կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 22:31
Տնտեսական

Գյուղատնտեսության աճի գաղտնիքը բացահայտված է

Գյուղատնտեսության աճի գաղտնիքը բացահայտված է

Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակչության հետ երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղացիներին սովորեցրել է կով կթելու ճիշտ ձևը:

«Հարգելի' գյուղացիներ, օրինակ, դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել… Սրանք տարրական կանոններ են»,- ասել է նա` ըստ էության վերջապես բացահայտելով, թե որն է Հայաստանում գյուղատնտեսության և մասնավորապես՝ անասնապահության անկման իրական պատճառը:

Եթե հայ գյուղացիները պահպանեն վարչապետի սովորեցրած հիգիենայի տարրական կանոնները, ճիշտ ձևով կթեն և խնամեն ու փայփայեն կովերի կրծքերը, հայրենական կաթնատվությունը կտրուկ կբարձրանա, ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռն էլ կավելանա, ու հնարավոր կլինի ապահովել նախագահի նախանշած տնտեսական աճը:

Իսկ մինչև հիմա խեղճ գյուղացիները կարծում էին, թե անասնապահության և կաթի արտադրության անկման պատճառը իրացման սահմանափակ շուկան է, ցածր գինը, որի թելադրողը ոչ թե արտադրողն է, այլ վերամշակող ընկերությունները: Եվ փառք Աստծո, որ կաթնատվության ոլորտում այնպիսի գիտակ մասնագետ կա, ինչպիսին վարչապետն է, որը, ստանձնելով գյուղական զոոտեխնիկի գործառույթները, վերջապես լուսավորեց կեղտում կորած ու հիգիենայից բան չհասկացող գյուղացիների ուղեղները:

Ավանցի գյուղացիները պարզապես չեն օգտագործել ստեղծած հարմար առիթը` նաև իրենց մտահոգող այլ հարցերի պատասխանները վարչապետից ստանալու համար: Թերևս այդ բացը կլրացնեն այն գյուղերի բնակիչները, որտեղ գործադիրի ղեկավարը, անտարակույս, նախագահի հանձնարարականը կատարելով, կայցելի: Օրինակ` նրանք կարող են վարչապետից իմանալ, թե ինչպես կարելի է սեփական գոմերում ավելի բարձր որակի գոմաղբ ստանալ և բարձրորակ գոմաղբի ինչ չափաքանակ կբավականացնի, ասենք, մեկ հեկտար խոպան դարձած հողատարածք հարստացնելու և այնտեղ ցանքս կատարելու համար:

Գուցե հարցնելու կարիք էլ չլինի. վարչապետը կարող է նրանցից առաջ ընկնել և անձամբ խորհրդատվություն անցկացնել` հաշվի առնելով գյուղացիներին անհրաժեշտ քանակի ու մատչելի պայմաններով պարարտանյութով ապահովելու՝ կառավարության անկարողությունը և այդ մասին գյուղացիների կողմից հնարավոր հարցադրումները կանխելու անհրաժեշտությունը: Կամ էլ նրանից հետաքրքրվեն` որտեղի՞ց կարող են իրենց օդ ու ջրի պես անհրաժեշտ գյուղտեխնիկա, օրինակ՝ տրակտորներ գտնել, թեկուզ չինական արտադրության, ասենք, մոտավորապես նրանից, ինչ 2009-ին ցուցադրվեց մարզահամերգային համալիրում կազմակերպված Panarmenian Expo-2009 ցուցահանդեսում, և որը վարելիս վարչապետը նույնիսկ վթարի ենթարկվեց:

Գյուղացիներին հետաքրքրող հարցերը շատ են, վարչապետի ժամանակը, ցավոք, քիչ… գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվում են, նախագահն էլ հրահանգել է մինչև մայիս-հունիս իրական արդյունքներ ապահովել: Բայց գյուղացիները, թերևս, հուսով են, որ վարչապետը լավ է ծանոթացել Համաշխարհային բանկի ուսումնասիրություններին և, հիգիենայի կանոններին ծանոթացնելուց բացի, իրենց նաև այլ օգտակար խորհուրդներ կտա:

Ա.Գ.