Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 12:54
Քաղաքական

ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ում չի կարողանում պատասխանել բանավոր հարցերին

ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ում չի կարողանում պատասխանել բանավոր հարցերին

Այսօր Սահմանադրական դատարանը քննում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների` Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումը:

Դիմումը ստորագրած ԱԺ 33 ընդդիմադիր և անկախ պատգամավորներից ՍԴ-ում ներկա են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով հանդես է գալիս` որպես պատգամավորների ներկայացուցիչ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Արայիկ Աղաբաբյանը և Էլինար Վարդանյանը: 

Որպես պատասխանող կողմ  հանդես է գալիս ԱԺ-ն՝ որպես օրենքները ընդունող  մարմին: Պատասխանող կողմից ՍԴ է ներկայացել ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նշված օրենքների վիճարկման համար Սահմանադրական դատարանին է ներկայացվել ավելի քան 400 էջանոց հիմնավորում առ այն, որ օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը և ներդրվել են մի շարք ընթացակարգային խախտումներով: 

ՍԴ անդամ Կիմ Բալայանը հետաքրքրվեց պատասխանող կողմից, թե ինչո՞ւ օրենքի նախագիծը մինչ ընդունվելը ԱԺ մշտական հանձնաժողովներում չի քննարկվել, խնդրեց վկայակոչել իրավական համապատասխան ակտը, որի հիման վրա ՍԴ է ներկայացվել բացատրություն, որ արտահերթ նիստերի պատճառով հանձնաժողովները չեն հասցրել եզրակացություն ներկայացնել:

ԱԺ իրավաբանական վարչության պետը հայտարարեց, որ չի պատրաստվել բանավոր հարցերին, պատրաստվել է միայն գրավոր ընթացակարգին: «Չեմ պատրաստվել, հարցերին պատասխանելու համար կարող ենք հետաձգել դատը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Կիմ  Բալայանը հարցրեց. «Իսկ եթե ժամանակ տրամադրենք, կարո՞ղ եք պատասխանել»:  «Չեմ կարող, չեմ պատրաստվել»,- եղավ ԱԺ ներկայացուցչի պատասխանը:

Հարցուպատասխանից հետո Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: