կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 16:24
Աշխարհ

Կառավարման միասնական կենտրոն չկա, բայց լծակներն արդեն պատրաստ են. ռուս քաղաքագետը` տոտալ վերահսկողության մասին

Կառավարման միասնական կենտրոն չկա, բայց լծակներն արդեն պատրաստ են.  ռուս քաղաքագետը` տոտալ վերահսկողության մասին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կոշտ իրավիճակում բնական են խոսակցություններն այն մասին, որ մեր տեղաշարժերն ավելի շատ պետք է վերահսկվեն, յուրաքանչյուրիս անհրաժեշտ է QR-կոդ և այլն: Նման գործընթացները մինչ այս էլ եղել են, բայց հիմա, հավանաբար, ավելի կարագանան. ըստ yerkir.am-ի`Pravda.ru-ի հետ զրույցում ասել է  քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Քաղաքագիտության ակադեմիայի նախագահ Օլեգ Շաբրովը:

Ըստ նրա` որոշակի տեղեկատվական կենտրոնների սերվերներում, այդ թվում` պետական, յուրաքանչյուրիս մասին տեղեկատվություն կկուտակվի: Եվ այսօր շատերին հուզող հարց է ծագում` արդյո՞ք այդ ամենը չի հանգեցնի բնակչության տոտալ վերահսկողության:

«Ամեն փայտ երկու ծայր ունի: Մի կողմից, անշուշտ, ահաբեկիչների համընդհանուր վերահսկողությունը լավ է: Բայց մյուս կողմից` ոչ ոք չի երաշխավորում, որ տվյալների արտահոսք չի լինի, և տվյալների բազմաթիվ բազաներ, նաև` պետական սերվերներում, որքան էլ պաշտպանված լինեն, հասու կդառնան մարդկանց, որոնք հենց դրանք ձեռք գցելու նպատակ ունեն: Նաև ավելի ազատ լինելու ցանկություն կա: ԽՍՀՄ-ում և ոչ միայն ԽՍՀՄ-ում, մատնահետք վերցնելու համար անհրաժեշտ էր դատախազության որոշում. նախ քրեական գործ էին հարուցում, հետո` մատնահետք վերցնում: Հիմա գործում է տոտալ նույնականացման համակարգը: Մեր տեղաշարժի մասին գիտեն նույնիսկ այն դեպքում, երբ բջջային հեռախոսն անջատված է, որովհետև այն ազդանշան է տալիս այնքան ժամանակ, քանի դեռ մարտկոցը չի հանվել: Հրավիրում եմ «Այֆոն» ունեցողների ուշադրությունը` «Այֆոն»-ի մարտկոցը չի հանվում, այդ պատճառով նույնիսկ եթե այն անջատված է, դա չի փրկի վերահսկողությունից»,- նշել է Շաբրովը` հավելելով, որ խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, դա համաշխարհային քաղաքականություն է:

Ըստ նրա` որոշ քաղաքական գործիչներ կարծում են, թե բոլորի մասին ամեն ինչ իմանալը հարմար է, սակայն պետք է հաշվի առնել, որ համաշխարհային վերնախավն այդ ամենը կարող են իմանալ` «նրանց գլխի վրայից թռչելով», և ոչ միայն իմանալ, այլ նաև բնակչության գործողությունները ղեկավարել: Օրինակը գունավոր հեղափոխություններն են:

Ինչ վերաբերում է  համաշխարհային կառավարություն ձևավորելուն, Շաբրովի կարծիքով` դա դեռևս ինչ-ոչ մեկի երազանքն է, իսկ ահա համաշխարհային վերնախավ գոյություն ունի ու դեռևս ավելի շատ կիրառում է տնտեսական լծակներ:

«Ուշադրություն դարձրեք, որ Թրամփի վրա, իսկ ԱՄՆ-ը կարելի է համարել ամենաուժեղ պետությունն աշխարհում, ինչքան էլ համաշխարհային հեգեմոնիայի փուլի ավարտ չլինի, ինչ հզոր ճնշում եղավ ընտրությունների ժամանակ և դրանից հետո: Եվ դա, իմ կարծիքով, կապված էր այն բանի հետ, որ Թրամձը հակադրվեց վերազգային կորպորացիաներին: Իր առաջին հրամաններից մեկով նա հետ կանչեց Օբամայի ստորագրությունը Տրանսօվկիանոսյան առևտրային գործընկերության մասին պայմանագրից: Դա շատ հետաքրքիր պայմանագիր է: Որոշ երկրներ դրանում կմնային, եթե չլինեին Թրամփն ու նրա «America first» կարգախոսը: Պատկերացրեք` ԱՄՆ-ի պես հզոր երկիրը պարտավոր պիտի լիներ ենթարկվել կորպորատիվ տրիբունալներին: Ենթադրենք` երկրում աշխատանքային շաբաթը կարճ է, և կորպորատիվ տրիբունալը որոշում է` ոչ թե 40 ժամ, այլ` 60: Եվ պետությունը պարտավոր է ենթարկվել: Դա արդեն մեծ քայլ է դեպի համաշխարհային կառավարություն` թեկուզև ոչ բոլոր գործառույթներով: Ի դեպ, կառավարման միասնական կենտրոն չկա, բայց լծակներն արդեն պատրաստ են: Չգիտեմ, թե ինչ կլինի Թրամփի հետ այս ընտրություններին, սակայն դեմոկրատները, ըստ ամենայնի, վերազգային կորպորացիաների լոբբիստներ են: Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ մենք կունենանք համաշխարհային կառավարության տարրեր»,- նշել է Շաբրովը` հավելելով, որ չի կարծում, թե համաշխարհային կառավարությունն ընտրովի է լինելու, նույնիսկ եթե ընտրվի էլ, ապա` նեղ շրջանակների կողմից: