Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից արդեն ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ համավարակի հետեւանքով առաջացած մի շարք կառավարչական եւ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն ներկայացնում է համավարակի պայմաններում հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ իր առաջարկությունները, որոնք ապրիլի 21-ին ներկայացվել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։
Իրավիճակի փոփոխության ընթացքում սույն առաջարկությունների փաթեթը կարող է լրացվել և համալրվել:
Իրավիճակի գնահատում
Ամբողջ աշխարհի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը պետություններից պահանջում է խստագույն կարգապահության, վճռականության, օպերատիվության պայմաններում լավագույն կառավարչական հմտությունների գործադրում և համապատասխան ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվում` ցավոտ որոշումների կայացում:
Դեռևս վաղ է աշխարհի ու Արցախի համար COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների ամբողջական գնահատական տալ, բայց կասկածից դուրս է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Այժմ հարկավոր է ապահովել քաղաքացիների ու պետության անվտանգությունը և լուծել բնակչության առջև ծառացող կենսական սոցիալական խնդիրները:
Հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները` Արցախի Հանրապետության կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` նվազագույնի հասցնելու քաղաքացիների և փոքր տնտեսվարողների ուսերին ընկնող ծանրությունը և հնարավոր կորուստները, ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահեն խոշոր ձեռնարկություններն ու ֆինանսական կազմակերպությունները: Համավարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձևավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր։ Ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք նախ երաշխավորում են բնակչության անվտանգ գոյությունը և պետության կենսունակությունը։ Այդ քայլերը պետք է նախատեսվեն առնվազն մինչև համավարակի համընդհանուր չեզոքացումը։
Այդ պատճառով ողջ աշխարհում առաջնային խնդիրը համավարակի տեղայնացումն է, օջախների և հիվանդների բացահայտումը, տարածման բացառումը: Նման միջոցառումների իրականացումը հանգեցրել է ամբողջ աշխարհում տնտեսության շարժի դանդաղեցմանը, ուղևորային փոխադրումների նվազեցմանը, բեռնափոխադրումների դժվարացմանը, սպառման և արտադրության ձևավորված համակարգերի խախտմանը, սպառողական շուկայում նոր իրավիճակի առաջացմանը և տնտեսական կյանքի պարտադրված սառեցման այլ հետևանքների:
Այսինքն` սոցիալ-տնտեսական դժվարությունները չունեն ֆինանսական կամ տնտեսական հիմք և շարունակվելու են այնքան, քանի դեռ գոյություն ունի վարակի տարածման վտանգը:
Քանի որ այսօր որևէ կանխատեսում հնարավոր չէ կատարել, ապա պետության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ռեսուրսների ամբողջական ներգրավման միջոցով կորուստների նվազեցմանը` մինչև որոշակիության և կանխատեսելիության տարրերի առկայությունը: Ներկայացվող առաջարկները վերաբերում են առաջիկա 2 ամիսներին: Դրանց նպատակն է բոլոր ռեսուրսների առավելագույն խնայողության և համախմբման պայմաններում, պետության և հասարակության արդյունավետ պաշտպանությանն ուղղված հիմքեր ձևավորելով, ստեղծել դիմագրավելու ունակ համակարգ:
Պետական կառավարման համակարգ, ֆինանսա-բյուջետային և դրամավարկային քաղաքականություն
1. Պետական կառավարման բոլոր մարմիններում ձևավորել արտակարգ դրության հանձնաժողովներ: Մնացած աշխատակիցները պարտավոր են աշխատել տնից:
2. Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում`
— դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն,
— դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ դրության պայմանների ապահովման համար,
— դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները բոլոր մակարդակների պետական մարմիններում,
— արգելել թե՛ պետական մարմիններում, թե՛ ոչ պետական կազմակերպություններում բոլոր տեսակի գործուղումները, բացառությամբ պարետի հատուկ թույլտվության, եթե դա բխում է արտակարգ դրության իրավիճակից,
— դադարեցնել հարկային ստուգումները և սույն ժամանակահատվածում պահանջվող հաշվետվությունների համար սահմանել այլ ժամանակաշրջան:
3. Դադարեցնել պետական բյուջեից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:
4. Դադարեցնել այն ծրագրերը, որոնք ավելի են վատացնում տնտեսվարողների և քաղաքացիների վիճակը, միաժամանակ նպաստելով պետական բյուջեի հաշվին ֆինանսական համակարգի հարստացմանը, ինչպես, օրինակ՝ չհիմնավորված վարկավորման խթանումը:
5. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերակառուցել՝ առաջնահերթություն համարելով առողջապահական ծրագրերը, ինչպես նաև համավարակի կանխարգելման, բուժման և հեռավար աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման տեխնոլոգիական նորարար լուծումներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:
6. Ձևավորել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կազմակերպություններին և քաղաքացիներին տրամադրված վարկերի սպասարկման՝ ի շահ վարկառուների հետաձգման միասնական գործելաոճ:
7. Արգելել օնլայն շահումով խաղերի գործունեությունը և դրանց բոլոր տեսակի գովազդը:
8. Բոլոր պայմանագրային, իրավական և այլ պարտավորությունների մասով թույլ տալ կազմակերպություններին և քաղաքացիներին փոխադարձ համաձայնությամբ հետաձգումները, որոնք չեն կարող ենթարկվել տույժերի կամ տուգանքների կամ ենթարկվել պետական մարմինների կողմից պատժական սանկցիաների կիրառմանը: Որոշ ոլորտների համար պարետատան կողմից կարող են սահմանվել նման հետաձգումների պարտադիր կիրառումներ:
9. Ներկայիս մարտահրավերով պայմանավորված՝ նախաձեռնել պետական պարտքի տարեկան մարումների և սպասարկման վճարները սառեցնելու և/կամ վերակառուցելու հարցի քննարկում:
Ռազմավարական պաշարներ և պարենային անվտանգություն
1. Հայտարարել ռազմավարական նշանակության մի շարք ապրանքների (ալյուր, շաքարավազ, կարագ, ձեթ, ձու, միս և այլն) գների սառեցման մասին: Ցանկացած փոփոխություն կարող է կատարվել միայն պարետատան թույլտվությամբ: Սույն սահմանափակումը կարող է կիրառվել նաև այլ ապրանքների դեպքում, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրության պայմաններում երկրի կենսունակությունը ապահովելու համար: Ռազմավարական նշանակության ապրանքների ցանկը սահմանում է ԱՀ կառավարությունը:
2. Հրատապության դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի վրա կիրառել նորմավորում:
3. Խստորեն վերահսկել պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների գների չհիմնավորված աճը կամ վաճառքը և վերավաճառքը խանութներից և առևտրի կազմակերպման վայրերից դուրս:
4. Գույքագրել ռազմավարական պաշարները, ձեռք բերել այն պարենամթերքը, վառելիքը, դեղորայքը, որն անհրաժեշտ է լինելու առաջիկա վեց ամիսների համար: Նման ձեռքբերումներն իրականացնել ինչպես բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին` պետական ընկերությունների միջոցով, այնպես էլ ներգրավելով մասնավոր կառույցներ և նրանց ֆինանսական հնարավորությունները:
5. Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ռեսուրսներն ուղղել գյուղմթերքների, հացահատիկային մշակաբույսերի լայնամասշտաբ արտադրության կազմակերպմանը։
6. Պետական պատվերի միջոցով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին պատվիրել որոշակի մթերքի արտադրությունը` 2020 թվականի ընթացքում երաշխավորված պետական գնման պայմանով:
7. Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանյութը և սերմերը գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում:
Սոցիալական քաղաքականություն
1. Այն քաղաքացիները, որոնք մինչև արտակարգ դրության հայտարարումը հանդիսացել են գրանցված աշխատող, սակայն արտակարգ դրության պատճառով գտնվում են պարապուրդում, ընտանիքի չաշխատող մեկ անձի հաշվարկով պետական բյուջեից պետք է ստանան ամսական նվազագույն կենսապահովման գումարի չափով հատուցում: Եթե ընտանիքում մեկից ավելի աշխատող է եղել, ապա ընտանիքի մեկ անձի հաշվարկով գումարը, միևնույն է, չի կարող գերազանցել վերը նշված չափը:
2. Պետությունը պետք է ուսումնասիրի հետագա սոցիալական աջակցության քաղաքականությունը մյուս սոցիալական խավերի նկատմամբ առաջին մեկ ամսվա համապետական կարանտինի ավարտին` մինչև մայիսը: Սա կարող է ենթադրել դրանից հետո այնպիսի միջոցառումների իրականացում, ինչպիսիք են`
— սոցիալական աջակցության շրջանակի ընդլայնումը,
— հանրային հատվածի բարձր վարձատրվող աշխատակիցների աշխատավարձերի ժամանակավոր կրճատումը՝ առավելագույն շեմի սահմանմամբ:
ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտե
aparaj.am