Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը հայտարարեց, որ բնակչության համար գազի գինը կմնա անփոփոխ, մինչդեռ մի շարք տնտեսվարողների համար՝ այդ թվում նաև առաջնային ապրանքներ արտադրողների համար, 4․5 տոկոսով կթանկանա։ Թեմայի շուրջ 365news.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
-Պարոն Ավետիսյան, չնայած սպառող քաղաքացիների գազի գինը մնաց նույնը, սակայն մի շարք այլ տնտեսվարողների համար գազի գինը 4, 5 տոկոսով կթանկանա։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:
-Նախ ընդգծենք, որ այն առաջարկը, որը ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիա»-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և այն, ինչը որ հաստատվել է ՀԾԿՀ-ի կողմից, դրանք միանգամայն տարբեր են։ «Գազպրոմ Արմենիան» սակագնի ավելի թանկացման առաջարկ էր ներկայացրել, ըստ որի՝ միջին սակագինը պետք է հաստատվեր 283 դոլար, մինչդեռ ՀԾԿՀ-ն հաստատել է դրանից ավելի ցածր սակագին։ Բացի դրանից, «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր բոլոր ֆիզիկական անձ սպառողների համար նույն սակագինը սահմանել, սակայն ՀԾԿՀ-ն չի հաստատել դա։ Այս տարբերություններից ելնելով՝ մենք հասկանում ենք, որ այս խնդիրը դեռևս չի լուծվել, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն, որ մենք գործ ունենք բնական մենաշնորհի հետ։
Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք, որ այս խնդիրին «Գազպրոմ»-ը կանդրադառնա, քանի որ նրանց հիմնավորումների մեջ հստակ էր, որ իրենց կողմից առաջարկված սակագինն առնվազն տալու է նվազագույն հնարավորություններ՝ համակարգի անվտանգությունն ապահովելու, համապատասխան ներդրումներ իրականացնելու և անխափան շահագործելու համար։ Սրանից դուրս է գալիս, որ այս խնդիրը դեռևս կարգավորված չէ ու իրենից անորոշությունն է ենթադրում, որ նորից պետք է անդրդարձ կատարվի այս հարցին։ Մի շարք տնտեսվարողների համար այս թանկացումները կարող ենք համարել միջանկյալ։ Այս ամենը կարող է ունենալ և՛ տնտեսական և՛ սոցիալական հետևանքներ։ Չնայած ազգաբնակչության համար գինը թողնվել է նույնը, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա ունենալու ենք գնաճ։ Մի շարք ոլորտներում՝ մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող ընկերություններում, ինչպես նաև ծառայություններ մատուցող կազմակերպություններում գազը ծախսային հիմնական կոմպոնենտներից մեկն է և, եթե մենք այստեղ այս կամ այն չափով ունենում ենք թանկացում, դա չի կարող չազդել գների բարձրացման վրա։ Այդ ոլորտները տարբեր են՝ տրանսպորտային ծառայություններից մինչև սննդամթերքի արտադրություն և վերջապես հենց հացի արտադրություն։ Բացի սրանից, մենք ունենք նաև արտաքին շուկաներում մրցակցող տնտեսվարողներ՝ օրինակ ջերմոցային տնտեսությունները, որոնք ևս մեծ վնասներ են կրում։ Մի քանի անգամ անդրադարձել եմ այս թեմային, որ մեր ջերմոցային արտադրությամբ զբաղվող և արտահանող տնտեսվարողներն առանց այն էլ տարածաշրջանում ունեն ոչ բարենպաստ մրցակցային հնարավորություններ՝ թեկուզ հենց գազի գնով պայմանավորված։ Եթե հիմա այս տնտեսվարողների համար նորից թակացումներ լինեն, եթե ոչ բոլորի, ապա նրանցից շատերի համար շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ առնվազն արտահանման շուկաներում իրենց դիրքերը պահպանելու համար։ Նրանց՝ արտահանման շուկաներից դուրս մնալն անմիջականորեն կազդի մեր երկրի տնտեսության վրա։
-Հնարավո՞ր է՝ կառավարությունը պետական աջակցության որևէ ծրագրի շահառու դարձնի այս որոշումից հետո տուժած տնտեսվարողներին՝ փորձելով կանխել ներքին շուկայում սպասվելիք գնաճը:
-Սա բավականին սխալ մոտեցում կլինի։ Խնդիրը պետք է լուծվի, մարտահրավերները պետք կանխարգելվեն՝ դա ավելի արդյունավետ աջակցություն կլինի, քան, որ թողնեն ամեն ինչ կատարվի, հետո սկսեն հետևանքները վերացնել։ Հետևանքները վերացնելու համար նախ ավելի շատ միջոցներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ, բացի դրանից՝ հետևանքների վերացումը երբեք չի կարող համարժեք լինել կանխագարելմանը։
-Փաստորեն, գազ սպառող ֆիզիկական անձանց համար սակագինը մնաց նույնը՝ ի հաշիվ որոշակի ծախսերի կրճատման՝ աշխատավարձի ֆոնդ, աշխատատեղերի կրճատում, ընդհանուր ծախսերի օպտիմալացում և այլն։ Սա ի՞նչ հետևանք կունենա, արդյո՞ք կազդի ներքին աշխատունակության վրա:
-Այս իրավիճակում աշխատատեղերի կրճատում՝ կլինի «Գազպրոմ»-ում, թե մեկ այլ տեղ, դա ինքնին խնդիր է։ Մի կողմից խնդիր է 1000 ընտանիքի համար, մյուս կողմից, եթե համակարգի տեսանկյունից ենք դիտարկում, ապա կրճատելով 1000 աշխատող՝ հարց է առաջանում, արդյո՞ք մենք կունենանք անվտանգ և անխափան գազամատակարարում։ Եթե կրճատումներ լինեն, պետք է բարձրացնեն աշխատանքի ինտեսնիվությունը։ Օրինակ, եթե մի տեսուչ սպասարկում էր x թվով օբյեկտ, ապա հիմա պետք է սպասարկի դրանից 20-30 տոկոս ավելի օբյեկտներ։ Այստեղ կրկին մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք կարողանալու են առնավազն եղած որակով սպասարկել, թե՞ ոչ։ Երկրորդ հարցն էլ աշխատողի իրավունքի տեսանկյունից է առաջանում։ Իրենք ասում են՝ կրճատումներ անենք, թողնենք նույնը աշխատավարձերը, բայց բարձացնենք ինտենսիվությունը։ Եթե 20 տոկոս աշխատակազմից կրճատում ես, մնացած աշխատողների աշխատանքն, ինքնըստինքյան, ավելանում է: Սրանից պետք է եզրակացնել, որ մարդկանց աշխատավարձը դրա համապատասխան պետք է բարձրացվի, որպեսզի ինտենսվությունը ևս բարձրանա։ Աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածն այս պարագայում հստակ պահանջ ունի՝ եթե աշխատանքի նորմատիվները փոխվում են, ապա դրան համապատասխան պետք է բարձրանա նաև աշխատողների աշխատավարձը։ Ըստ էության, այս իրավունքը խախտվելու է ու սրա պատասխանատուն ոչ թե պետությունն է լինելու, այլ հենց «Գազպրոմ»-ը՝ որպես գործատու։
-Արդյո՞ք ՀԾԿՀ-ի այս որոշումն ամենաօպտիմալ լուծումն էր՝ իրավիճակով պայմանավորված:
-Իմ կարծիքով՝ այդ հարցը չունի պատասխան, քանի որ շատերը կարող են ասել, որ օպտիմալ էր, մի մասն էլ՝ ճիշտ հակառակը։ Ես մի շարք հարցեր թվարկեցի, որոնք անպատասխան են մնացել, մի շարք անհամաձայնություններ կան հիմնական սուբյեկտների միջև։ Հետևաբար, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլուծեն առաջացած հարցերն ու խնդիրները, դրանից հետո էլ արդեն կարող ենք ասել՝ այսօրվա տրված լուծումն օպտիմա՞լ էր, թե՞ ոչ։ Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ սա ավելի շատ քաղաքկան իրավիճակ ձգելու, խնդիրները հետոյին թողնելու լուծում է, քան թե օպտիմալ։ Տնտեսական խորը պրոբլեմներն այնպիսի բնավորություն չունեն, որ իրենց ձգես, իրենք իրենց լուծվեն։ Այդ խնդիրները, իրականության հետ առերեսվելով, պետք է օր առաջ լուծումներ ստանան, որովհետև ոչ միայն սպառողներին են վերաբերվում, այլ նաև մեր երկրի ողջ տնտեսությանը։
Մելինե Պետրոսյան