| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի պատասխանատուներին՝ գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորել է հանրապետական թերթի պատմական նշանակությունը՝ ընդգծելով հատկապես խորհրդային և պատերազմական տարիներին՝ տեղական տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը լինելու լրատվամիջոցի առաքելությունը:
Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև ժամանակակից աշխարհում տպագիր մամուլի ասպարեզում առկա ճգնաժամի մասին, որից անմասն չի մնում նաև «Ազատ Արցախ» թերթը: Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել գալիք տարվանից նաև խորհրդարանի աջակցությամբ նպաստել թերթի զարգացմանը և հետագա կայացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թերթի հանրայնացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նորեկ Գասպարյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են լրատվամիջոցի գործունեությունը կազմակերպել գործակալության ձևաչափով, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել տեղեկատվության սփռման նոր գործիքակազմ և նոր ձևաչափ: