կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ըմբիշ Ռոման Ամրոյանին և 101 այլ քաղաքացու ԱԺ-ի դիմացից բերման են ենթարկում

ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել 101 քաղաքացի, որոնց թվում է Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։ Այնտեղ հավաքված են նաև մեծ թվով ոստիկաններ։

Նրանք ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին։

«Մենք մինչև բերման ենթարկելը և՛ զգուշացրել ենք, և՛ ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան։ Այս պահին հավաքի վայրը հանդիսանում են հարակից փողոցները։ Ներկայացրել ենք, չեն հեռացրել, օրինական պահանջով տարել ենք Ոստիկանության բաժիններ»,-ասաց Ոստիկանության Պարեկապահակային գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողների հետ զրույցում։

Նա վստահեցրեց, որ Ոստիկանությունը բոլորին  ֆիքսել է դեմքերով։

Ինչպե՞ս է Ոստիկանությունը սովորական քաղաքացուն տարբերում հավաք իրականացնողից՝ հարցին Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը պատասխանեց, որ վաղուց են տարբերակել, սակայն ոչ բոլորին են ոստիկանները դեմքով ճանաչում։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:

Մանրամասն՝ տեսանյութում․