Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ԼՂՀ Մարտունի քաղաքն այսօր էլ կրում է պատերազմի հետքերը: Ավերակների հարեւանությամբ ապրող մարտունեցիները մերթ ընդ մերթ շարունակում են լսել ոչ հեռու սահմանագծից լսվող, պատերազմ հիշեցնող հրաձգության ձայներ։
Շուրջ 5700 բնակիչ ունեցող Մարտունու համայնքի վարչական տարածքում է գտնվում նաեւ Քաջավան բնակավայրը, որը համեմատաբար ավելի մոտ է սահմանին, եւ որտեղ, բնակիչների խոսքերով, «կրակոցների ձայներն արդեն սովորական են դարձել»։
Արթուր Կիրակոսյանը, ով 1995 թվականից, որպես վերաբնակիչ, ընտանիքով ապրում է Քաջավանում, ասում է, որ գիշերները նույնիսկ կարողանում է տարբերակել, թե որտեղից են կրակում, քանի որ իրենց տունը գյուղի ամենաբարձրադիրն է, եւ սահմանը երեւում է «ափի մեջ»։
Գյուղի սահմանամերձ լինելը չի խանգարում Կիրակոսյանների առօրյային, եւ կրակոցների տակ շարունակում են հանգիստ վայելել իրենց մի գավաթ սուրճը։ Ընտանիքում երեքով են՝ ամուսինները եւ նրանց կրտսեր որդին։ Ավագն ամուսնացել է եւ ընտանիքով ապրում է Մարտունիում։
Արթուրը շինարարությամբ է զբաղվում եւ, ինչպես ինքն է ասում, շինանյութերի ավելցուկով էլ իրենց տունն է կարգի բերել։ Ներկա վիճակից դժգոհ չէ. «Փառք Աստծո, հիմա լավ ենք, առաջին մի քանի տարիներն էին ծանր, քանի որ տունը կիսակառույց էր` հատակ չկար, լուսամուտների ապակիների փոխարեն կտորներ էինք կախում, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, նորմալ տան նման է»։
Դժվարությունների մասին անցյալ ժամանակով է խոսում նաեւ տիկին Սեդան, ով թեեւ ամեն օր աշխատանքի գնալու համար ստիպված է լինում մեկուկես կիլոմետր քայլել, չի դժգոհում՝ արդեն հարմարվել է։
Մինչ տանտերը մտահոգվում է մյուս որդու` ընտրյալ չգտելու մասին, տիկինը խնամում է թոռնիկին՝ ավագ որդու դստերը ու հույս հայտնում, որ փոքրիկը նույն դժվարությունները չի տեսնի եւ արդեն կապրի ավելի բարեկարգ բնակարանում։
Չնայած տան բարձրադիր լինելուն` հեռախոսակապը միայն մի տեղ է հասանելի։ Այդ ամենին սովոր Արթուրը կատակով է վերաբերվում դրան եւ հյուրերին էլ «հանգստացնում է»՝ ասելով՝ վերջապես ձեր կատարյալ հանգիստը կվայելեք, եւ հեռախոսն էլ չի անհանգստացնի իր զանգերով։
Ի տարբերություն հեռախոսակապի, այստեղ հասանելի են ոչ միայն հայկական եւ ռուսական, այլեւ ադրբեջանական հեռուստաալիքները։ Ադրբեջանական հեռուստածրագրեր եւս նայում են, հիմնականում` երաժշտական, հատկապես, երբ ցուցադրում են խորհրդային տարիներից հայտնի երգչուհի Զեյնաբ Խանլարովային։ Նրան Արթուրը հիշում է մանկության տարիներից, երբ մի անգամ համերգի ժամանակ «քեռու խնդրանքով փոխանցել էր մի փունջ ծաղիկ եւ ջերմագին պաչիկ»։
Մանկության բարի հուշերը, սակայն, ի չիք են դառնում, երբ նույն ադրբեջանական ալիքներով սկսվում է պետական հակահայկական քարոզչությունը, ու Արթուրը ցավով նշում, որ ադրբեջանական ալիքներն ընդգծված ատելությամբ են ներկայացնում հայերին, ինչը խոսում է այն մասին, որ «այս երկու ժողովուրդները չեն կարող միասին ապրել, եւ սահմանի առկայությունը պարտադիր է»։
Սահմանին կանգնած տղաների հետ են կապում իրենց անվտանգությունը Քաջավանի մյուս բնակիչները: Անին, ով հարս է եկել Հադրութի շրջանից, ասում է, որ մտքով անգամ չի անցնում, որ սահմանամերձ գոտում անվտանգության հարց կարող է լինել։ «Մեր տղաներն այնտեղ /սահմանին-հեղ./ ամուր կանգնած են, ինչի՞ մասին պետք է մտածեմ»,- ասում է երիտասարդ մայրը ու շարունակում հարեւան հարսի հետ իր զրույցը։
Երկուսն էլ Հադրութի շրջանից են եկել հարս ու այստեղ էլ ընկերություն են անում՝ փորձելով հարմարվել երիտասարդների համար ոչ այնքան հետաքրքիր Քաջավանում։ Ասում են՝ օրը միապաղաղ է անցնում, ոչ մի նոր բան։
Հարսներից մեկի սկեսուրը՝ ազգությամբ ռուս տիկին Թամարան, նույնպես անցյալ ժամանակով է խոսում ծանր օրերի մասին, սակայն, ըստ նրա, այժմ էլ այդքան հեշտ չէ ապրելը: Տիկին Թամարան խոհարար է աշխատում, իսկ տղան էլ գյուղի ֆերմայի անասնապահն է։ Այդպես էլ ապրում են սահմանամերձ գյուղում՝ նորածին թոռան՝ Մաքսիմի հետ, որի համար տարիներ անց խորթ կլինեն ղարաբաղյան պատերազմ, հակամարտություն եւ նմանատիպ ձեւակերպումները, թեեւ նա այսօր մուշ-մուշ քնում է սահմանային կրակոցների ձայների տակ։
Մարիամ Սարգսյան