Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է «ոչ դիվանագիտական». տեղեկացնում է yerkir.am-ը՝ apsny.ge-ին հղումով:
Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Գամկրելիձեն խոստովանել է, որ այդ գնահատականներն իրեն զարմացրել են, նաև չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։
«Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման՝ ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել, ապա, ըստ Գամկրելիձեի, գոյություն ունի ԱՀԿ-ի միջազգային կանոնակարգ, իսկ Հայաստանը և Վրաստանը կազմակերպության անդամներ են, հետևաբար, ըստ կանոնակարգի, Հայաստանը պետք է Վրաստանի վարակակիր քաղաքացիների մասին տեղյակ պահեր ԱՀԿ-ին ու Վրաստանին։ «Այսպիսով՝ եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»,- ասել է նա։
Թեստերի մասին Թորոսյանի հայտարարությանն ի պատասխան՝ Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարն ասել է. «Ոչ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ իրականացրել ենք մեր երկրում, բոլորը ՊՇՌ թեստեր են։ Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը, որոնք կիրառվում են բժշկական հաստատություններում»։
Գամկրելիձեն նաև մեկնաբանել է Թորոսյանի՝ Վրաստանում մահացության մեթոդաբանական հաշվարկի թափանցիկության մասին հայտարարությունը: «Նա կարող է նայել մեր՝ անգլերեն լեզվով հրապարակած տվյալները: Դրանք կան մեր կայքում: Մեր տարեկան վիճակագրական ժողովածուներում կա թոքաբորբերի դինամիկան: Մենք դա ուսումնասիրել ենք: Մենք չունենք, այսպես կոչված, հավելյալ մահացություն, որը համավարակի ժամանակ կարևորագույն ցուցիչներից է»,- նշել է նա: