կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 12:45
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29 կողմ, 4 դեմ․ Արցախի ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանն է

29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» դաշինքը ներկայացնող Արթուր Թովմասյանը՝ հայտնում է Yerkir.am-ը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ԱԺ նախագահի եւ տեղակալների ընտրության հարցն էր: «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջադրեց Արթուր Թովմասյանի, իսկ «Արդարություն» կուսակցությունը՝ Վահրամ Բալայանի թեկնածությունը: Բալայանը, սակայն, ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնությունը ներկայացնողը:

Արթուր Թովմասյանը ելույթում արձանագրեց, որ այս տարի Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները փաստում են՝ Արցախը, որպես անկախ պետություն, կայացել է։

«Կցանկանայի խորհրդարանում տեսնել նաեւ այն ուժերին, որոնք չընտրվեցին, բայց ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Ապա Թովմասյանը արժևորեց Աշոտ Ղուլյանի աշխատանքը, որը 15 տարի եղել է Արցախի ԱԺ նախագահը. «Մի դրվագ ասեմ Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունից: Փարիզում նրա ելույթը մինչեւ հիմա ականջներումս է: Հպարտացա, որ նա է Արցախի ԱԺ նախագահը»:

Ապա Արթուր Թովմասյանը հայտնեց, որ Ստեփանակերտում այժմ ներդրումներ են իրականացվում, եւ շուտով 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կբացվի՝ 150 000 դրամ նվազագույն աշխատավարձով:

«Թիրախները կորոշեք, կասեք, թե կոռումպացված նախարարներն ովքեր են, եւ դրանով օգտակար կլինեք երկրի զարգացման գործին: Մենք հաշվի կառնենք այդ ամենը, եթե համապատասխանի իրականությանը»,-պատգամավորներին դիմեց Թովմասյանը:

Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական եւ մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 2005-ին ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 2010-ին ընտրվել է Արցախի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում:

Նշենք, որ «Ազատ հայրենիք» դաշինքը ներկայացնող Էդուարդ Աղաբեկյանն ընտրվել է Արցախի խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Քարտուղար է ընտրվել Մետաքսե Հակոբյանը, որը ներկայացնում է Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցությունը:

Հանձնաժողովի կազմում ընտրվել է մեկական պատգամավոր «Միացյալ հայրենիք», «Դաշնակցություն» եւ Արցախի Դեմոկրատական կուսակցությունների խմբակցություններից:

Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահը ևս «Ազատ հայրենիքի» առաջադրած թեկնածուն է՝ Արայիկ Հարությունյանը, որի երդմնակալությունը կլինի այսօր:

Մանրամասն՝ տեսանյութում․