կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 09:50
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը փողոց դուրս կգա՞. «Իրատես»

Ծառուկյանը փողոց դուրս կգա՞. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։

Նախ փաստենք, որ նա փորձել է այդ հայտարարությամբ երկու կողմից իրեն ուղղվող հարվածների համար արդարացում թողնել։ Իմա՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հաթաթաների, ասել, որ նրա անունը չի տվել, վարչապետի հրաժարական չի պահանջել, կառավարության կազմը պիտի փոխվի, մյուս բեւեռից էլ հնչող քննադատության սլաքներն է շեղել, հայտարարելով, թե 100 տոկոսի մեջ մտնում է նաեւ կառավարության ղեկավարը։

Սակայն, անկախ այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որ կողմին ինչպես է բացատրում իր այս հայտարարությունը, փաստ է, որ խորհրդարանական ընդդիմության նման հայտարարությունը պիտի կոնկրետ քայլեր ենթադրի, այլապես ինչո՞վ է խորհրդարանական լծակներ ունեցող ընդդիմությունը տարբերվելու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից։

ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, այդ հայտարարությունից հետո պետք է սկսի քաղաքական, այն է՝ անվստահության գործընթաց, այսինքն, ստորագրություններ հավաքի, դիմի նաեւ մյուս ընդդիմադիր ուժին՝ ԼՀԿ-ին, որպեսզի համատեղ արտահերթ նիստ հրավիրեն ու քննարկեն կառավարության կազմի փոփոխության հարցը։ Ակնհայտ է, որ անգամ երկու քաղաքական ուժերը միասին չեն կարող նոր վարչապետ ընտրել, որովհետեւ միասին այդքան ձայն չունեն, իսկ իմքայլականների աջակցությունն ստանալը շատ դժվար է այս պարագայում։

Այս գործընթացի մեկնարկից հետո, սակայն, ենթադրվում է մի հետաքրքիր շրջան. ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարող է դիմել ժողովրդին եւ ասել, որ իրենց ձայները բավարար չեն կառավարություն փոխելու համար, ուստի, սպառելով խորհրդարանական բոլոր գործիքները, նրանք դուրս են գալիս փողոց։ Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ 2 տարի առաջ արեց Նիկոլ Փաշնյանը, որն անգամ սեփական թիմակիցների աջակցությունը չուներ։

Իրականում որքան հեռու կգնա ու ինչ քայլեր կանի Գագիկ Ծառուկյանը, առայժմ պարզ չէ։ Հստակ է միայն այն, որ նա քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում, բայց, մինչեւ այդ ուժերի հետ համատեղ քայլեր անելը, պիտի սպառի խորհրդարանական գործիքները, դիտարկի բոլոր հնարավորությունները ԱԺ-ում, որովհետեւ դա է իր եւ արտախորհրդարնական ուժերի միակ տարբերությունը՝ մանդատ ունենալ եւ հասարակության որոշակի շերտի առջեւ պատասխանատու լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում