կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 16:05
Տարածաշրջան

Վաքըֆլըում կառուցված Մուսալեռ թանգարանը հնարավոր է հունիսից բացվի այցելության համար

Վաքըֆլըում կառուցված Մուսալեռ թանգարանը հնարավոր է հունիսից բացվի այցելության համար

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Հյուսեին Յայմանն այցելել է պաշտոնապես այս երկրի միակ ու վերջին հայկական գյուղը համարվող Վաքըֆլը, որը գտնվում է Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգի Սամանդաղ գավառում։ Պատգամավորը գտնվել է նաև Վաքըֆլըում կառուցված Մուսալեռ թանգարանում։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Medyahatay.com լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ թանգարան այցելած պատգամավորը հայտնել է, որ եթե կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակը բարելավվի, ապա Մուսալեռ թանգարանը այս տարվա հունիսից դռները կբացի այցելուների առաջ։

Յայմանը նշել է․ «Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Հաթայի Վաքըֆլըում, գտնվող Մուսալեռ թանգարանը պատրաստ է այցելության համար։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարեվերջին կամ 2021 թվականին։ Բայց և այնպես, եթե համավարակի հետ կապված վիճակը կայունանա, ապա թանգարանն այցելուների համար բաց կլինի արդեն այս տարվա հունիսից»։

Թուրք պատգամավորը նաև որոշ տեղեկություններ է հաղորդել թանգարանի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ բոլոր ցուցատախտակները պատրաստվել են թուրքերենով ու հայերենով։

Թարգմանեց Մելինե Անումյանը