Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անտառապահ Կոլիկլի տղա Համոն ամուսնության հարցը ուշացրել էր։ Նա Գևորգի ու Գայանեի դասարանցի էր։ Դպրոցից հետո գնացել էր Ռոստով թե՞ Մինսկ, մի խոսքով, ինչպես ժողովուրդն է ասում, «Ռուսաստաններում» էր։ Վերջում հայտնվել էր Մոսկվայի սանտեխնիկական շուկաներից մեկում։ Փող էր աշխատել, հարստացել էր, մի անգամ՝ Չինաստան գնացել, մի անգամ՝ Ավստրիա։ Թե քանի սիրուհի, կամ կին էր ունեցել, միայն ինքը գիտեր ու Աստված։ Հիմա գյուղում ասում էին՝ «Օլիգարխենց» Համոն եկել է, որ վերջնակա՜ն ամուսնանա։ Դե, Երկնափեշյանն էլ Համոյին վերցրեց, ուղիղ Գևորգի տուն բերեց՝ մտածելով, որ Գևորգը կխանդի, քայլեր կձեռնարկի։ Գևորգը Համոյին՝ իր տան կողքով անցնելիս տեսավ ու ջերմ, այնպես, ինչպես դասարանցին կկանչեր դասարանցուն, դիմեց նրան․
— Բարի աջողում, Համո։ Էս քանի տարի կլինի, հարազատ գյուղիդ վրա ոտք չէիր դրել։ Խեր եղնի՞։
Համոն ճանապարհից թեքվեց, ձեռքով բարևեցին իրար և ողջագուրվեցին հին ընկերների պես․
— Բարև՛, դասընկեր ջան,—ասաց Համոն, և երկուսով բարձրացան, մտան տուն,— մի օր պիտի վերադառնանք, էլի, Գևորգ ջան։ Ճիշտն ասած մտքիս կա ամուսնանալ, ասացի գնամ, ճիպոտս մեր անտառից կտրեմ,— ասաց ու ռուսական մի շիշ օղի փաթեթից ազատեց, տվեց դասարանցուն։
— Լավ ես արել, բա ի՞նչ։ Բայց լսել էի, թե էնտեղ արդեն ամուսնացել ես,— հարցրեց Գևորգը ու հացը, պանիրը, թթուն, լոլիկը դրեց սեղանին։
—Դա՝ հաշվի, չկա, երեխա էլ չունեմ, ազատ եմ, Գևորգ ջան։
—Մի կտոր էս ապխտած մսից փորձի, իմ ձեռքով եմ պատրաստել։ Ձեր Մոսկվաների խանութներում էսպիսի բան չես տեսնի։
Գևորգը իր ձեռքով կտրեց, փռում թխած հացի մեջ, մեկնեց Համոյին, նրա բերած օղին մի կողմ դրեց, բաժակները քոլի տանձի յոթանասուն աստիճանի տնական օղի լցրեց․
—Իմ քաշածն է, տեսնեմ, ի՞նչ կասես։ Դե, բարով տեսանք։
Երկուսն էլ մինչև վերջ պարպեցին։
— Շատ փափուկ գնաց։ Էս մեր Տանձուտի տանձից կլինի, հիշու՞մ ես, որ արջ տեսանք երկու քոթոթի հետ, ոնց փախանք։
— Էդ Դուք փախաք։ Ես մնացի, երկար նայեցի, հետո մենակ եկա։ Լավ, պատմի տեսնեմ, ի՞նչ ճիպոտ ես կտրելու,— հարցրեց Գևորգը։
—Ասում են՝ քո հարևանուհին, մեր դասարանի Գայանեն, լավ կին է, ի՞նչ կասես, եկել եմ՝ քեզ հետ քննարկեմ։
Գևորգի աչքերը թռան ճակատին․Վտանգ զգաց։ նման էր կաթվածահար գազանի։
— Ո՞վ է ասում, էս արաղդ վերցրու ու գնա ասողենց տուն։
— Չհասկացա. էս չընդունած՝ դուրս ես անու՞մ տանիցդ, Գևորգ։
— Հա, դուրս եմ անում, տասներկու-տասներեք տարի առաջ ես դուրս եկել գյուղից, Գայանեի՞ն պիտի հիշեիր, որ դուռս բացեիր։ Ու նրա մասին էլ մոռացիր, դու նրան արժանի չես։
— Էս ո՞նց ես խոսում, Գևորգ, կարո՞ղ է խելքդ հացի հետ կերել ես․․․
Գևորգը ջղայնությունից վառվում էր։ Դեմքը կարմրել էր։ Բառերը չէին բավականացնում։ Վիրավոր վագրի նման տրվել էր իր բնազդներին ու մի բան էր հասկանում՝ իր սիրած էակին ուզում են տանել, ու ինքը թույլ չի տա։ Մտքում ինքն իրեն ասում էր․ «Հյուրդ է, տանդ մեջ է, օրը գնացած, շառը մնացած, ձեռք չտաս, թող հանգիստ գնա»։ Բայց չէր հասցրել միտքն ավարտել, իրենից անկախ բռնեց նրա ուսերից, շրջեց դեպի դուռը, օղին կոխեց նրա կաշվե բաճկոնի գրպանն ու հրելով՝ ասաց․
— Ես քեզ ամեն ինչ ասացի, Համո՛, նեղանալ-մեղանալ չլինի, Գայանեին մի անգամ արդեն տարել են ինձանից, ես երկրորդ անգամ թույլ տվողը չեմ։
Համոն համառեց, պատվախնդրությունն ու կամակորությունը արյան մեջ խառնվեցին իրար ու սրտի արագացած զարկերով հասան ուղղեղին և վերջնականապես անջատեցին այն։ Նա ետ դարձավ և ուղիղ տան շեմքի վրա բռուցով հարվածեց, նշան բռնելով Գևորգի քունքին։ Գևորգը կռացավ, հարվածը բաց թողեց ու ներքևից հարվածեց Համոյի փորին, մտածելով, որ հետք չի թողնի, դասարանցի է։ Համոյի շունչը կտրվում էր։ Ձեռքն էլ զարկեց դռան եզրին ու ցավից գոռաց, ապա կռացած տեղից ուղղվեց ու գրկեց Գևորգին։ Երբեմնի երկու ընկեր, երկուսն էլ ուժեղ ու իրար արժանի հակառակորդ սկսեցին իրենց գոտեմարտը պատշգամբի նեղ հարթակի վրա։ Գայանեն դուրս եկավ գոռոցի ու աղմուկի վրա։ Քաշքշոցի մեջ Գևորգին ճանաչեց, սակայն Համոյին ոչ, վազելով տուն մտավ, որպեսզի հորն ուղարկի տղամարդկանց բաժանելու, բայց Գևորգը Գայանեի դեպի տուն ետ վազելը որ տեսավ, գոռաց, ձեռքերն ազատեց, ետ քաշվեց ու Համոյին այնպես խփեց գլխով, որ վերջինս երկու տեղից ծալվեց ու գիտակցությունը կորցրած, աստիճաններով գլորվեց ցած։
Մենամարտն ավարտված էր։ Տասը րոպե անց Գայանեն ու Հայրը ջրով ու թրջոցով ետ բերեցին Համոյին։ Երկնափեշյանը իր տան մոտ կանգնած, հեռվից հետևում էր, և այնքան սպասեց, մինչև Համոն կոտրած շշի մնացուկները գրպանից թափեց ու իր ոտքով գնաց դեպի ճանապարհը։
— Գևորգ, էս ի՞նչ էր, Էս մեր դասարանի Համոն չէ՞ր, էս ի՞նչ էր ուզում։
—Գայանե ջան, ինքն էր։ Բայց բան չհասկացա։ Գնամ լվացվեմ, այ մարդ, շառ էր էլի,— անմեղ ասաց Գևորգն ու գնաց։
Հաջորդ օրը ամբողջ գյուղը մի նորություն էր բերանից բերան թռցնում, ծամծմում, ըմբոշխնում՝ Օլիգարխ Համոն եկել է Գայանեին ուզելու, հարևան Գևորգը չի տվել։ Գայանեն էս մասին անսպասելի՝ հաց առնելիս իմացավ, երբ խանութի Մանիկը մանրամասն ներկայացրեց կատարված իրադարձությունների աստառը։ Նա ուշադիր լսեց, ապա ժպտալով ասաց․
— Մի հատ մատնաքաշ տուր, ես գնամ։
Մինչև Մանիկը կշրջվեր, հացը կտար նրան, Գայանեն մտքերի մեջ ընկած, երջանկացած դուրս եկավ ու գնաց, չլսելով ընկերուհու կանչելը։ Խանութից մինչև տուն հինգ հարյուր մետր կլիներ. Գայանեն ասես նորաձևության փարիզյան պոդիումի վրայով անցավ։ Ոչ ջրից դարձող հորթ ու կով տեսավ, ոչ էլ ետևից ժպտացող համագյուղացի ու հովիվ։ Նրա աստեղային ժամն էր։ Այսօր ինքն էր որոշելու թե ու՞մ կընտրի։ Չէ՛, ավելի լավ է վաղը կմտածի այդ մասին։ Այսօրվա երջանկությունը հարկավոր է երկարացնել։ Մի կողմից՝ ջղայնացել էր Գևորգի վրա, մյուս կողմից՝ սիրտը ջերմացրել էր նրա արածը։