կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 17:13
Քաղաքական

Պատգամավորները տարակուսած են` փոխարտգործնախարարները չեն կարողանում պատասխանել կարևոր հարցերին

Պատգամավորները տարակուսած են` փոխարտգործնախարարները չեն կարողանում պատասխանել կարևոր հարցերին

2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնում էր փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Նրա համար այսօր այդ պաշտոնում առաջին աշխատանքային օրն էր: Մինչ այս Կարեն Նազարյանը ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն էր:

 

Նախ` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եվրաինտեգրման հանձնաժողովին բյուջեով նախատեսված չէ առանձին դրույթ, կան մի քանի ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն: Այդ ծրագրերն ունեն ցածր կատարողական` մոտ 41 տոկոս, և դրա պատճառը ոչ թե վճարումների թերացումն է, այլ անցյալ տարվա ընթացքում հատկացվել են այնքան գումարներ, որքանով որ իրականացվել են այդ ծրագրերը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Կարեն Նազարյանին` մեջբերելով այսօր Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի այն հայտարարությունը, որ` «Եվրասիական տնտեսական տարածքը պաշտպանելու է երեք երկրների`Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի շահերը, և փաստաթուղթը պատմական է այդ երեք երկրների համար»: «Որտե՞ղ է Հայաստանի շահը այդ դեպքում, ո՞վ պետք է այդ շահերը ներկայացնի, թե՞ մենք պետք է հարմարեցնենք մեր շահերը այլ պետությունների շահերին»,- հարցրեց պատգամավորը:

 

Կարեն Նազարյանը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց, միայն ասաց, որ արվում է ամեն ինչ, և ընթանում են աշխատանքներ:

 

Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես հասկանում եմ, որ Ձեր կոմպետենտության ներքո չեն այս հարցերի պատասխանները, որ տեղեկացված չեք, բայց արդեն ակնհայտ է, որ Հայաստանն ունի անհաղթահարելի խոչընդոտներ, իսկ մենք` բոլորս, չունենք պատասխաններ: Վատ մի զգացեք Ձեզ, որովհետև անգամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկվա դրությամբ չգիտեր, թե ինչ է տեղի ունենալու Աստանայում և ասել է` կգնանք Աստանա, կերևա»:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ չի կասկածում Կարեն Նազարյանի դիվանագիտական կարողություններին և հասկանում է, որ փոխարտգործնախարարը չի կարողանում պատասխանել որոշ հարցերի, սակայն բոլորը մտահոգ են և չունեն պատասխաններ: Ըստ նրա` ԱԺ պատգամավորներին չի բավարարում արտգործնախարարության «պատշաճ ժամկետներում պատեհ պահին կպատասխանենք» պատասխանը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ իզուր են կարծում, թե Աստանայից վերադառնալուց հետո Նալբանդյանը կտա հուզող հարցերի պատասխանները` այն պարզ պատճառով, որ Հայաստանը վաղուց արդեն չի ձևավորում արտաքին քաղաքականության օրակարգ:

 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ արտգործնախարարության ներկայացուցիչը պետք է հաշվարկեր, որ գոնե այսօր պետք է հնչեն Աստանայում ընթացող կոնֆերանսի մասին հարցեր, բայց եթե Նալբանդյանն անգամ ներկա լիներ`  չէր կարողանա պատասխանել այդ հարցերին:

 

«Խորհրդարանը պետք է պահանջի արտգործնախարարությունից ինչ-որ մի ֆորմատով կազմակերպել հանդիպում, որպեսզի արտգործնախարարությունը տա պարզաբանումներ, որոնք այդպես էլ չստացանք երկու փոխարտգործնախարարներից»,- ասաց պատգամավորը: