված է Մուշեղ անձնանվան հետ (նկատի ունենալով Մուշեղ Մամիկոնյանին):
Ըստ մասնագետներից շատերի՝ տեղանունը կապվում է ասուրական Մուշկի երկրանվան և խեթական Մուշունի աշխարհագրական անվան հետ: Կարող ենք հանդիպել նաև ասորեստանյան Մուսասիրի հետ նույնացման տարբերակին: Առավել հաճախ հանդիպում ենք այն տարբերակին, որ Մուշ քաղաքի, համանուն դաշտի ու գետի անունն առաջացել է հնագույն ժամանակներում Հայաստանի սահմաններում բնակություն հաստատած ցեղերից մեկի՝ մուշկ, մոսոխ կամ մոխերի անունից, որոնց հետ են կապվում նաև Մեծ Հայքի աշխարհներից մեկի՝ Մոկքի և համանուն նախարարական տան անունները:
Մուշը տարբեր աղբյուրներում հիշատակվում է և՛ որպես բերդ, և՛ որպես ավան, և՛ որպես գյուղաքաղաք, իսկ արդեն 9-10-րդ դարերում այն հայ մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է իբրև քաղաք: Անդրադառնանք հիշատակություններից մի քանիսին: Օրինակ, 4-րդ դարի ասորի պատմիչ Զենոբ Գլակի մոտ հանդիպում ենք ‹‹Մուշ ավան››, ‹‹Մուշ քաղաք›› տարբերակներին, իսկ 9-10-րդ դարերի հայ պատմիչ Թովմա Արծրունունին և այլ պատմիչներ ևս այն պարզապես նշում են ‹‹Քաղաք Տարօնոյ››: 13-14-րդ դարերի արաբ պատմիչ Աբու ալ-Ֆիդան գրում է. «Այդ երկրի բնակիչների ասելով Մուշը մի փոքր վայր է, որը շրջապատված չէ պարսպով և գտնվում է մի սարի ստորոտում, գետաբերանի մոտ: Այն ունի ընդարձակ դաշտ, որը ծանոթ է Մշո դաշտ անվամբ և որը կարելի է կտրել երկու օրվա ճանապարհով»: Իսկ 12-13-րդ դարերի արաբ աշխարհագրագետ, պատմիչ Յակուտ ալ-Համավին Մուշի մասին ասում է, որ ‹‹փոքր քաղաք է Խլաթի մարզերում, Հայաստանի հողի վրա››:
Մուշ քաղաքում և նրա շրջակայքում հայտնաբերված հնագիտական նյութերը, մի շարք աղբյուրների վկայությունները թույլ են տալիս փաստել, որ վերջինս Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Այստեղ հայտնաբերվել է Վանի թագավորության արքա Մենուայի (մ.թ.ա. 810-786թթ.) արձանագրությունը, իսկ քաղաքի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի հետքեր:
Մուշ քաղաքը Տարոն գավառի արևելյան մասի հետ միասին մինչև 4-րդ դար պատկանում էր Սլկունիներին: Ապա այն անցնում է Մամիկոնյանների՝ սպարապետության պաշտոնը կատարող ճյուղին, որոնց աթոռանիստը նույն գավառում գտնվող Ողական ամրոցն էր: 7-րդ դարի վերջում, արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունից հետո Մուշ քաղաքը Տարոն գավառի հետ միասին անցնում է Բագրատունիներին: Վերջիններս ստեղծում են մի իշխանություն, որն ավելի ուշ, արդեն 11-րդ դարում, համաձայն մի շարք աղբյուրների, կրկին անցնում է Մամիկոնյաններին, և իշխանությունն էլ Տարոնից բացի ընդգրկում է նաև Սասունի մեծ մասն ու Խութը, իսկ Մուշն էլ դառնում է այդ ընդարձակ իշխանության կենտրոնը:
Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ հատկանշական իրադարձություններից է 849-859 թվականների ժողովրդա-ազատագրական պատերազմն ու Մուշի խաղացած դերը դրանում: 851-852 թվականներին Մուշը դառնում է արաբների դեմ ուղղված պայքարի կենտրոնը: 852 թվականի ձմռանը Մուշի Սուրբ Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի և վերջինիս մարտիկների ձեռքով սպանվում է արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը: Հայտնի է նաև, որ սասունցիների, խութեցիների և մշեցիների այս հերոսական կռիվը դարձել է ‹‹Սասնա ծռեր›› էպոսի ‹‹Սասունցի Դավիթ ›› ճյուղի հիմնական սյուժեն:
9-13-րդ դարերում Մուշի բնակչության թիվը հասնում էր հավանաբար 20000-25000 մարդու (հին և միջին դարերի բնակչության թվի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ գրեթե չեն պահպանվել):
16-րդ դարում արդեն Մուշը նվաճվում է թուրքերի կողմից, իսկ ավելի ուշ՝ 1860-ական թվականներին, այս քաղաքը ևս անմասն չի մնում ծավալվող հակաթուրքական զինված ելույթներից: 1880-1914 թվականներին Մուշի բնակչության թիվը գրեթե 20000 էր, որից մոտ 9000-ն էին հայերը կազմում:
Այս շրջանում սոցիալ–տնտեսական պայմաններն էլ իրենց հերթին մեծապես նպաստում են պանդխտության մեծ աճի:
1915 թվականին Մուշը ևս, ի թիվս հարյուրավոր գյուղերի և տասնյակ քաղաքների, ենթարկվում է կոտորածի և ավերածությունների, երբ չենթարկվելով թուրքական իշխանությունների բռնագաղթի հրամանին՝ քաղաքի հայերը, որոնց միացել էին նաև հարևան գյուղերից տեղափոխված շուրջ 10000 հայրենակիցներ, հերոսական գոյամարտ են մղում ջարդարարների դեմ: Այս ընթացքում քաղաքի հայկական թաղամասերը հիմնովին ավերվում են: 1916 թվականի փետրվարին ռուսական զորքերը գրավում են Մուշը: Սակայն 1918 թվականի սկզբին օսմանյան բանակը վերսկսում է հարձակումը, ինչը ևս մեկ անգամ ստիպում է մշեցի հայերին հեռանալ իրենց բնօրրանից: Այսպես, քաղաքի հայ բնակչության մի մասը զոհ է գնում ջարդերին, մի մասը՝ ապաստանում Թուրքիայի այլ շրջաններում, իսկ մի մասն էլ ապաստան են կարողանում գտնել գլխավորապես Արևելյան Հայաստանում:
Մուշ քաղաքի հայկական թաղամասերը և պատմական հուշարձանները
1879-1880 թվականներին ձևավորվում է Բիթլիսի (Բաղեշ) նահանգը, սակայն նահանգի սահմանները և ներքին վարչական բաժանումն իրենց վերջնական տեսքը ստանում են միայն 1888-1889 թվականներին: Մուշը դառնում է Բիթլիսի նահանգում գտնվող համանուն Մշո գավառակի կենտրոնը:
Այս շրջանում քաղաքը բաժանված էր հայկական և թուրքական մասերի, ուներ 12 թաղամաս՝ 7-ը թուրքական, 5-ը հայկական.
Թուրքական թաղերը
Բերդի թաղ (թրք. Kale mahallesi)
Քարի թաղ կամ Դաշ մահլա (թրք.Taş mahallesi)
Դաշտի թաղ կամ Դուզ մահլա (թրք. Düz mahalle)
Խուրդենց թաղ կամ Գայլի (Ղուրթ) թաղ (թրք. Kurt mahallesi)
Մինարա թաղ կամ Մինարա մահլա (թրք. Minara mahallesi)
Ներքին թաղ (թրք. Süfla mahallesi)
Քոթանենց թաղ կամ Քոթան թաղ (թրք. Kılotan mahallesi, Kotan mahallesi)
Հայկական թաղերը
Վերին թաղ (թրք. Yukarı mahalle)
Ձորի թաղ կամ Ձորոթաղ (թրք. Küçük Vadi mahallesi)
Սուրբ Մարինեի թաղ կամ Չաղարթաղ (թրք. Surb (Aziz) Marine mahallesi)
Բրուտի կամ Բրտի թաղ (թրք. Pırud mahalle, Çömlekçiler mahallesi)
Ջիգրաշեն թաղ (թրք. Çikraşen mahallesi)
Վերը թվարկված հինգ հայաբնակ թաղամասերը զբաղեցնում էին քաղաքի հարավային և արևմտյան մասերը: Մշեցիների հիմական զբաղմունքը արհեստագործությունը, առևտուրը, մասամբ էլ հողագործությունը, այգեգործությունն ու ծխախոտագործությունն էր: Արհեստագործության մեջ հատկապես տարածված էր կոշկակարությունը, դերձակությունը, գորգագործությունը, ոսկերչությունը, փականագործությունը, բրուտագործությունը և այլն: Քաղաքում առանձնապես մեծ համբավ էին վայելում հայ վարպետների պատրաստած կավե իրերը: Քաղաքի կենտրոնում անկանոն դասավորվածությամբ շուկան էր, որն իրենից ներկայացնում էր 800 –ից ավել մեծ և փոքր խանութներ, որոնցից մոտ 500-ը պատկանում էր հայերին:
Ստորև անդրադառնանք հայկական թաղամասերին և այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձաններին ու դպրոցներին:
Վերին թաղ: Վերին թաղը ամենամեծ հայկական թաղամասն էր՝ չորս կողմից շրջապատված աղբյուրներով ու առվակներով, ծառաստաններով և պարտեզներով, որոնք էլ բաժանարար էին հանդիսանում հայկական և թուրքական մյուս թաղամասերից: Այն բաղկացած էր մոտավորապես 450 տնից, և յուրաքանչյուր տուն ուներ 5-10 կամ ավելի անդամներ: Կային տներ, որ մինչև 30 հոգուց էին բաղկացած: Թաղային դպրոցի աշակերտների թիվը 1914 թվականին կազմում էր 170-200 երեխա: Վերին թաղի եկեղեցին Սուրբ Հարությունն էր, որտեղ պահվող 14 ձեռագիր մատյաններից մեծ հռչակ էր վայելում սրբացված, ժողովրդի շրջանում ‹‹հրաշագործ›› համարվող ‹‹Սև ավետարանը››, որը կոչված էր հիվանդներին բժշկելու: Վերին թաղում հայտնի էր նաև ‹‹Խաթուն-Ջերմուկ›› ուխտավայրը, ուր հիմնականում հաճախում էին տարեց կանայք:
Ձորի թաղ: Ձորի թաղը կամ Ձորոթաղը գտնվում էր Վերին թաղից դեպի արևելք, ձորի մեջ, Մուշ գետակի երկու եզերքների վրա և կողքերն ի վեր: Այստեղ էր գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր պահվող 8 ձեռագրերից նշանավորը դարձյալ ‹‹հրաշագործ›› համարվող ‹‹Շեկ Ավետարան››-ն էր: Եկեղեցուն կից գտնվում էր դեռևս 1880-ական թվականներին Կ.Պոլսի Միացյալ ընկերության կողմից հիմնված Կեդրոնական վարժարանը, որը 1914 թվականին ուներ շուրջ 250 աշակերտ:
Բացի այդ՝ թաղային դպրոցում սովորում էր 180 երեխա: Ձորի թաղի հայտնի ուխտատեղին համարվում էր Սուրբ Աստվածածին մատուռը:
Սուրբ Մարինեի (Մարիանե) թաղ կամ Չաղարթաղ: Ձորի թաղից հյուսիս շարունակվում էր հայերի կենտորական թաղամաս համարվող Սուրբ Մարինեի թաղը: Այն ևս կառուցված էր Մուշ գետակի երկու եզերքների վրա և կողքերն ի վեր: Սուրբ Մարինեի թաղից հյուսիս, գետակի երկու կողմերում տարածվում էին թուրքական թաղերը:Այս թաղամասի եկեղեցին համանուն առաջնորդանիստ մայր եկեղեցի Սուրբ Մարինեն էր, ուր պահվում էր 7 ձեռագիր մատյան:
Սուրբ Մարինեն գործել է մինչև 1915 թվական: Իսկ արդեն ջարդարարությունների ընթացքում եկեղեցին թուրքերը վերածել են բանտի՝ հայ ֆիդայիներին ձերբակալելու և այնտեղ պահելու համար: Եկեղեցուն կից գտնվում էր Տարոնի առաջնորդանիստ շենքը: Կար թաղային երկու դպրոց, որոնցից տղաներինը 1914 թվականին շուրջ 170 աշակերտ ուներ , իսկ աղջիկներինը (օրիորդաց վարժարան)՝ 250: Այստեղ էր գտնվում նաև Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1830 թվականին: Սուրբ Մարիենեի թաղում էր գտնվում նաև Տարոնի հայ կաթոլիկ համայնքի կենտրոնը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին կից ևս գործում էր դպրոց և 1914 թվականին ուներ 80 աշակերտ:
Սուրբ Մարինե (այժմ՝ Քալե) թաղամասը, սակայն, Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց էլ հանգիստ չունի: Այստեղ պահպանված Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին հայկական տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ ներառվում են ‹‹քաղաքաշինության›› ծրագրում, որի արդյունքում տների մեծ մասը քանդվում, և տարածքում բազմաբնակարան շենքեր են կառուցվում, իսկ եկեղեցին և որոշ տներ հասարակական ճնշման ալիքի արդյունքում դեռ պահպանվում են:
Բրուտի թաղ: Գտնվում էր Սուրբ Մարինե թաղի արևմտյան կռնակի բարձունքն ի վեր, թուրքաբնակ Բերդի թաղի առջևում: Թաղի անունը պայմանավորված էր բրուտներով բնակեցված լինելու հանգամանքով: Հարկ է նշել, որ թաղամասը բնակեցված էր նաև թուրքերով։] Բրուտի թաղի եկեղեցին Սուրբ Սարգիսն էր՝ կառուցված 1136-1137 թվականներին: Այստեղ պահվում էր 10 ձեռագիր: Եկեղեցուն կից եղել է նաև գետնափոր մատուռ՝ հնագույն խաչքարերով: Թաղային դպրոցում 1914 թվականին սովորում էր 80 աշակերտ:
Ջիգրաշեն թաղ: Ջիգրաշեն թաղը շրջապատված էր թուրքաբնակ թաղերով՝ փոքրաթիվ հայ գաղութ հիշեցնելով: Ջիգրաշեն թաղի եկեղեցին Սուրբ Կիրակոսն էր, որտեղ պահվում էր 8 ձեռագիր մատյան: Թաղային դպրոցոմ սովորող աշակերտների թիվը 1914 թվականին հասնում էր 60-ի:
Մուշ քաղաքում առանձին դպրոց ուներ նաև փոքրաթիվ հայ բողոքական համայնքը՝ 1914 թվականին շուրջ 60 աշակերտներով:
Հարկ է նշել, որ քաղաքում, բացի վերը թվարվածները, կանգուն էին նաև, սակայն չէին գործում Սուրբ Ավետարանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Փրկիչ եկեղեցիները։ Ժամանակակիցների վկայությամբ՝ քաղաքի եկեղեցիներից ամենաշքեղն ու գեղեցիկը Սուրբ Մարինեն էր, իսկ ամենահինը` Սուրբ Փրկիչը: Ըստ պատմական աղբյուրների, քաղաքում գործող մզկիթներից մեկն էլ նախկինում հայկական եկեղեցի է եղել, և կարծիք կա, որ այդ եկեղեցին հենց Սուրբ Փրկիչն է՝ հայոց իշխան Բագրատ (Բագարատ) Բագրատունու կողմից կառուցված: Այսպես, Մուշ քաղաքում 20-րդ դարի սկզբին գործում էր 7 եկեղեցի և 9 դպրոց (ավելի քան 1300 աշակերտ), պահվում՝ 47 ձեռագիր:
Ինչպես արդեն նշվեց, Մուշը ի թիվս գյուղաքաղաք, ավան, քաղաք հիշատակումների, հանդիպում է նաև բերդ հիշատակմամբ: Հետևաբար Մուշն անմասն չէր նաև բերդերից: Այսպիսով, քաղաքի արևելյան մասում տեղադրված էր Մուշի բերդը, որի մասին հիշատակել են պատմիչներ Զենոբ Գլակը, Թովմա Արծրունին, Ասողիկը: Բերդը քարաշեն էր, շրջափակված աշտարակավոր պարսպով: Ըստ տվյալների՝ բերդը մինչև 20-րդ սկիզբը կանգուն էր, և այնտեղ զետեղված էր թուրքական կայազորը: Բերդն իր շրջակայքով հետագայում կազմում էր թուրքական բերդի թաղը, որը նույնացվում էր նաև Ղուրթ Մահալլեսիի, այսինքն՝ ‹‹Գայլի թաղ››-ի հետ: Ըստ ավանդության՝ առաջին անգամ այստեղ բերդ է կառուցվել Գայլ Վահան Մամիկոնյանի ժամանակ: Մուշի բերդը, սակայն, միակը չէր: Արևմտյան կողմում է գտնվել Մուշեղյան բերդը կամ Ձմեռանոցը, հարավային կողմում՝ համանուն բերդի ամառանոցը: Հարավում է գտնվել նաև Հողաբերդիկը, իսկ Մուշի արևելյան կողմում՝ Աստղաբերդը (Մոկաց բերդ): Վերջինիս ավերակները այսօր էլ կարելի է տեսնել: Միջնադարյան հայ պատմիչ Հովհան Մամիկոնյանը հիշատակում է նաև Աստղաբերդի եկեղեցին՝ անվանելով այն Մեծ Կաթողիկե, և նշելով, որ այն ավերվել է արաբական արշավանքների ժամանակ: Պատմիչն Աստղաբերդը հիշատակում է նաև Աստեղունք, Աստեղօնք, Աստղօնք անուններով: Մուշի և շրջակայքի ճարտարապետական հուշարձանները միայն եկեղեցիներով և բերդերով չէին սահմանափակվում: Հետևաբար անհրաժեշտ է նշել նաև 12 թռիչք ունեցող Սուլուխի կամուրջը (867 թվական), որը թեպետ բուն Մուշ քաղաքում չի գտնվում, բայց անգնահատելի է որպես միջանդարյան կամրջաշինության օրինակ:
Առհասարակ Մուշ քաղաքն ու նրա շրջակայքը, լինելով հնագույն բնակավայր, լի էր պատմական կարևոր հուշարձաններով: Ինչո՞ւ Մուշ և շրջակայք. որովհետև դեռևս հնագույն ժամանակներից ընդունված էր ‹‹Մուշ›› համարել, կոչել և ինչու չէ նաև հասկանալ ու պատկերացնել Մուշ քաղաքը, հարակից գյուղերը, առհասարակ Մշո դաշտն ամբողջությամբ: Ու, եթե դիտարկենք ամբողջ այս տարածքները, իսկապես կբախվենք պատմության ու ճարտարապետական գլուխգործոց համարվող կոթողների բավական մեծ թվի, որոնց թվում են Սուրբ Կարապետը, Մշո Սուրբ Առաքելոցը, Մուշ քաղաքի վերը թվարկված գործող և չգործող եկեղեցիները, բերդերը և համանման ճակատագիր ունեցող հայտնի և ոչ հայտնի այլ կոթողներ ևս:
Այսպես, հաճախ իբրև գյուղաքաղաք հիշատակվող Մուշը, օրինակ, չի կրել միջնադարում զարգացում ապրած քաղաքներին բնորոշ կառուցվածքը (միջնաբերդ, շահաստան, արվարձաններ): Իսկ արդեն նոր շրջանում ենթարկվել է հայկական և թուրքական թաղային բաժանումների: 1894-1896 թվականների Համիդյան կոտորածների, 1915 թվականի Ցեղասպանության, դրա ժամանակ և դրանից հետ շարունակվող ավերածությունների հետևանքով է, որ թե′ բուն քաղաքի, և թե′ հարակից շրջանների մշակութային, պատմական հուշարձաններից ոչինչ գրեթե չի պահպանվել, և տեղեկություններն էլ՝ բերդերի, եկեղեցիների կառուցման հստակ թվականի, տեսքի և այլ մանրամասների վերաբերյալ, շատ սակավաթիվ են, քանզի չկան ոչ պատմական արժեքները և ոչ էլ բազմաթիվ ձեռագրերը:
Այն, ինչ տեսնում ենք ներկայիս Մուշ քաղաքում, ցավոք, միայն ներկայիս Բերդի (թրք. Kale) թաղամասում գտնվող հին հայկական մի քանի տներն են, պղծված գերեզմանատունը և Սուրբ Մարինե եկեղեցին, որն ամենատարբեր նպատակներով ծառայեցնելու արդյունքում ավերվել է, պղծվել, ու այսօր մնացել են վերջինիս կիսավեր պատերը միայն, որոնք թեպետ եկեղեցու իրական տեսքի հետ գրեթե աղերս չունեն, փոխարենը իրենց մեջ կարողանում են ամփոփել տեղի հայերի, քաղաքի մնացյալ եկեղեցիների և այլ հուշարձանների ողջ պատմությունն ու ճակատագիրը:
Անժելա Սարգսյան
Հուշարձանագետ, թուրքագետ