Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկդարյա հեռավորությունից Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում նշանավորվում են 1920 թ. դեկտեմբերի 2-ով թվագրվող երկու պատմական իրադարձություններ: Նախ` դեկտեմբերի 2-ին՝ հինգշաբթի օրը` կեսօրին՝ ժամը 12-ի մոտ, Երևանում ստորագրվում է Դրո-Լեգրան 8-կետանոց համաձայնագիրը, որով, ստեղծված ռազմաքաղաքական անելանելի հանգամանքների թելադրանքով, ՀՀ կառավարությունը կամավոր հեռանում է իշխանությունից` այն հանձնելով Հայհեղկոմին. դրանով Հայաստանը խորհրդայնացվում է: Մյուս իրադարձությունը դրանից մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, Ալեքսանդրապոլում ՀՀ պատվիրակության ղեկավար Ալ. Խատիսյանի և թուրք պատվիրակ Ք. Կարաբեքիր փաշայի միջև պայմանագրի ստորագրումն է, որը, սակայն, երկու կողմերն էլ չեն վավերացրել, և այն Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի թուրք-անդրկովկասյան պայմանագրով ճանաչվել է առ ոչինչ (չեղյալ):
Այժմ արդի իրողությունների լույսի ներքո ավելի քան 100-ամյա հեռավորությունից ի՞նչ դիտարկումներ կարելի է անել այդ երկու հիշարժան իրադարձությունների վերաբերյալ: Նախ արձանագրենք, որ դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով Հայաստանի խորհրդայնացումը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով, երբ ՀՀ ՀՅԴ Բյուրո-կառավարությունը, ստեղծված իրավիճակում այլ ելք չտեսնելով, նոյեմբերի 30-ի երեկոյան կառավարության դահլիճում, ապա` դեկտեմբերի 1-ի գիշերը, մոմի լույսի տակ, խորհրդարանի հետ համախորհուրդ, որոշեց հեռանալ իշխանությունից և երկրի հետագա ճակատագիրը հանձնել ռուսական Կարմիր բանակի ուղեկցությամբ Ղազախից Հայաստան մուտք գործած Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեին (Հայհեղկոմին), որը գլխավորում էր բոլշևիկ Ս. Կասյանը: Եվ այս համատեքստում միանգամայն ստահոդ է 70 տարի շարունակ շրջանառված այն կեղծիքը, թե իբր Հայաստանում խորհրդային կարգերը հաստատվել են 1920 թ. նոյեմբերի 29-ին՝ «ապստամբած աշխատավոր զանգվածների միջոցով» :
Դեկտեմբերի 2-ի պատմական իրադարձությանն առնչվող մյուս կեղծիքն այն է, որ Երևանի Դրո-Լեգրան համաձայնագրով Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը (ՀՍԽՀ) հայտարարվում էր «անկախ», և անվերապահորեն ՀՍԽՀ կազմում էին ներառվելու Երևանի նահանգն ամբողջությամբ, Կարսի մարզը, Ղազախ գավառի մի մասը և այլն, Հայհեղկոմի կառավարության կազմում ընդգրկվելու էին ՀՅԴ կուսակցությունից երկու «ձախ» անդամ, Դաշնակցությունը, մյուս սոցիալիստական կուսակցությունները և դրանց անդամները չէին հետապնդվելու, հալածանքի չէին ենթարկվելու և այլն, և այլն: Մի խոսքով` ստորագրված այդ 8-կետանոց պայմանագրային փաստաթղթի կետերը, ըստ էության, չկենսագործվեցին` բացառությամբ նրա, որ Հայաստանը խորհրդայնացվեց : Ավելին` ՀՅԴ-ի և այլախոհ համարվող մյուս բոլոր կուսակցությունների հանդեպ բոլշևիկների կառավարությունը ոչ միայն լոյալ չգտնվեց, այլև հետագա մի քանի տարիներին, նրանց դեմ հրապարակային ու ցուցադրական դատավարություններ կազմակերպելով, լուծարեց և հեռացրեց խորհրդային երկրի քաղաքական ասպարեզից, իսկ այդ կուսակցությունների այն ներկայացուցիչները, որոնք փորձեցին մնալ և ապրել հայրենիքում, հետագայում ենթարկվեցին ստալինյան որակված քաղաքական բռնաճնշումների՝ բանտարկության, աքսորի ու գնդակահարությունների :
Տարակույս չկա, որ դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով ի սկզբանե Խորհրդային Հայաստանի անկախությունը կրել է սոսկ ձևական բնույթ: Ավելին` Հայաստանը շուտով զրկվեց այդ «անկախությունից» և 1922 թ. Անդրդաշնության և ԽՍՀՄ կազմավորումից հետո խորհրդային մեկուկես տասնյակի հասնող հանրապետությունների նման այդ կարգավիճակում մնաց 7 տասնամյակ: Հարկ է նշել, որ անցած խորհրդային 70 տարիներին Հայաստանի՝ խորհրդային-կոմունիստական միակուսակցական ամբողջատիրական (տոտալիտար) համակարգում լինելը ունեցել է երկակի ազդեցություն. մի կողմից` խորհրդահայ ժողովուրդը կրել է բազում զրկանքներ, ենթարկվել է քաղաքական հետապնդումների ու հալածանքների, Հայրենական պատերազմում տվել է 200 հազարից ավելի զոհ և այլն, բայց մյուս կողմից՝ Հայաստանի` ԽՍՀՄ կազմում գտնվելով՝ խորհրդահայ ժողովուրդը համեմատաբար պաշտպանված է եղել հարևան ու արտաքին ոտնձգություններից: Բացի այդ` անուրանալի իրողություններ են հետպատերազմյան տասնամյակներին խորհրդային երկրի ու ժողովրդի` սոցիալ-տնտեսական, գիտակրթական ու մշակութային կյանքում նշանակալի ձեռքբերումներն ու առաջընթացը:
Արդեն հետխորհրդային շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ազգային-քաղաքական միանգամայն նոր փուլ նշանավորվեց 1988 թ. սկսված արցախյան ազատագրական շարժումով ու Հայաստանի անկախացման գործընթացներով, որոնց հետևանքով էլ համաժողովրդական քվեարկությամբ 1991 թ. հռչակվեց Հայաստանի և նաև ԼՂՀ անկախությունը: Վերջին երեք տասնամյակներին, չնայած բազում դժվարություններին, մեծագույն ձեռքբերում պետք է համարել 70-ամյա ընդմիջումից հետո ՀՀ անկախության վերականգնումը, ազգային-պետական սեփական ճակատագրի տնօրինումը, քանզի, ինչպես նկատել է ՀՅԴ ճանաչված տեսաբան ու գործիչ Վ. Նավասարդյանը, «Անկախութիւնը ազգերի անկապտելի իրավունքն է, նրանց անվերաքննելի ու նուիրական սեփականութիւնը: Անկախութիւնն ազգ-սուբյեկտի ազատութեան միակ ձեւն է, անկաշկանդ ապրելու եւ ստեղծագործելու միակ միջոցը» : Տեղին է նաև հիշել հայ մեծ մտավորական Ն. Աղբալյանի (Հանգույց) դիտարկումն այն մասին, որ «Ամեն ազգ պետք է իր քաղաքական հայրենիքն (ընդգծումն մերն է ‒ Ա. Հ.) ունենա» : ԽՍՀՄ փլուզումով Հայաստանը Արցախի հետ միասին ձեռք բերեց իր քաղաքական անկախությունը, և դրանով, պետք է ասել, որ ուղիղ հոգևոր կապ ստեղծվեց Առաջին հանրապետության հետ՝ իր պետականության խորհրդանիշներով՝ դրոշով, օրհներգով ու զինանշանով, պետաիրավական ու տնտեսական համակարգերով, ժողովրդավարական այլ արժեքների փոխորդեգրմամբ: Եվ այս իմաստով պատմության գիրկն է անցնում «դեկտեմբերի 2» հասկացությունը, և անմիջական ժառանգորդական կապ է ստեղծվում Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև:
***
Ինչ վերաբերում է 1920 թ. դեկտեմբերի 2-ի մյուս հիշարժան իրադարձությանը, ապա հարկ է փաստել, որ անցած մեկ դարում խորհրդահայ և անգամ մեր ժամանակների պատմագրության մեջ հանդիպում են հեղինակներ, որոնք շրջանցում են 1921 թ. մարտի 16-ի (իրականում՝ մարտի 18-ի) Մոսկվայի ռուս-թուրքական և դրա տրամաբանական շարունակությունն ու կրկնօրինակը հանդիսացող Կարսի հոկտեմբերի 13-ի թուրք-անդրկովկասյան պայմանագրերի հայավնաս վիթխարի հետևանքները, որոնց գնահատականը տրվեց մասնավորապես 2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդի ու «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համատեղ կազմակերպած` դրանց 100-ամյա տարելիցին նվիրված Երևանի միջազգային գիտաժողովում: Ալեքսանդրապոլի 1920 թ. դեկտեմբերի 2-3-ի հայ-թուրքական պայմանագիրը ոմանք զուտ հակադաշնակցական քարոզչության նպատակներով ներկայումս էլ շարունակում են որակել որպես ամենանվաստացուցիչ պայմանագիրը: Այն, ինչպես հայտնի է, կնքվել էր հարկադրաբար` թուրք-հայկական պատերազմում Հայաստանի կրած ծանր պարտության հետևանքով, թուրքական բիրտ ուժի ու սպառնալիքի գործադրմամբ: Պատմական իրողությունն այն է, որ տարածքային-սահմանային առումով Ալեքսանդրապոլի պայմանագիրը, համեմատած Մոսկվայի ռուս-թուրքական և դրա կրկնօրինակը հանդիսացող Կարսի թուրք-անդրկովկասյան «բարեկամության ու եղբայրության» պայմանագրերի հետ, համեմատաբար ավելի նպաստավոր էր:
Նախ Ալեքսանդրապոլի պայմանագրի պատմաիրավական ու քաղաքական գնահատականի հարցում պետք է արձանագրել, որ այն փաստացի (de facto) կատարված իրողություն է, բայց չի ունեցել իրավական ուժ մի քանի առումներով.
ա) Հայաստանի պատվիրակությունը պետական խաղաղ հեղաշրջման ու իշխանափոխության հետևանքով այլևս չուներ այն ստորագրելու իրավասություն,
բ) պայմանագիրը չի վավերացվել արդեն չգո Հայաստանի խորհրդարանի կողմից, և գ) պայմանագիրը ստորագրվել է հակառակորդ կողմի բռնի ուժի, անգամ ֆիզիկական սպառնալիքի տակ: Բացի այդ` գործադրվել է հոգեբանական ճնշում. պայմանագրի ստորագրման օրը ամրոցի պատուհանից դուրս նկատվել են կախաղան բարձրացված մի քանի մարմիններ, որով Ք. Կարաբեքիրը պարզ հասկացրել է հայ պատվիրակներին, որ նրանք չեն կարող հեռանալ առանց իր պահանջած ստորագրությունը տալու :
Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա՝
ա) Ք. Կարաբեքիր փաշայի ներկայացրած կառավարությունը միջազգայնորեն ճանաչված չէր, անգամ այն գլխավորող Մ. Քեմալ փաշան օսմանյան օրինական կառավարության կողմից համարվել է հանցագործ և նրա դատարանի վճռով մահվան դատապարտվել, բ) Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի վավերացվել թուրքական Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) կողմից, և գ) Անգորայի կառավարության կողմից բիրտ ուժի ու սպառնալիքի գործադրմամբ պարտադրված պայմանագիրը միջազգային պայմանագրային իրավունքի տեսանկյունից չէր կարող ունենալ իրավական ուժ, ուստի և միջազգային ճանաչում:
Անշուշտ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ծանր պարտություն կրած կողմին ուժով ու սպառնալիքով պարտադրված անիրավահավասար, միևնույն ժամանակ իրավական ուժ չունեցող անվավեր պայմանագիր էր: Ինչպես արդեն նշվել է, 18 հոդվածից բաղկացած Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչ մի կողմ չի վավերացրել և պաշտոնապես չի հրապարակել: Այն մասին, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային-իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, ՌՍԴԽՀ արտգործժողկոմ Գ. Չիչերինը իրազեկել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադին 1921 թ. ապրիլի 8-ին հղած նոտայում: Դրանում նա հիշեցնում էր թուրք դեսպանին, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է դաշնակցական կառավարության կողմից այն պահին, երբ արդեն հռչակված էր Հայաստանի խորհրդային կառավարությունը, և այն չի վավերացվել: Բացի այդ, ըստ պայմանագրի տեքստի, այն գործողության մեջ կարող էր դրվել մեկ ամսվա ընթացքում` կողմերի օրենսդիր մարմինների կողմից հաստատվելուց հետո, ինչը նույնպես չի արվել : Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ բոլոր առումներով Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի ունեցել իրավական որևէ հիմք, որպեսզի ճանաչվեր և գործողության մեջ դրվեր:
Մյուս կողմից՝ խորհրդային պատմագրության մեջ և նույնիսկ հետխորհրդային մի շարք հեղինակների աշխատություններում շրջանառվում էր նաև մի կարծրատիպ, թե իբր Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին մնում էր ընդամենը 10 հազար քառ. կմ տարածք, որը հավասարվում էր Բաթումի 1918 թ. հունիսի 4-ի հայ-թուրքական պայմանագրով նախատեսված տարածքին : Դա, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Տարածքային-սահմանային խնդրի քիչ թե շատ հետևողական ու արդարացի լուծման դեպքում, կարծում ենք, որ ՀՍԽՀ տարածքը կարող էր հասնել առնվազն 40 հազար քառ. կմ-ի :
Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերով գծված հայ-թուրքական սահմանի տեղանշումները համեմատելիս կարելի է համոզվել, որ տարածքային-սահմանային առումով Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչնչով չի զիջել Մոսկվայի, ինչպես և դրա կրկնօրինակ Կարսի պայմանագրերին: Ավելին, եթե Ալեքսանդրապոլի պայմանագրով սահմանը Կարսի մարզի հատվածում անցել է Թիխնիս, Մեծ Ղմլու և Ղըզըլ-դաշ գյուղերից դեպի արևմուտք, այսինքն՝ հիշյալ բնակավայրերը իրենց շրջակա տարածքներով ներառվել են Հայաստանի կազմում, ապա Մոսկվայի պայմանագրով, ընդհակառակը, հայ-թուրքական սահմանագիծն անցել է այդ գյուղերից արևելք, այսինքն՝ դրանք թողնվել են Թուրքիայի կազմում: Ճանաչված պատմաբան-քարտեզագետ Բ. Հարությունյանի քարտեզագիտական դիտարկումներով ու կատարած մոտավոր հաշվումներով` Մոսկվայի պայմանագրով, Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ, Թուրքիային է անցել 250 քառ. կմ տարածք : Եթե նկատի առնենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին էր անցնում Կարսի մարզի հյուսիսարևելյան շրջանից 600 քառ. կմ տարածք, իսկ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով շուրջ 250 քառ. կմ եռանկյունի մի հողատարածք խորհրդային սահմանագծող ու քարտեզագրող կողմի անփութության և անհետևողականության հետևանքով կրկին զիջվել է Թուրքիային, ապա, Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ, Մոսկվայի պայմանագրով Կարսի մարզից Հայաստանին թողնվել է ընդամենը 350 քառ. կմ, որն էլ կազմում է Աղբաբայի՝ ներկայիս Ամասիայի ենթաշրջանը :
Մեր կողմից բերված սույն փաստը բնավ նպատակ չի հետապնդում արդարացնելու կամ պաշտպանության տակ առնելու Ալեքսանդրապոլի կողոպտիչ, բայց և անվավեր ու չգո պայմանագիրը: Այստեղ պատմագիտական կեղծիքն այն է, որ եթե չկնքվեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, չէին լինի Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող ծանր պայմանները: Այնինչ, ինչպես արդեն ակնարկվեց, Մոսկվայի խորհրդաժողովի ընթացքում որևէ հիշեցում չի եղել Ալեքսանդրապոլի պայմանագրի գոյության մասին։ Էլ չենք խոսում բացահայտ կեղծ այն մտամարզանքի մասին, թե իբր Մոսկվայի պայմանագրով չեղյալ համարվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ինքնին հասկանալի է, որ այս և պատմական իրողությունների հետ աղերս չունեցող համանման հայտարարությունները նախկինում օգտագործվել են որպես զենք ՀՅԴ-ի դեմ մղված քաղաքական-քարոզչական պայքարում:
Այսպիսով, հանրագումարի բերելով վերոշարադրյալը, կարելի է արձանագրել, որ որպես պատմական հիշարժան օր՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ը տխուր խորհուրդ ունի, քանզի մի կողմից Երևանի Դրո-Լեգրան համաձայնագրով արձանագրվեց ՀՀ անկումն ու անկախության կորուստը, իսկ մյուս կողմից իրադարձությունների բերումով այդ նույն օրը` ուշ գիշերին, ստորագրվեց Ալեքսանդրապոլի հայ-թուրքական (Խատիսյան-Կարաբեքիր) կողոպտիչ, սակայն անվավեր պայմանագիրը, և դարձյալ արձանագրվեց Հայաստանի տարածքների մի մեծ հատվածի կորուստ: Մեր տպավորությամբ, 100-ամյա հեռավորությունից դեկտեմբերի 2-ի այդ երկու տխուր փաստն են ծանրացած մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ, և դրանց հաղթահարմանը պիտի միտված լինեն Հայաստանի ու համայն հայության առաջիկա ու հետագա հավաքական ջանքերը:
Արարատ Հակոբյան