կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 19:46
Քաղաքական

Եվրախորհրդարանում քննարկվող նոր փաստաթուղթը հակասում է Ռիգայի գագաթնաժողովի էությանը և պարունակում ՀՀ-ի համար խիստ անընդունելի ձևակերպումներ

Եվրախորհրդարանում քննարկվող նոր փաստաթուղթը հակասում է Ռիգայի գագաթնաժողովի էությանը և պարունակում ՀՀ-ի համար խիստ անընդունելի ձևակերպումներ

Եվրախորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների (այդ թվում` Հայաստանի) միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Օրերս լրատվամիջոցներով հրապարակվել էր նաև ԵՄ-ի սույն մտադրության որոշ մանրամասները և այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը մատնանշող փաստաթղթի որոշ դրույթներ:

Ի՞նչ է ենթադրում այս փաստաթղթի ի հայտ գալը, և ինչպիսի՞  քայլեր են նախապատրաստվում ԵՄ-ի կողմից հետխորհրդային տարածքում՝ Yerkir.am-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադառնալով՝ քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը փաստեց, որ խնդրո առարկա հարցը հայկական լրատվական տիրույթում մեծամասամբ մասնագիտական տեսանկյունից չի դիտարկվել։

«Նախ և առաջ, երբ մենք խոսում ենք Եվրոպական Խորհրդարանի կողմից իրականացվող որևէ նախաձեռնության մասին, պետք է հստակ հաշվի առնել երեք հանգամանք. խնդրո առարկա փաստաթղթի իրավական կարգավիճակը, Եվրոպական Խորհրդարանի ներմիութենական լիազորությունները և Խորհրդարանի ներքին օրենսդրաիրավական ընթացակարգերը»,- նշեց քաղաքագետը։

Ըստ բանախոսի՝ փաստաթուղթը ԵՄ պատգամավորի անձնական նախաձեռնություն է, որն իր իրավական կարգավիճակով ընդամենը առաջարկություն է Եվրոպական Միության գործադիր իշխանության մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին, արտաքին գործունեության եվրոպական ծառայությանը և Եվրոպական Միության Խորհրդին. «Ընդ որում, ԵՄ գործադիր իշխանության մարմինները Միության հիմնադիր փաստաթղթերով կաշկանդված չեն անպայմանորեն իրագործել ԵՄ Խորհրդարանի՝  նման կարգավիճակ ունեցող փաստաթղթերի դրույթները։ Ավելին, հայկական լրատվական դաշտում քննվող հարցի վերաբերյալ տեղեկատվությունը լույս է սփռվել մեծ թերություններով, մասնավորապես չի նշվել որ փաստաթուղթը դեռևս գտնվում է նախագծային վիճակում և Եվրոպական Խորհրդարանի ներքին ընթացակարգերի առանցքային մասը դեռևս չի անցկացվել: Հետևաբար, Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց հետո, դրա բովանդակությունը կարող է էական փոփոխություններ կրել»,- փաստում է քաղաքագետը:

Հնարավո՞ր է, այդուհանդերձ, իրականություն դառնան նշյալ փաստաթղթով մատնանշված քայլերը և ձևավորվի նման տնտեսական գոտի՝ հարցին ի պատասխան՝ Գևորգ Ղուկասյանը նշեց. «Այն ամենը, ինչ առաջարկվում է մատնանշված փաստաթղթում, առաջին հայացքից շատ գայթակղիչ է թվում. Եվրոպական Միության հետ ընդհանուր տնտեսական գոտի, ռոումինգի վերացված համակարգ, ԵՄ-ի հետ քաղաքական և օրենսդրաիրավական մոտարկման առավել մեծ հնարավորություններ, էներգետիկ,  թվային համագործակցության բավական մեծ մակարդակ և այլն։ Սակայն պետք է հաշվի առնել, որ, ամենայն հավանականությամբ, ԵՄ իշխանության գործադիր մարմինները, և առաջին հերթին Արտաքին գործունեության եվրոպական ծառայությունը սրան չեն գնա՝ նախ և առաջ Ռուսաստանի հետ քաղաքական կոնֆրոնտացիայի նոր դաշտ չբացելու համար։ Բանն այն է, որ 2009 թվականից մեկնարկած ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագիրը, որն ընդգրկում է հետխորհրդային տարածքի 6 երկրների, այդ թվում Հայաստանին, կենսական լուրջ խնդրի առաջ կանգնեց 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ասոցացման համաձայնագիրը, իսկ այն ստորագրած Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան տևական ժամանակահատված քաղաքական անկայունության մեջ էին։ Ակնհայտ էր, որ ԱլԳ փիլիսոփայությունը պիտի փոխվեր և դա տեղի ունեցավ արդեն ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում՝ 2015 թվականին, ԵՄ նոր ղեկավարության կողմից»։

ԵՄ-ի նշյալ նախաձեռնությանը դեռևս պաշտոնական առումով չի արձագանքել Երևանը, փոխարենը հասարակական որոշ շրջանակներում առկա է ոգևորություն: Քաղաքագետը կարծում է՝ պաշտոնական Երևանը ճիշտ է վարվում, որ չի արձագանքում այս նախաձեռնությանը, քանի որ այն ԵՄ կողմից ըստ էության պաշտոնապես հնչած առաջարկ չէ, և գոնե իմ կարծիքով, տեսանելի ապագայում այդպիսին չի էլ լինի։

Գևորգ Ղուկասյանը նաև կոչ է անում շահագրգիռ շրջանակներին՝ խանդավառվելուց առաջ խորությամբ ուսումնասիրել փաստաթղթի բովանդակությունը, որտեղ, ըստ քաղաքագետի, կան նաև խիստ վիճելի և անընդունելի դրույթներ. «Ինձ համար, մեղմ ասած, տարակուսելի է հայ հասարակության որոշ շրջանակների անթաքույց ոգևորությունը։ Կարծում եմ շատերը, ովքեր այս թեմայով խոսում են, նույնիսկ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեն։ Այնտեղ մեզ համար նաև վիճելի դրույթներ կան առ այն, որ Արևելյան գործընկերության տարածքում առկա հակամարտությունները դիտվում են միասնական ձևակերպումների տակ, ընդ որում՝ շեշտվում է հակամարտությունների կարգավորումը տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում, և նկատի չի առնվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Խնդիրն այն է, որ այս ձևակերպումը խստորեն անընդունելի է թե՛ պաշտոական Երևանի, թե՛ պաշտոնական Բրյուսելի համար»։

Գևորգ Ղուկասյանն այդ առիթով մատնանշում է Ռիգայի գագաթնաժողովի սահմանումները. «ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովը, որն իմ կարծիքով ամենաարդյունավետներից մեկն էր, հստակորեն սահմանել է Եվրոպական Միության տարբերակված մոտեցումը ինչպես ԱլԳ տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ, այնպես էլ առանձին պետությունների հետ ԵՄ համագործակցության մասով։ Ռիգայի գագաթնաժողովը, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության մասով, ի թիվս այլնի, առանձնաբար շեշտել էր նաև ինքնորոշման իրավունքի շրջանակներում կարգավորման փաստը»։

Ելնելով այս ամենից՝ քաղաքագետը փաստում է, որ ԵՄ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվող փաստատուղթը նախ և առաջ հակասում է Ռիգայի գագաթնաժողովի տրամաբանությանն ու էությանը, իսկ Հայաստանի համար առավելապես պարունակում է անընդունելի ձևակերպումներ։

«Բայց, կրկնում եմ, մենք խոսում ենք մի փաստաթղթի մասին, որը դեռևս նախագծային փուլում է և կարող է էական փոփոխությունների ենթարկվել: Ամեն դեպքում՝ այս հարցով ոգևորությունը կարծում եմ ոչ միայն տեղին չէ, այլև այս առումով վտանգավոր է», - նշում է Գևորգ Ղուկասյանը:

Այս փաստաթղթի ի հայտ գալը որևէ կերպ կանդրադառնա՞ ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերություններում մինչ օրս ձևավորված օրակարգի վրա՝ հարցի առիթով քաղաքագետը փաստում է, որ ՀՀ-ն ունի ԵՄ-ի հետ համագործակցության լայն օրակարգ, և Եվրոպական Միության հետ օրենսդրաիրավական մոտարկումը և քաղաքական շարունակական մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից են։

«ԵՄ-ի հետ համագործակցությունը նաև ՀՀ արտաքին քաղաքականության շարունակական դիվերսիֆիկացման կարևոր գործոն է։ Մենք ԵՄ-ի հետ ունենք համագործակցության լայն օրակարգ, որն ամրագրված է ինչպես 2017 թվականի նոյեմբերին ստորագրված հայտնի համաձայնագրով, այնպես էլ դրանից ածանցվող բազմաթիվ փաստաթղթերով»,- զրույցը եզրափակեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս հարցում անհեռատես շտապողականությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: