Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի Մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը։
– Երկու օր առաջ Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքել են Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացելու դեմ: Դա մի խումբ մարդկանց նախաձեռնությո՞ւն է, թե՞ այդպիսի հանրային տրամադրություններ կան:
– Չեմ կարծում, որ դա Իրանի կառավարական կամ պետական տեսակետն է: Նախ ասեմ, որ այդ ցույցի բնույթը հակահայաստանյան չէր, հակաիսրայելական էր: Հայաստանի նկատմամբ կար բողոք փոքրաթիվ խմբի կողմից, բայց չեմ կարծում, որ պետական տեսակետը դա լինի: Իրականությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարական շրջանակների կողմից նման մոտեցում չկա: Բնական է, որ ամեն մարդ իր տեսակետն է արտահայտում, ցույցեր են կազմակերպում, բայց այդտեղ շատ մտահոգիչ բան չկա: Պետք է տեսնել հետագա զարգացումները, թե արդյոք այդ խմբերը կարող են տրամադրություն ստեղծել, թե ոչ: Մի քիչ պանթյուրքիստական հոտ է գալիս այս ամենից, հետևաբար՝ չեմ կարծում, որ դրանք հանգեցնեն պետական քաղաքականության մեջ լուրջ փոփոխության Հայաստանի նկատմամբ:
– Արդյոք բողոքի ցույց անողներն իրանցինե՞ր էին:
– Իհարկե, իրանցիներ էին, բայց իրանցիների մեջ 16 էթնիկ խմբեր կան: Հիմա դժվար է ասել, թե նրանից քանիսն էին ադրբեջանցի, քանիսն էին պարսիկ: Ամեն դեպքում, շատ փոքրաթիվ խումբ էր և շատ երիտասարդ էին:
– Ամեն դեպքում, մեր երկու երկրների հարաբերությունների ջերմությունը չի՞ ստվերվի սրանով:
– Չեմ կարծում, որ դիվանագիտական կամ միջպետական հարաբերությունները պայմանավորված են երրորդ կողմով: Ամեն երկիր ազատ է իր դիվանագիտական փոխհարաբերությունները ունենալ ցանկացած երկրի հետ: Ամեն երկիր իր ազգային, պետական շահերի հիման վրա է այդպիսի փոխհարաբերություններ ստեղծում կամ ոչ: Իսկ մյուս կողմին, չեմ կարծում, որ դա պետք է այդքան հուզի և այդքան մեծ նշանակություն ունենա երկկողմ այդքան երկար պատմություն ունեցող բարեկամական փոխհարաբերությունների վրա: Ես համոզված եմ, որ դա չի ազդելու Իրան-Հայաստան փոխհարաբերությունների վրա:
– Բողոքի ակցիայի մասնակիցները դեսպանատան ներկայացուցիչներին նամակ են հանձնել, որտեղ եղել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Սա կարո՞ղ ենք դիտարկել որպես նոր Հայաստանի իշխանություններին ուղղված մարտահրավեր:
– Բնականաբար, այդ փոքր խմբի ակցիայի միջոցով բողոք արտահայտվեց Հայաստանի նկատմամբ, բայց նույնիսկ այդ փոքր խումբը այդքան կտրուկ հակահայկական կեցվածք չդրսևորեց: Ընդամենը բողոքողի դիրքերից հանդես եկան:
Այնտեղ երևում է, որ ավելի շուտ բողոքի տարրեր կան, ոչ թե հակադրվելու կամ առճակատման գնալու ցանկություն: Չէ, որ մեր դարավոր հարևանը չպետք է մեր տարածաշրջանում մեր ամենամեծ թշնամու հետ էդպիսի դիվանագիտական ընթացք տա, և ակնկալում են, որ վերանայվի այդ քաղաքականությունը: Սա էր բողոքի մոդելը
– Հիմա, եթե Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացվի, դրանից հայ-իրանական հարաբերությունները չե՞ն խաթարվի:
– Չեմ կարծում, թե հարաբերությունները կարող են խաթարվեl, եթե այլ քաղաքական հանգամանքներ չգումարվեն։