Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո պատասխանեց Yerkir.am-ի առցանց ուղարկած հարցին՝ հետևյալ բովանդակությամբ․
—Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի։
—ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, ԱԺ-ում մի քանի անգամ հարցուպատասխան է տեղի ունեցել և հարցի քննարկում է տեղի ունեցել և կառավարությունում նույնպես այդ քննարկումները տեղի են ունենում։
Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։
Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը։
Հիմա շատ ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ։ Անկեղծ ասած՝ հայեցակարգային առումով ես այդքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, որովհետև ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն։
Այսօր կան ուժեր և շրջանակներ, ովքեր այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ որ հրամանատարը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա և այլն։
Նախ, ուզում եմ մի արձանագրում անել․ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները։
Եվ ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում։
Բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակում, եկեք դիտարկենք պատերազմական տրամաբանության շրջանակներում․ իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ, նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան։
Բայց մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք, և ժողովրդավարությունը շատ օգտակար է կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը և ես որևէ կասկած չունեմ, որ այդ էությունը ցուցադրածները նետվելու են պատմության աղբանոցը, իրենք արդեն այդ աղբանոցում են, պարզապես հիմա տեղի ա ունենում այդ աղբանոցի վրա շատ ամուր կափարիչ դնելու պրոցեսը և դա չի անում, փառք Աստծո, կառավարությունը, որովհետև կառավարությունն այդպիսի նպատակադրում և մտադրություն չունի, դա անում են իրենք՝ այդ ուժերը և դա անում է հանրությունը իր հստակ, աներկբա և աներեր վերաբերմունքով։