կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 20:52
Արցախ

Աշոտ Ղուլյանն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը

Աշոտ Ղուլյանն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները: Նա թվերով ներկայացրել է վերջին 5 տարիներին խորհրդարանի կողմից իրականացված օրենսդրական, վերահսկողական, դիվանագիտական և այլ գործառույթները:

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ 6-րդ գումարման խորհրդարանում շրջանառության մեջ են դրվել 596 օրինագծեր, որոնցից ընդունվել են 446-ը:

Սահմանադրությամբ վերապահված այլ լիազորությունները ներկայացնելիս Աշոտ Ղուլյանը թվարկել է խորհրդարանի կողմից նշանակումները, քննարկված տեղեկություններն ու հաշվետվությունները և հատկապես ընդգծել վերջին երկու տարիներին ԱՀ նախագահի ամենամյա հաղորդման քննարկումը Ազգային ժողովում:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն օգտագործվել են խորհրդարականական դիվանագիտության հնարավորությունները. 31 երկրից Արցախի Ազգային ժողով են այցելել 173 պատվիրակություններ, իսկ Արցախի ԱԺ պատվիրակություններն իրականացրել են 24 արտասահմանյան այցելություններ:

ԱԺ նախագահը խոսել է նաև օրենսդիր մարմնի գործունեության լուսաբանման, սոցիալական ցանցերում ներկայացվածության մասին և կարևորել 2018 թվականի սեպտեմբերից Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումը, ինչը  հնարավորություն է տվել յուրաքանչյուր քաղաքացու իրական ռեժիմով հետևել օրենքների ընդունման ընթացքին և պատգամավորների գործունեությանը:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օրենսդիր մարմնում վերջին 5 տարիներին ձևավորված ավանդույթներին, արտաքին կապերում ունեցած ձեռքբերումներին, քաղաքացի — պատգամավոր հարաբերություններին:

Ասուլիսի վերջում Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ իրենց գործունեությամբ Ազգային ժողովի աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար: