Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հայտարարություն է արել, որում ասվում է. «Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները:
«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ -Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»:
Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:
«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: - Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։
Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը և խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ ացախահայության նկատմամբ դաժան վերաբերմունքի և միջազգային իրավունքի խախտումների համար»։