Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը․
«Արդեն մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Սակայն մենք ճանապարհի սկզբին ենք: Զինված ուժերի վերազինումը մի քանի նպատակ է հետապնդում:
Առաջինը՝ այնպիսի ռազմական ներուժի ձեւավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռեւանշիստական նկրտումները եւ զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլեւ այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների եւ սպառնալիքների բառապաշարը:
Երկրորդը՝ վերազինումը նպատակաուղղված է զինված ուժերի ստորաբաժանումները այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները:
Շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` վերազինման արդյունքում ձեռքբերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա եւ փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության եւ արագ արձագանքման իրենց հնարավորություններով:
Երրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասնելու ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ եւ դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող եւ մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման:
Եվ չորրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության եւ չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» եւ «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների եւ խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել եւ չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող եւ ամենափոքր թիրախներից մինչեւ օդատիեզերական տիրույթում գործողները եւ այսպես շարունակ»։