կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 13:38
Քաղաքական

Ինչու հայկական պատվիրակության առաջարկությունները չեն անցել. Աղվան Վարդանյանը՝ Բաքվից

Ինչու հայկական պատվիրակության առաջարկությունները չեն անցել. Աղվան Վարդանյանը՝ Բաքվից

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկատվություն տարածեց, թե Բաքվում անցկացվող` ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովում Հայաստանը պահանջել է շտկումներ մտցնել հանձնաժողովի զեկույցի ու բանաձեւերի մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, թե հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն առաջարկել է «Հելսինկի+40. հանուն յուրաքանչյուր անձի անվտանգության» անվամբ բանաձեւում ուղղում կատարել' կապված «ազգերի ինքնորոշման վերաբերյալ» դրույթի հետ, սակայն նրա առաջարկը պատվիրակները դիմավորել են դժգոհության աղմուկով, եւ իբր զեկույցի հեղինակ` սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը Գեղամյանին ասել է, թե նրա առաջարկը չի համապատասխանում տվյալ փաստաթղթին, ու խնդրել է չխախտել նիստի կանոնակարգը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Բաքվում հայկական պատվիրակության կազմում եւ հենց կոնկրետ այս հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկված Աղվան Վարդանյանը հայտնեց, որ նման բան չի եղել: Նա ադրբեջանական այս «տեղեկատվությունն» «ամբողջությամբ սուտ» որակեց եւ նշեց, որ տրամաբանորեն էլ դա չէ կարող այդպես լինել:

 

«Այդ խոսակցությունները, վերջին նախադասությունը լրիվ սուտ են: Այդպիսի բաներ, առհասարակ, չեն էլ լինում, այսինքն` ընդամենը քվեարկվել է, ընդ որում' քվեարկվել է երկու անգամ: Իսկ ինչ գրում է ադրբեջանական լրատվամիջոցը, թե իբր այդ ուղղման տեղը չէ կամ դժգոհության աղմուկ եւ այլն, ամբողջությամբ սուտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Եղելությունը ներկայացնելով` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատմեց, որ արձանագրությունների նախագծերը կան, եւ սովորաբար յուրաքանչյուր պատվիրակություն կարող է փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել: Հայկական պատվիրակությունը դեռեւս մինչեւ Բաքու մեկնելը' Երեւանից է առաջարկություն արած եղել, որ արձանագրության երկրորդ կետում հավելվեն Հելսինկյան ակտի' ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթները:

 

«Այդ զեկույցում ամրագրված չէ նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց քանի որ հարցը վերաբերում էր մարդու իրավունքներին, մենք առաջարկել ենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավահավասարության իրավունքը ավելացվեն  զեկույցի երկրորդ կետում»,- ներկայացրեց Աղվան վարդանյանը:

 

Հայկական կողմի առաջարկությունը դրանից հետո դրվել է քվեարկության եւ ձայների` 22 «դեմ», 20 «կողմ»  հարաբերակցությամբ չի անցել: Թեեւ հայկական կողմի առաջարկությունը չի անցել,  բայց անգամ այդ տեսքով այդ զեկույցը, ըստ Վարդանյանի, Հայաստանի Հանրապետության համար վտանգ չի պարունակում, քանի որ այնտեղ ներառված չէ նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը, միայն Հելսինկյան եզրափակիչ ակտն է նշված եւ վերաբերում է ընդհանրապես մարդու իրավունքներին:

 

Հայ պատգամավորը պարզաբանեց նաեւ այդ նիստերի կանոնակարգ-ընթացքին վերաբերող մի քանի նրբություններ ու նշեց, որ այս օրերին ԵԱՀԿ ԽՎ 3 հիմնական հանձնաժողովներում զեկույցների նախագծերն ու դրանց վերաբերյալ պատվիրակների առաջարկներն են քննարկվում ու քվեարկության դրվում, այնպես որ` ոչ ոք հայկական կողմին չէր կարող ասել, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու տեղը չէ, կամ դա հակասում է կանոնակարգին, ընդհակառակը...

 

Ու քանի որ յուրաքանչյուր պատվիրակություն իրավունք ունի զեկույցի ու արձանագրության վերաբերյալ փոփոխությունների առաջակությամբ հանդես գալու, որոշակի ձայներ ստացած առաջարկություններն անպայման ընդգրկվում են քննարկումներում ու դրվում քվեարկության:

 

Իսկ թե ով կամ ինչու խանգարեց հայկական պատվիրակության առաջարկի հաստատմանը, Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ, սովորաբար, ով զեկույցը պատարստել ու նախնական արձանագրությունը կազմել է, նա է արտահայտում իր դիրքորոշումը' կո՞ղմ է որեւէ առաջարկի, թե՞ դեմ, ու եթե դեմ է լինում, հիմնականում, այդ առաջարկը չի քվեարկվում: Այս դեպքում զեկույցի ու նախագծի հեղինակ սերբ պատվիրակ Գորդանա Կոմիչը դեմ է եղել հայկական կողմի առաջարկին:

 

«Երկու անգամ դրվեց քվեարկության ու երկրորդ անգամ հավաքեց 20 «կողմ» ու 22 «դեմ»: Նույնիսկ մենք չէինք էլ սպասում, թե դրանից հետո այդքան կողմ ձայներ կհավաքենք»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: