կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-13 14:21
Քաղաքական

Կարգի և անկարգության աղբյուրը իշխանությունն է. Արտակ Սարգսյան

Կարգի և անկարգության աղբյուրը իշխանությունն է. Արտակ Սարգսյան

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է․

«Կարգի և անկարգության աղբյուրը իշխանությունն է

Մենք գենետիկ անկարգ քաղաքացիների հանրություն չենք, մենք հաղթած ժողովրդի զավակներ ենք, ազատություն և անկախություն հռչակած ժողովրդի ծոցից ենք ելել, մենք բռնություններ ու անարդարություն հաղթած ու տապալած նվիրյալների սերունդ ենք, հայրենիքում և օտար ափերում մեր տեսակը պահպանած ու զարգացրած ազգի ներկայացուցիչներ ենք: Վերջապես մենք սեփական երկրում սեփական իշխանության անարդարությունների դեմ ըմբոստացած քաղաքացիերի ներկայացուցիչներն ենք: Մենք օրինապաշտ ժողովուրդ ենք, եթե օրինապաշտ է իշխանությունը:

Որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, դա անխոս ճշմարտություն է, և շատ քաղաքացիներ, այս կամ այն ձևով, կամավոր լծվել են այդ գործի ապահովմանը՝ սկսած սեփական ընտանիքներից: Սակայն դատողությունները, որ հանրությունը չի լսում, որովհետև գենետիկորեն չի հավատում իշխանությանն ու նրա ասածներին և ըմբոստանում է կարգի դեմ, այն ընկալելով անազատություն, կարճ ասած՝ տրամաբանությունը շեղելու անհաջող փորձ է:

Նախ՝ իշխանությունը պետք է հասկանա՝ հանրության մի ստվար զանգված դեմ է իրեն՝ բազմաթիվ պատճառներով, և դա օբյեկտիվ է. երբ գալիս ես իշխանության սիրո և համերաշխության լոզունգներով և ընդամենը 2 ամիս հետո հասարակությունը բաժանում ճամբարների, պետք է պատրաստ լինես հակառակ ճամբարի դիմադրությանը:

Երկրորդ՝ երբ արդարադատությունը դարձնում ես գրպանային և իրականացնում ընտրողաբար՝ չեզոքացնելու ներկա և պոտենցիալ ընդդիմախոսներին, պետք է պատրաստ լինես ընդվզման. հասարակությունը ընկալում է այս անարդարությունն ու հաշվեհարդարը՝ ինչքան էլ ատի անցյալը, հարուստներին ու կասկածվողներին:

Երրորդ՝ երբ ցանկանում ես ջնջել անցյալն ու սկսել նոր տողից, պետք է պատրաստ լինես անցյալում հաջողածների դիմադրությանը. բոլորն իրենց ժամանակի հերոսն են, և նոր հերոսները չպետք է փորձեն ոչնչացնել նախկիններին, այլ պետք է ուղղեն նրանց սխալները և փորձեն լինել ավելի լավն ու օրինակելի:

Չորրորդ՝ շատ դժվար է համոզել մի ժողովրդի, որին արդեն 2 անգամ դրդել ես անկարգության՝ թեկուզ ընդդեմ անարդար իշխանության. հիմա այդ նույն ժողովուրդը չի հանդուրժում գործող իշխանության անարդարությունն ու անկարողությունը, և դա արդարացի է:

Հինգերորդ՝ եթե ուզում ես համերաշխություն և կարգ ու կանոն, պետք է ինքդ լինես դրա օրինակը. եթե ասում ես՝ ժողովուրդ, ես ու դու ենք, մնացածին պետք է ուղարկենք աղբանոց, պետք է հասկանաս՝ այդ ժողովրդի մի ստվար զանգված հասկանում և տեսնում է, որ շրջապատում այլ խելացիներ ու արժանավորներ էլ կան և նրանց էլ է լսում. որևէ իշխանություն չի կարող և չպետք է փորձի դառնալ հանրության տեղեկատվության միակ աղբյուրը. տեղեկատվական այս դարաշրջանում դա անհնար է:

Վեցերորդ՝ ժողովուրդն ու ցանկաված ընդդիմախոս իրավունք ունի և պետք է քննադատի իշխանությանը, պահանջի նրա իսկ տված խոստումների կատարում. եթե որևէ իշխանություն փորձում է փակել բերաններն ու անտեսել տրված խոստումները, հանրությունն ողնաշարով է դա զգում և ակամայից ընդվզում. նա սկսում է ոչ թե չհավատալ դիմակի ու ձեռնոցի կարևորությանը, այլ կասկածում է իշխանության անկեղծությանը՝ ընդհանրապես:

Յոթերորդ՝  լսել ընդդիմությանը, եթե նույնիսկ համաձայն չես նրա հետ ու ատում ես այն: Ճգնաժամային պայմաններում ընդառաջ գնալու առաջին քայլը պետք է կատարի հենց իշխանությունը, հատկապես, որ ընդդիմությունը պատրաստ է համագործակցության. երբ անտեսում ես ընդդիմությանը, փնովում, հայհոյում, սպառնում ու ձերբակալում նրա ներկայացուցիչներին, պետք է պատրաստ լինես ընդդիմության համախմբմանն ու իշխանափոխության պահանջին:

Ութերորդ՝ եթե այս կանոնները, անկասկած, գիտակցելով, այնուամենայնիվ, մեղավորներ ես փնտրում այլոց և ոչ սեփական վարքագծում, պետք է հասկանաս, որ ձախողվում ես»: