կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 18:46
Քաղաքական

Անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս. Ալեն Սիմոնյան

Անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս. Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ, որ լրատվական դաշտում մենք մեծ խնդիրներ ունենք: Այս մասին մայիսի 6-ին, Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ դա կապված է  ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, որը ԱԺ-ն ընդունել է:

«Այն մարդիկ, որոնք այսօր վճարում են այն քաղաքացիներին, որոնք ֆեյսբուքում հայհոյանքի միջոցով փորձում են հայտնի դառնալ, համարում են, որ դրանով իրենք քաղաքականությամբ են զբաղվում, հետո հասկանում են, որ օղակը սեղմվում է եւ ֆինանսական աղբյուրները, որոնք իրենց սնում են, այլեւս չեն լինելու»,-նշել է Սիմոնյանը:

Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով ԱԺ փոխնախագահն ասել է, որ այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի ուզում անել:

«Ամեն ինչ բացատրել եմ, պատմել եմ: Մնացածը, թե ինչ կլինի քրգործով, եթե հարուցվի, ես ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե քննչական մարմինները գտնեն, որ իմ արարքի մեջ հանցակազմ կա: Բայց ուզում եմ նշել, որ այդ դեպքը չի կարելի դիտարկել միայն այդ օրվա հետ կապված: Դա շարունակական, մի քանի տարբեր մարդկանց, մի քանի տարբեր թիմերի, իրադարձություններից բխող դեպք էր»:

Դիտարկմանը, որ հնարավո՞ր է ճնշումներ սկսվեն ընդդիմադիրների նկատմամբ, Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ այդ առումով ընդդիմադիրները որեւէ մտահոգվելու առիթ չեն կարող ունենալ, քանի որ ՀՀ-ն ժողովրդավարության լուրջ առաջընթաց է գրանցել:

«Բայց եթե դուք ընդդիմադիր եք համարում նրանց, որոնք ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին, որոնք կարծում են, որ կարող են ինչ-որ բաներ ասել ու անպատիժ մնալ, ի դեպ ասեմ՝ անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս, ներեցեք դա ընդդիմադիր չի, դա խուլիգան, խուժան, ահաբեկչական բնույթ ունեցող գործողություններ են, որոնք պետք է իրավական պատասխան ստանան եւ ստանալու են: Նրանք փորձում են քաղաքական քողի տակ այլ խնդիրներ լուծել: Նրանց մեծ մասը կոնկրետ ֆինանսական աջակցություն են ստանում նման գործունեության համար: Դրա մասին մամուլում բազմաթիվ անգամ գրվել է: Շատերը նաեւ փորձում են դրանով իրենց նկատմամբ ուշադրություն գրավել: Չէ որ հետաքրքիր է ԱԺ փոխխոսնակի հետ կոնֆլիկտ ունենալը»,-ասել է նա: