կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 16:49
Քաղաքական

Թագավարակի գաղտնիքը

Թագավարակի գաղտնիքը

Ճշմարտություններից առաջինը
գոյությունն է։


Ռընե Դեկարտ

SARS-CoV-2 բացիլի առաջ բերած Covid-19 համավարակի տարածմանը զուգընթաց` մարդկությունը թևակոխել է իր պատմության բեկումնային հանգրվաններից մեկը, որը հատկանշվում է ոչ այնքան նեղ-առողջապահական խնդիրներին գոյաբանական իմաստ հաղորդելու փորձերով, որքան դրանցով միջնորդավորված՝ մտքի խոր ճգնաժամով։

Աղետի հետևանքների դեմ պայքարելու ներկա սպոնտան քայլերը ոչ թե զարգացման նոր հեռանկարներ են խոստանում մարդկությանը, այլ միայն ժամանակ շահելու և ուշքի գալու հնարավորություն են տալիս նրան։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, իրականում վաղուց հասունացել էր գիտության ու տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմամբ հատկանշված հետարդիականության դարաշրջանում, երբ մարդկային բանականությունը, նորանոր հաղթանակներ արձանագրելով բնության հանդեպ, այնքան էր կտրվել նրանից, որ առաջ էր եկել խզում մարդ-բանականի և բնության զավակի միջև։ Մինչդեռ մարդկային բանականության ձգտումը՝ հաղթել բնությանը, իմաստ ունի այնքանով, որքանով այն հաշվի է առնում մարդու՝ բնության զավակ լինելու իրողությունը։ Այլ կենդանի էակների շարքում առաջինը լինելու փաստը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն՝ ողջ մարդկության համար։ Հակառակ պարագայում բնությանը հաղթելու գործընթացը անխուսափելիորեն վերածվում է մարդ-բանականի կողմից բնության զավակին հաղթելու ինքնասպանությանը։

Այդ պատճառով ներկա թագավարակի և Միջնադարից ու Նոր ժամանակներից հայտնի սարսափելի համաճարակների միջև զուգահեռներն անտեսում են մեզ բաժին ընկած դժբախտության յուրահատկությունը՝ նրանում մեր գիտակցված կամ՝ անգիտակից մասնակցության չափաբաժնի մեծությունը։ Ու թեև մեզ բաժին ընկածն արտաքուստ ավելի անվտանգ է թվում, բայց իրականում այն ավելի բարդ է։ Որովհետև եթե նախկինում մարդկանց գիտելիքները չէին բավականացնում՝ պարզ համաճարակների դեմ պայքարելու համար, ապա մեր օրերում բնությունն ինքն է դուրս եկել իրեն ուղղակի տանջամահ անող մարդ-բանականի վերահսկողությունից։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ այդ արդեն իսկ կատարված փաստը մեկնաբանողներն այսօր բաժանվում են երկու բանակների, որոնցից մեկը համավարակի մեջ ողջ մարդկության դեմ ուղղված դավադիր համաձայնություն է փնտրում, իսկ մյուսը հակվում է սոսկ տեղի ունեցողի անխուսափելիության արձանագրմանը։ Սակայն քանի որ երկու տեսակետն էլ անվերապահորեն ընդունում է բնության ներկա վենդետայի համար միանգմայն առարկայական հիմքերի առկայության փաստը, որքան էլ դա տարօրինակ է, ստեղծված պայմաններում դավադրության տեսությունը վերածվում է փոքրագույն չարիքի։

Պատճառն ակնհայտ է. եթե մարդկանց ինչ-որ խումբ կամ որևէ ազդեցիկ ուժ սրանով փորձում է կասեցնել ավելի մեծ չարիքը, որն անխուսափելի է բնության դեմ պայքարը շարունակելով վերջնական ինքնաոչնչացման գնալու պարագայում, ապա նա դիմում է մասնակի զոհերով ուղեկցվող դաժան ցնցաբուժության, ինչը ենթադրում է որոշակի քաղաքական շահերի վրա հիմնված՝ քայլերի հաջորդականություն։ Առավել ևս, որ նման մտահոգության և դրան հաջորդող միանգամայն տեսանելի քայլերի միջև նկատվում է ավելի քան հստակ տրամաբանական կապ։

Սկսենք նրանից, որ այս ամենի մեկնակետը բնության հանդեպ մեծագույն հաղթանակներից մեկի՝ միջուկային զենքի ստեղծման մեջ ներգրավված գիտնականների՝ Երկրորդ աշխարհամարտից հետո հնչեցրած ահազանգերն էին։ Հենց այդ պահին ակնհայտ դարձավ, որ մարդկությունը ստեղծել է մի զենք, որը կարող է ոչնչացնել իրեն։ Ուստի հետպատերազմյան ողջ աշխարհակարգի հիմքում դրվեց ատոմային տերությունների կոնսենսուսի վրա հիմնվող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջնության գաղափարը։ Բայց դրանից հետո էլ կապիտալիզմի զարգացման հիմքում առկա անհամաչափության օրենքը հանգեցրեց նրան, որ երկրների մի մասը նորանոր բնագծեր նվաճեց գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում և ոչ միայն առաջ անցավ իր հակառակորդներից, այլև փաստորեն փլուզեց Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը՝ ՄԱԿ-ն ու նրա ԱԽ-ն դարձնելով ծաղրանքի առարկա։ Բնական է, որ այդ խելահեղ մրցավազքի ընթացքում գտնվեցին մարդկությանը ոչնչացնելու այլ միջոցներ, որոնց կիրառման պարագայում հաճախ անհնար է որոշել, թե ով կատարեց հանցավոր քայլը։ Ուստի գալու էր այն պահը, երբ աշխարհին տիրելու համար չափից ավելի վտանգավոր ատոմային զենքի փոխարեն պետք է գործադրվեին ավելի մեղմ, բայց ավելի էֆեկտիվ զինատեսակներ։

Ուստի ներկայումս, հայտնվելով ռուս դասական գրականության կողմից ժամանակին առաջադրված «ո՞վ է մեղավորը» հարցի շուրջ ծավալվող գլոբալ դիսկուրսի առջև, մենք ուղղակի կարկամում ենք։ Մի կողմից ակնհայտ է, որ ներկա համավարակի տարածման աղբյուրը Չինաստանի Ուհան քաղաքի նշանավոր լաբորատորիայում էր, իսկ մյուս կողմից բազմաթիվ փաստերի համադրումից պարզվում է այն իրողությունը, որ կորոնա կոչվող բացիլը վաղուց արդեն գոյություն ուներ ոչ միայն ամերիկյան լաբորատորիաներում, այլև զինապահեստներում։ Բայց ողջ խնդիրն այն է, որ տվյալ պարագայում կորոնան պարզ կրողի դեր է խաղացել այս համավարակի համար։ Փորձ է արվել նրա թուլացված տարատեսակի մեջ ներբերել ՍՊԻԴ-ի հակամարմինների շղթան ու մի քիչ էլ՝ մալարիայի բացիլներ։ Ընդ որում՝ փորձն արել են չինացիները՝ ամերիկյան ֆինանսավորմամբ, իսկ թե դրա արդյունքը ո՞նց է «փախել» հզոր պահպանության համակարգ ունեցող Ուհանի գերժամանակակից լաբորատորիայից՝ սատանային է միայն հայտնի։ Դե արի՜ ու պարզի՜ր ճշմարտությունը, որը բախվում է գերտերությունների շահերից բխող՝ տեղեկատվությունը թաքցնելու իրողությանը։ Այս պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ միջպետական հարաբերությունների հարթության վրա հնարավոր չէ բացահատել կոնկրետ մեղավորներին։

Սակայն կրիմինալիստիկա գիտության առաջադրած «ամեն մի հանցագործություն թողնում է որոշակի հետքեր» բանաձևի հիման վրա, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել «ո՞ւմ է ձեռնտու» հարցի պատասխանը։ Բայց ինչպե՞ս. ի վերջո ոչ ոք չի կարող հերքել, որ կորոնա համավարակի տարածման պատճառով Չինաստանի տնտեսությունը ստացել է վերջին քառասնամյակի ամենածանր հարվածը, իսկ Միացյալ Նահանգներն ուղղակի աղետի մեջ է հայտնվել, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների վրա։ Ու քանի որ գլոբալ խաղացողները հենց իրենք են տուժել, դժվար չէ առաջին պլան դուրս բերել «փնթիության» կամ «պատահականության» վարկածը՝ դրանից բխող գլոբալ դիսկուրսի ողջ իռացիոնալությամբ հանդերձ։

Թվում է, թե «ո՞վ է մեղավորը» հարցի փոխարկումը «ո՞ւմ է ձեռնտու» հարցադրման փակուղի է տանում քննությունը, բայց նման տպավորությունը հետխորհրդային շրջանում մեզ թելադրվող մտածողության հիմնային սխալի արդյունքն է։ Սրանով գլոբալ մակարդակի վրա ծավալվող դիմակայությունը գնահատվում է միջպետական հարաբերություններին բնորոշ՝ աշխարհի միաբևեռության, երկբևեռության կամ բազմաբևեռության մասին հնացած ու խիստ կաղապարված հղացքների միջոցով, որոնք լայն տարածում են գտել արդի Ռուսաստանում։ Դրանք իրականում հետարդիականության դարաշրջանում, մասնավորապես՝ վերջին քսանամյակում, գլոբալ մակարդակով կատարված տեղաշարժերի խիստ մակերեսային ու ակնհայտորեն տենդենցիոզ գնահատման արդյունք են։

Միջպետական հարաբերությունների ասպարեզում աշխարհն այսօր էլ միաբևեռ է, բայց հետարդիականությունն իր ճշգրտումներն է մտցրել նաև այդ ասպարեզում։ Իրականությունն այն է, որ առնվազն 2001-2003 թվականներից հետո, երբ ամերիկացիները ողջ աշխարհին կանգնեցրին միջազգային տեռորիզմի խրտվիլակի առջև, բայց դրա դեմ պայքարի խնդիրը փոխակերպվեց բնապահպանական և այլ համամոլորակային սպառնալիքների առարկայացման գործընթացի, գլոբալ մակարդակով տեղի էր ունենում ոչ թե ուժի նոր բևեռների բյուրեղացումը, այլ դրանց սերտաճումը։ Արձանագրվում էր աշխատանքի համաշխարհային բաժանում հարուստ ԱՄՆ-ի, դեռևս աղքատ, բայց արագորեն հարստացող Չինաստանի և մասամբ էլ էներգակիրների արտահանմամբ զբաղվող հիմնական երկրների միջև, որոնք, սակայն, վերածվել էին երկրորդ պլանի խաղացողների։ Իսկ ահա առաջին պլանում ձևավորվել էր միմյանց սերտաճած ամերիկա-չինական տնտեսական դուետը, որն աստիճանաբար եռապետության վերածվելու միտումներ էր դրսևորում։ Որովհետև նման գործընթացում աստիճանաբար ինքնուրույն խաղացողի վերածված միջազգային, առաջին հերթին ֆինանսա-տնտեսական կառույցներն ակնհայտորեն վերածվում էին ինքնաբավ ուժերի։ Նրանք էին ցեմենտում առաջին երկուսի սերտաճումը. Վաշինգտոնը պարզապես թուղթ էր տպում, որը ՄՖԿ-ների միջոցով փոխանցվում էր Պեկինին, իսկ նա էլ իր էժան աշխատուժով պատճենում էր արագորեն հնացող արևմտյան «նոու հաու»-ն։ Գիտատեխնոլոգիական զարգացման մակարդակով ԱՄՆ-ին բավականին զիջող Չինաստանը իրականում ոչ թե հակադրվում, այլ սպասարկում էր նրան։ Ուստի նման սերտաճման հետևանքով տեղի էր ունենում համաշխարհային ֆինանսա-տնտեսական օլիգարխիայի ձևավորումն ու հզորացումը, որն իր հսկայական միջոցները ներդնում էր համաշխարհային կամ միջազգային ցանցերի ձևավորման և դրանցով ողջ աշխարհը պատելու կամ ուղղակի «ցանկապատելու» գործի մեջ։ Արտադրական կապիտալի փոխարկումը համաշխարհային ֆինանսա-տնտեսական օլիգարխիայի թուլացնում էր նրա կապը նույնիսկ իր հիմնական խանձարուր ԱՄՆ-ի ազգային շահերի հետ։ Ողջ աշխարհն իր հայրենիքը համարող միջազգայնականության նորագույն տարատեսակի՝ գլոբալիզմի կայացման համար անհրաժեշտ հզոր տնտեսական հիմքի ձևավորումն աստիճանաբար պայմաններ էր ստեղծում նաև նրա քաղաքական դեմքի հստակեցման համար։ Իսկ դա իր հերթին առաջ էր բերում համամոլորակային չափանիշներով մտածելու և գործելու ցանկություն, որը դրսևորվում էր կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսություն, բնապահպանություն, մշակույթ, բժշկություն, սպորտ և այլն։

Այս բնագավառներից յուրաքանչյուրում ձևավորվում էր «միջազգային» անունը կրող մեկ կամ մի քանի կառույց, որն իրականում աստիճանաբար ստանձնում էր տվյալ ոլորտի համաշխարհային կառավարության գործառույթը։ Արտաքուստ ոմանց այս ամենը թվում էր սոսկ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «մութ դավադրությունների» արդյունք, բայց երբ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից աջակցություն ստացող միջազգայնականությունը պարտություն կրեց իր իսկ խանձարուրում՝ Միացյալ Նահանգներում, ստեղծվեց մի իրավիճակ, երբ գլոբալիստներն իսկապես որ մնացին առանց հայրենիքի։ Ուստի անցած տարիներին նրանք ամեն ինչ արեցին ամերիկյան ազգային կապիտալի շահերն արտահայտող Դոնալդ Թրամփից ազատվելու համար, բայց ոչ միայն ձախողվեցին, այլև հստակ հասկացան, որ եթե այսպես շարունակվի, ապա 2020 թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում նույնպես կպարտվեն…

Բայց դա դեռ ամենը չէր, քանի որ Դ. Թրամփի առաջադրած՝ «Make America great again» կարգախոսը նշանակում էր, որ քանդվելու էր նաև գլոբլիստների ֆինանսական հզորության հիմքը, քանի որ դոլար տպող մեքենան պտտվելու էր ոչ թե միջազգային ֆինանսական կառույցների, իսկ նրանցից էլ՝ Չինաստանի և այլ էժան ապրանք պատճենողների, այլ հենց իրենց՝ ամերիկացիների գրպաններում։
Այստեղից դժվար չէ եզրակացնել, որ թեև միջպետական հարաբերությունների հարթության վրա հնարավոր չէ պարզել, թե ում է ձեռնտու ներկա համաճարակը, բայց գլոբալ մակարդակում վերջին քսանամյակում ձևավորված իրական ուժերի ռեալ հարաբերակցության ու մանավանդ առաջիկա մեկ տարվա քաղաքական զարգացումների համապատկերի հիման վրա կարելի է գալ ձևական տրամաբանությունից մակածվող միանգամայն հստակ եզրահանգման, որը թեև կոնկրետ մեղադրանք չէ, բայց գոյության իրավունք ունի։ Դա հաստատվում է նաև այն իրողությամբ, որ ԱՄՆ նախագահն ինքը այսօր փաստորեն չի էլ թաքցնում, որ «իր գլխին սարքել են», ուստիև համավարակի առաջին քաղաքական զոհը հենց ինքն է լինելու։ Նման եզրահանգումը գոյության իրավունք ունի մի երկրում, որի նախագահը համավարակի պատճառով աշխատանքը կորցրած ամերիկացիներին մղում է դեպի փողոցներ, դեպի սահմանափակումների դեմ պայքար։ Ավելին՝ Դ. Թրամփը, ընդհատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, նրա դեմ հետաքննություն է սկսում՝ անթաքույց կերպով ակնարկելով չինացիների հետ վերջինիս գործակցությունը։ Ստացվում է կատարյալ զավեշտ՝ հզոր ԱՄՆ-ի հզոր նախագահը չի տիրապետում իր ղեկավարած երկրում տեղի ունեցողին, էլ չենք խոսում ողջ աշխարհի մասին։ Բայց այդ դեպքում փորձենք գուշակել, թե ով է ղեկավարում աշխարհը՝ համաշխարհային կառավարության ստեղծման առաջարկով հանդես եկող Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաո՞ւնը, թագավարակից մի կերպ բուժվող գործող վարչապետ Բորիս Ջոնսո՞նը, Արժույթի միջազգային հիմնադրա՞մը, Համաշխարհային բա՞նկը, ողջ աշխարհը ֆեյսբուքի մեջ մտցրած Մարկ Ցուկերբե՞րգը, թե՞ թագավարակով դեռևս չհիվանդացած թագուհին։

Բայց առողջություն մաղթելով թագուհուն, չշտապենք ենթադրությունների մեջ ընկնել, քանզի «ո՞ւմ է ձեռնտու»-ի մեխանիկական ընկալումից առաջ եկող «ո՞վ է ղեկավարում աշխարհը» հարցադրումը նույնպես չի դիմանում որևէ տրամաբանական քննության։ Որովհետև եթե գոյություն ունենար նման գործուն համակարգ, այլ ոչ թե դրան հավակնող տարաբնույթ կառույցներ, ապա չէր ստեղծվի ներկա իրավիճակը։ Ավելին, եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ ինչ որ մեկը սադրել է այս ամենը, ապա նա նույնպես կորցրել է իրավիճակի վերահսկողությունը։ Իսկ դա չպետք է բացառել, քանի որ իրենց փողազրկելու մտադրություն ունեցող Դ. Թրամփին շարքից հանելու հարցում չինացիների ու գլոբալիստների շահերը համընկնում էին, ուստի կարելի է ենթադրել, որ CoV-2 բացիլը թուլացվելով ու համեմվելով ՍՊԻԴ-ի ու մալարիայի ներբերված շղթաներով՝ վերածվեց Covid-19 համավարակի հարուցիչի և «անհայտ հանգմանքներում» այդ «ջինը» դուրս թռավ Ուհանի լաբորատորիայից։ Բայց այլևս ի՞նչ է փոխվում նրանից՝ պարզ սխալ է տեղի ունեցածը, թե՞ որոշակի միտումի արդյունք։ Որովհետև այլևս հնարվոր չէ խնդրել այդ արհեստածին-հիբրիդային գոյացությանը, որպեսզի հետ վերադառնա Ուհանի լաբորատորիա, քանի որ նա բանականություն չունի։

Անշուշտ, Դ. Թրամփը կարող է հետաձգել ընտրություները, կարող է դատ բացել չինացիների դեմ, բայց չի կարող շրջանցել գլոբալիզացիայի արդյունքում օբյեկտիվորեն ձևավորված և մեր դռները բախող պահանջմունքը՝ բնության ու նրա ծնունդ մարդու հարաբերությունների հստակեցման խնդիրը։ Գլոբալիզացիան ի ցույց դնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված կառույցների և աշխատակարգերի անզորությունը, դեռևս բանականությունը պահպանած մարդկությանը մղում է այդ միանգամայն օբյեկտիվ գործընթացի արդյունքների հաշվառմանը։ Բուն խնդիրը բնության ու մարդու հարաբերությունների ռացիոնալ համակարգի չգոյության մեջ է, որը գլոբալացած աշխահում հնարավոր չէ լուծել ռեգիոնալիզմի դեղատոմսերի միջոցով։ Քանզի նման պայմաններում դժվար չէ առաջ եկած դատարկությունը լցնել նորանոր համավարակներով՝ դրանք դարձնելով աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիքներ։ Գլոբալիստները, սոսկ օբյեկտիվորեն առկա պահանջարկը վերածել են կոնկրետ առաջարկների՝ իրենք ևս կանգնելով գոյություն ունեցող աշխարհակարգի ստեղծած փակուղու առջև։

Պատճառն ակնհայտ է. բնության ու մարդու հարաբերությունների հստակեցման առաջադրանքը քաղաքականացվելու միջոցով բախվել է իբր թե՝ ազգային շահի գերակայության վրա հիմնվող այն աշխահակարգին, որն իրականում սպասարկում է աշխարհն աղտոտող մի քանի ռեգիոնալիստների հավակնությունները։ Որովհետև Երկիր մոլորակի և նրա մի մասի շահերի միջև հարմոնիայի ապահովման համար բացակայում է ընդհանուր կամքի կենտրոնը։ Արկտիկայի սառույցներից զրկվող սպիտակ արջերը՝ որքան էլ նրանք հզոր կենդանիներ լինեն, չեն կարող լուծել այս առաջադրանքը։ Միայն մարդ- բանականը կարող է հաղթահարել ինքն՝ իրեն։ Ուստի նրա զույգ էությունների հաշտեցմանը տանող ներկա քաոսի մեջ փնտրելով միտումի ու պատահականության հակադրությունը, մենք զբաղվում ենք հավի ու ձվի առաջնությունը պարզելով։ Մարդ – բանականը կարող է հաղթել բնության զավակին այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքի տակ չի դրել սեփական բնությունը, որ նույնն է թե՝ գոյությունը։ Իսկ յուրաքանչյուր կոնկրետ ազգի շահը նախ և առաջ հիմնվում է ի՛ր զավակների համար գոյության երաշխավորված ապագա ապահովելու նպատակադրումի վրա։ Դա վկայում է այն մասին, որ.

Առաջին՝ քանի որ Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված համակարգերի բացարձակ անզորության պայմաններում օբյեկտիվորեն առաջ եկած բնության ու մարդու հարաբերությունների հստակեցման խնդիրը կարգավորելու բոլոր առաջարկներն ու փորձերը անցած տասնամյակներում անլուծելի հակասության՝ կոլիզիայի մեջ էին հայտնվել ազգ-պետությունների սուվերեն կամքի տակ թաքնվող ռեգիոնալիզմի հետ, կապիտալիզմի թռիչքաձև զարգացման օրենքի առկայության պայմաններում ստեղծել էր մի այնպիսի բարդ թնջուկ, որը վաղ թե ուշ պայթելու էր։

Երկրորդ՝ քանի որ գիտության ու տեխնիկայի թռիչքաձև զարգացման հետևանքով գլոբալիզացիան վաղուց արդեն հաղթել է որպես գործընթաց, մեր կամքից անկախ գլոբալ դարձած աշխարհի միասնական բիոսֆերան ու էկոսֆերան չեն կարող երկար գոյատևել ազգ-պետությունների սուվերեն կամքի նենգափոխման և կապիտալիզմի թռիչքաձև զարգացման օրենքի առկայության պայմաններում, քանի որ այդ կամքի վրա հիմնվող գիտության նվաճումների չարաշահումն ու ազգային արդյունաբերության քանակական աճը հանգեցնում են բացասական հետևանքների այնպիսի կրիտիկական զանգվածի կուտակմանը, որն արդեն սպառնում է ողջ Երկիր մոլորակի գոյությանը։

Երրորդ՝ քանի որ գլոբալիզացիան որպես գործընթաց ուժեղացնում է ռեգիոնալիստների դիմադրությունը, ստեղծելով արհեստական հակադրություն՝ համամոլորակային խնդիրների և իրենց սուվերեն կամքով աշխարհի միասնական բիոսֆերան ու էկոսֆերան ոչնչացնող երկրների ու կառույցների միջև, ներկա թագավարակի նման աղետները հնարավոր է հաղթահարել ոչ թե համաշխարհային կառավարության ձևավորման, կամ՝ աշխարհի նոր ռեգիոնալացման միջոցով, այլ Երկիր մոլորակի կոլեկտիվ ղեկավարման այնպիսի գործընթաց-կառույցի ստեղծումով, որը փոխհամաձայնեցված, բայց պարտադիր որոշումներով ու քայլերով սահմանափակում է պետությունների սուվերեն կամքը՝ բնապահպանական, առողջապահական, ընկերային և այլ ոլորտներում իրականացվող հումանիտար նախաձեռնություններով, որոնք վաղուց արդեն մշակվել են ոչ թե գլոբալիստների կամ՝ ռեգիոնալիստների, այլ միջազգային սոցիալիստական շարժման կողմից։

Հ. Գ.
Ներկա վերլուծականի շարունակությունը՝ թագավարակի հետևանքով մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների քննությունը, կներկայացվի «Վէմ»-ի առաջիկա համարում։

Գեւորգ Խուդինյան