կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 22:34
Քաղաքական

Փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։

Պարոն Վանեցյան, ե՞րբ է տեղի ունենալու Ձեր կուսակցության համագումարը, ո՞վքեր են կուսակցության ղեկավար կազմում, եւ առաջիկայում ի՞նչ ծրագիր ունի կուսակցությունը, կա՞ն իշխանափոխության պլաններ, թե՞ այն դեռեւս ձեւավորման փուլում է՝ նաեւ գաղափարական առումով։

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեր պլանները մի քիչ շեղվեցին, չկարողացանք անցկացնել համագումար, եւ արդեն, որպես կուսակցություն, մեր դերակատարումն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Բայց, հաշվի առնելով տիրող իրավիճակը, այս սահմանափակումները, որոնք, կարծում եմ, երկար կտեւեն, այս փուլում քննարկում ենք սովորականից տարբեր ձեւով համագումար անցկացնելու տարբերակ։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կհայտարարենք մեր համագումարի անցկացման ձեւաչափը եւ կձեւավորենք մեր քաղաքական կառույցը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին․ այս պահին ունենք 1700-ից ավելի դիմում՝ կուսակցությանն անդամագրվելու։ Իսկ ծրագիրը, արժեքային, գաղափարական սկզբունքները,  քաղաքական թիմը կորոշվեն համագումարի ընթացքում։ Այս փուլում չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ անձանց, բայց կարող եմ վստահ ասել, որ մեր թիմում ընդգրկվելու են բարձր մարդկային, մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ, լինելու է լավ մարդկանց պրոֆեսիոնալ թիմ։

Ո՞ր դաշտում եք գործելու։

Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն եւ փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։

Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով ՝հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետեւ ես շատ եմ կարեւորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարեւոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու են պետության շահի, պետության արժեւորումն ու կարեւորումը, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարեւորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռեւս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց եւ ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե այլ իրավիճակում կլինեն փոփոխությունները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, եւ ընտրվում է նոր վարչապետ։