կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 23:59
Արցախ

Պետնախարարը պատասխանել է ՀՅԴ խմբակցության հարցերին

Պետնախարարը պատասխանել է ՀՅԴ խմբակցության հարցերին

ԱՀ  պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ նկատելի են եղել  մի շարք  խնդիրները, որոնք  հիմնականում վերաբերել են  հաշվետվության ներկայացման ձևի ու որակի մեջ: Պետբյուջեի կատարողականը ներկայացվել է  «Բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքի մի շարք հոդվածների խախտումներով:   Այս մասին այսօր  ասել է Ազգային ժողովի  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝   ԱՀ  2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության  քննարկմանը:     

Այդ շրջանակում,  ՀՅԴ խմբակցության ղեկավար  Ա. Մոսիյանի  և պատգամավոր  Դավիթ Իշխանյանի հարցադրումներն ու առաջարկությունները՝    ուղղված    ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին,  առընչվում  էին   մասնավորապես՝   պետական ներքին պարտքին, վարկերի ձեռբքերմանն ու  դրանց սպասարկման պայմաններին, պետբյուջեի հավելորդին,  պակասորդին ու ազատ մնացորդին    վերաբերող ֆինանսները  չարտացոլելուն,   ինչպես նաև  վերլուծական-համեմատական գնահատականներին ու պետական ֆինանսական ակտիվների գործառնությունների  հետ կապված մանրամասն տեղեկատվությանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝  անցյալ տարվա պետբյուջեի  հաշվետվության մեջ ներկայացված են օրենքով հրապարակում  պահանջող   տեղեկությունները: Պետնախարարը միաժամանակ հավաստիացրել է, որ պետբյուջեի  հետագա հաշվետվությունների ներկայացման ժամանակ, նկատի են առնելու  ՀՅԴ խմբակցության առաջարկությունը՝  պետական ներքին պարտքի,  սպասարկման պայմանների և մարմանն ուղղվող ֆինանսների  արտացոլման վերաբերյալ:  

Քննարկումից հետո,  «Ապառաժ»-ի հետ զրույցում, անդրադառնալով պետբյուջե-2019-ի կատարողականի  քննարկումներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Մոսիյանը նշեց, որ   ընդհանուր առմամբ,  քննարկումների գործընթացը գոհացուցիչ է: 

«Նույնը,  սակայն,  չենք կարող ասել Ազգային ժողովին ներկայացված բյուջեի  հաշվետվության որակի վերաբերյալ: Չեն պահպանվել բյուջետային համակարգի մասին օրենքի մի շարք հոդվածներ, իսկ 26-րդ հոդվածը, որը վերաբերում է պետական ներքին պարտքին,   ընդհանրապես   չի արտացոլվել անցյալ տարվա  բյուջեի կատարողականում: Ընդհանուր ֆիքսված են միայն դեֆիցիտի մարմանն ուղղված ֆինանսական միջոցները, սակայն  խնդրահարույց ենք համարում,  որ արտացոլված չէ թե որքան է կազմում պետական  ներքին պարտքը՝   2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Սպառիչ   պատասխաններ չհնչեցին նաև մեր՝ այն հարցադրումներին, թե ինչու՞ կատարողականում հստակորեն արտացոլված չէ տեղեկատվությունն այն մասին՝ ու՞մից ենք պարտք կամ վարկ վերցնում,  ի՞նչ պայմաններով և ի՞նչ ֆինանսական միջոցներով ենք սպասարկում»,-մանրամասնել է Ա. Մոսիյանը: 

Վան Նովիկով